Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Միայն տուժողի ցուցմունքով գողության մեջ մեղադրվող Հովիկ Մատինյանի գործով վկաները դատարանում պնդեցին, որ գողության օրը նա մորեղբոր տանը քնած է եղել

November 7, 2018

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հովիկ Մատինյան | Նորություններ

2018 թ. նոյեմբերի 3-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հարցաքննեց մեկ ցուցմունքով գողության մեջ մեղադրվող Հովիկ Մատինյանի գործով վկաներին:

 

Նրանք դատարան են հրավիրվել Հ. Մատինյանի պաշտպաններ, հանրային պաշտպան Արշակ Մկոյանի և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի միջնորդությամբ:

 

Հիշեցնենք՝ 2017 թ. հոկտեմբերին ՌԴ-ից Գյուլագարակ գյուղում հյուրընկալված Հ. Մատինյանին 700.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերի գողության մեջ մեղադրել է գյուղի մեկ այլ բնակիչ՝ Ա. Մատինյանը: Ընդ որում՝ նա գողություն անողին նախ այլ կերպ է նկարագրել, հետո փոխել է ցուցմունքը՝ պատճառաբանելով, թե գողության օրը շփոթված է եղել: 

 

Տուժողի ցուցմունքից բացի՝ քրեական գործում Հովիկ Մատինյանի մեղքն ապացուցող այլ փաստեր չկան: Ամբաստանյալն ու հարազատները պնդում են, որ նա գողության մեջ հանիրավի է մեղադրվում:

 

Նշենք, որ դատարանը մերժում է Հովիկ Մատինյանին կալանքից ազատելու և խափանման այլ միջոց կիրառելու՝ պաշտպանների միջնորդությունները: 2018 թ. հոկտեմբերի 25-ին ևս պաշտպան Արշակ Մկոյանը միջնորդեց փոխել խափանման միջոցը, սակայն կրկին մերժում ստացավ:

 

Հ. Մատինյանի մյուս պաշտպան Անի Չատինյանն արդեն ՀՀ Վերաքննիչ դատարանում բողոքարկել է միջնորդությունը մերժելու մասին դատավոր Ս. Բաղդասարյանի որոշումը:

 

Նա նշել է, որ դատարանի այն պնդումը, թե Հովիկ Մատինյանը ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է փախուստի դիմել, քանի որ ՌԴ քաղաքացի է, խտրական մոտեցում է դատավորի կողմից հատկապես այն դեպքում, երբ ամբաստանյալի անձնագիրը քրեական գործում է: Բացի դրանից՝ դատարանը վկայակոչում է հանցագործության ծանրության աստիճանը, ինչը ինքնին, ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների, չի կարող հիմք լինել կալանքի համար: Այս պահին ավարտված է գործով դատակոչված վկաների հարցաքննությունը, և նրանց վրա ազդելու վտանգ այլևս չկա, թեև նախկինում էլ չեն եղել: Ինչ վերաբերում է պաշտպանական կողմի միջնորդությամբ հրավիրված վկաներին, ապա նրանց վրա ազդելու վտանգի մասին խոսք լինել չի կարող: Դատաքննության ընթացքում հետազոտված ոչ մի ապացույց չի ապացուցել Հովիկին մեղսագրվող արարքը:

 

2018թ. նոյեմբերի 3-ին դատարանը լսեց պաշտպանական կողմի միջնորդությամբ դատակոչված վկաներին: Առաջինը հարցաքննվեց Հովիկ Մատինյանի մորեղբոր կինը՝ Աղունիկ Առաքելյանը, որի տանը գիշերել է Հովիկը հանցագործության կատարման օրը: Նա պնդեց, որ այդ օրը Հովիկը 00:30-ի սահմաններում տուն է եկել (հանցագործությունը կատարվել է 4:00-ի սահմաններում) և վստահեցրեց, որ նա տնից դուրս չի եկել, քանի որ ինքը, դստեր հարսանիքի պատրաստություններով պայմանավորված, գիշերը արթուն է եղել և միայն լուսադեմին է քնել: Կողմերի հարցերին ի պատասխան՝ վկան պատմեց նաև այդ օրվան նախորդող 2 օրերի իրադարձությունների մասին, ներկայացրեց այլ մանրամասներ: Մեղադրող դատախազի առաջարկով թղթի վրա պատկերեց իրենց տան դիրքը, նշեց, թե որ մասում է կայանել Հովիկի մեքենան:

 

Այն, որ Հովիկը հանցագործության կատարման օրը 00:30-ի սահմաններում է տուն եկել, հաստատեց նաև հարևանը, որը ավտոմեքենայի լուսարձակներից ու շան հաչոցից դուրս է եկել համոզվելու, որ ամեն ինչ կարգին է: Նրա կինն էլ իր ցուցմունքում նշեց, որ առավոտյան, երբ գնացել է Հովիկի տատիկի ու մորեղբոր կնոջ հետ սուրճ խմելու, տեսել է, որ Հովիկը քնած է նախասրահում:

 

Հովիկի՝ այդ գիշեր տանը լինելու հանգամանքը հաստատեցին նաև մորեղբայրն ու նրա փեսան, վերջինս  Հովիկի հետ գիշերել է նույն նախասրահում:

 

Վկաները պատասխանեցին կողմերի ու դատարանի հարցերին, ներկայացրին մանրամասներ:

 

Նրանց լսելուց հետո Հովիկ Մատինյանն ու նրա պաշտպանները միջնորդեցին հարցաքննել նաև շտապբուժօգնության բրիգադին, որը դեպքի օրը բուժօգնություն է ցուցաբերել տուժող Անուշ Մատինյանին: Կհարցաքննվեն նաև Գյուլագարակի համայնքապետն ու դպրոցի տնօրենը:

 

Հաջորդ դատական նիստը 2018թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 12:30-ին է:

 

Դիտումներ՝ 1909

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????