Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ազատության խոսք, հույսի դիմանկարներ

December 15, 2017

Խաղաղասիրություն | Կոնֆլիկտների խաղաղ կարգավորում | Մեկուսացված հասարակությունների միջև փոխվստահության և երկխոսության զարգացում | Նորություններ

 

Ազատության խոսքն էր հնչում Վանաձորի «Ջազ» սրճարանում երեկ երեկոյան՝ 2017թ.-ի դեկտեմբերի 14-ին: Գեղեցիկ թատերախաղի միջոցով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում Եվրոպական կամավորական ծառայության (ԵԿԾ) կամավոր Էվա Յաշկովան անդրադարձավ կարծիքի ազատության և ազատ արտահայտվելու իրավունքին՝ համադրելով բանտարկված գրողների՝ Թալ Ալ-Մալլուհիի (Սիրիա), Ֆարաջ Ահմադ Բիրքդարի (Սիրիա) և Սեպիդեհ Ջոդեյրիի (Իրան) տեքստերը Ջեկ Լոնդոնի հանրահայտ «Ջսպաշապիկը» վեպից հատվածների հետ և ստեղծելով  ակնառու ներկայացում, որի նպատակն էր բարձրացնել խղճի բանտարկյալների խնդրի վերաբերյալ իրազեկվածությունը: Թատերախաղը ներկայացրին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի ուսանողներ Հրաչուհի Լոռեցյանն ու Սյուզի Հախոյանը:

 

Իրենց կարծիքը բարձրաձայնող և խոսքի ազատության ճնշմանը դիմակայող գրողների և լրագրողների անհիմն բանտարկումը կամ նրանց նկատմամբ հալածանքը մարդու իրավունքների խախտման տարածված ձև  է: Այս է պատճառը, որ թատերախաղին հաջորդեց հրավերը՝ նամակներ գրելու՝ ի պաշտպանություն այս տարվա համար ընտրված բանտարկված գրողների: Հանդիսատեսը կարողացավ կարդալ PEN միջազգային կազմակերպության Բանտարկված գրողների հանձնաժողովի կողմից ընտրված հինգ դեպքերի մասին և նամակներ գրել՝ ի պաշտպանություն այդ բանտարկյալների:

 

Ահա այն բանտարկյալների անունները, որոնց կարելի էր սատարել նամակներով՝

 

  • Սեզարիո Ալեխանդրո Ֆելիքս Պադիլլա Ֆիգերոա – Հոնդուրաս
  • Նգույեն Նգոկ Նհու Քույնհ – Վիետնամ
  • Ռամոն Էսոնո Էբալե, նույն ինքը՝ Խամոն ի Կեսո – Հասարակածային Գվինեա
  • Ռազան Զայտունե – Սիրիա
  • Զեհրա Դոգան - Թուրքիա

 

Քանի որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը այժմ գրքերի հավաքագրում է անցկացնում՝ Հայաստանում քրեակատարողական հիմնարկների գրադարանններում օտար լեզուներով գրքերը համալրելու համար, գրքերի հավաքագրման արկղ էր տեղադրվել: Այցելուները նաև կարող էին գրքեր բերել՝ գրքերի հավաքագրման և դրա օգնությամբ քրեակատարողական հիմնարկների գրադարանների գրապաշարն ընդլայնելու նպատակով:

 

Ի հավելումն թատերախաղի՝ երեկոյան մեկնարկեց նաև Էվա Յաշկովայի հեղինակած դիմանկարների ցուցահանդեսը՝ անհայտ կորածների թեմայով, որն այժմ Հայաստանում ամենահրատապ խնդիրներից մեկն է: Ղարաբաղյան հակամարտության պատճառով անհայտ կորած զինվորների թիվը մեծ է, և նրանց ընտանիքները տառապում են տարակուսանք առաջացնող այս կորստից: Չիմանալով, թե արդյոք իրենց սիրելիները դեռ կենդանի են, թե՝ արդեն մահացած, նրանք չեն կարողանում սգալ, ինչպես հարկն է, և անընդհատ սպասում են՝ առանց պատասխան ստանալու: Մինչև օրս այս խնդրի վերաբերյալ չկա ընդունված օրենք, որը կբարելավեր տուժածների իրավիճակը և օգնություն կցուցաբերեր ընտանիքներին:

 

Ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 2015 թ.-ի տվյալների՝ Կազմակերպության՝ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի գրասենյակներում հաշվառվել են 4496 անհայտ կորած անձինք, որոնցից 405-ը՝ Հայաստանից, 372-ը՝ Լեռնային Ղարաբաղից:

 

Ըստ պաշտոնական տվյալների՝ 1988-2005 թթ. Հայաստանից անհայտ կորած է համարվում 437, իսկ ԼՂՀ-ից՝ 723 անձ:

 

Անհայտ կորածների և նրանց ընտանիքների խնդիրները լուծելու նպատակով ավելի քան 10 տարի առաջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նախաձեռնեց «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը: Այն իրավասու պետական կառույցների ուշադրությանն արժանացավ միայն 2010 թ.-ին: ՀՀ Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ մի շարք պետական կառույցների, Մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև Միջազգային կարմիր խաչի կոմիտեի և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ սկսվեցին օրենքի նախագծի մշակման աշխատանքները: 2011 թ. ապրիլին դրանք արդեն ավարտվել էին, սակայն ՀՀ Ազգային Ժողովում օրենքի նախագծի վերջնական ներկայացման ուղղությամբ որևէ առաջընթաց չկա:

 

ՀՀ Արդարադատության նախարարությունը 2015 թ.-ի օգոստոսի 4-ի գրությամբ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցմանն ի պատասխան, օրենքի նախագծի ընդունումը համարել է ոչ հրատապ:

 

Իր վեց գերող նկարներով Էվա Յաշկովան կարողացավ ոչ միայն արտահայտել տուժած ընտանիքների զգացմունքներն ու ապրած դժվարությունները, այլ նաև հույս ներշնչեց նրանց՝ պատկերելով, թե ինչպիսին կլինի կյանքը, երբ խաղաղությունը վերջապես հաստատվի նրանց տներում:

 

Նկարները ևս մի քանի օր կցուցադրվեն «Ջազ» սրճարանում, և ցանկացողները դեռ հնարավորություն ունեն այցելելու ցուցահանդես:

 

 

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում ԵԿԾ կամավոր

Փիա Ուինթեր

Դիտումներ՝ 2024

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????