0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu
slide1
Կարողությունների զարգացում

«Մարտի 1-ի գործով ապացույցները կեղծելու մեխանիզմի պատկերն ամբողջական կլինի, երբ բացահայտվի, թե ո՛ւմ հրահանգով են այդ կեղծիքները կատարել». իրավապաշտպան

November 6, 2018

Լրատվամիջոցները մեր մասին

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի գործով Հատուկ քննչական ծառայության հայտարարությամբբացահայտվում է քրեական գործ կեղծելու մեխանիզմը: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում իրավապաշտպան Արթուր Սաքունցը: «Այսինքն՝ այն, որ ժողովուրդը բազմիցս կրկնում էր՝ գործ սարքեցին վրես, այդ արտահայտությունն օդից չի վերցվում: Այստեղ ես կարևորում եմ ոչ միայն փորձագետի ու քննչական խմբի ղեկավարի, այլ նաև քրեական գործը հսկող դատախազի գործունեությունը: Վերջին հաշվով, նրա մոտ պետք է հարցեր առաջանային»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:

Նշենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել այս գործով նախկին քննչական խմբի ղեկավարին ու դատաձգաբան-փորձագետին: Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն՝ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վահագն Հարությունյանը 2007-2011 թվականներին, զբաղեցնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, իր վարույթում առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում կազմակերպել է քննչական խմբի կազմում ընդգրկված առանձին քննիչների հետ և ոստիկանության ծառայողների, այդ թվում` փորձագետ Ա. Հ.-ի օժանդակությամբ միասնական դիտավորությամբ ապացույցներ կեղծելը:

Մասնավորապես, պարզվել է, որ ցուցարարների և ոստիկանության միջև բախումների ժամանակ ակտիվ մասնակցություն են ունեցել ՀՀ ՊՆ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ, որոնք հիշյալ դեպքերի ընթացքում գործադրել են հրազեն: Մինչդեռ, ըստ մեղադրանքի, Վահագն Հարությունյանը հիշյալ իրադարձությունների ժամանակ ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու ուղղությամբ աշխատանքներ է իրականացրել: ՀՔԾ-ն մանրամասնում է, թե ինչպե՛ս է գործել կեղծման մեխանիզմը, ինչպե՛ս են զինված ուժերի կողմից կրակված պարկուճները փոխարինվել ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ ի վերջո շատ կարևոր է հասկանալ նաև, թե ո՛րն է եղել կեղծելու շարժառիթը, ումի՞ց է եկել այդ հրահանգը: «Այսինքն՝ ապացույցները կեղծելու այդ մեխանիզմը բացահայտելը գործի մի մասն է: Պատկերն ամբողջական կլինի, երբ կբացահայտվի, թե ո՛ւմ հրահանգով են այդ կեղծիքները կատարել, ո՛վ է եղել հրահանգ տվողը և ի՛նչ շահագրգռություն է ունեցել»,- ասում է Սաքունցը: Նրա խոսքով՝ քանի որ Մարտի մեկի գործը քաղաքական նպատակ է հետապնդել, ենթադրվում է, թե ո՛վ կարող էր քաղաքական նպատակներ հետապնդել:

Այս բացահայտումն ի ցույց է դնում այն մեխանիզմը, թե քաղաքական իշխանությունն ինչպես է որակազրկում, այլասերում իրավապահ մարմինը: «Սա փաստում է, որ ըստ նպատակահարմարության են մոտեցել քրեական գործին: Միաժամանակ, մենք տեսնում ենք, թե ինչպես կարող է քաղաքական նպատակահարմարությունը ոչնչացնել օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննության այդ ինստիտուտը: Այս փաստերից, որոնք այս պահին արձանագրվել են, շատ կարևոր է դասեր քաղել, որ Հայաստանում երբևէ քաղաքական հրահանգով քրեական գործեր չլինեն: Սա նաև նշանակում է, որ քննչական մարմինները պետք է ամբողջությամբ անկախ լինեն քաղաքական իշխանությունից, ինչի մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք»,- նշեց նա:

Արթուր Սաքունցի խոսքով՝ սա նշանակում է, որ նոր Ազգային ժողովն իրապես լուրջ անելիքներ ունի սահմանադրական և օրենսդրական դաշտում ապահովելու համար քննչական մարմինների անկախությունը քաղաքական մարմիններից: 
Հարցին, թե այս բացահայտումը կարո՞ղ է նոր լույս սփռել Մարտի մեկի գործի բացահայտման վրա, Սաքունցն ասում է, որ սա դեռ սկիզբն է:

«Մենք այս գործով ունեինք 100-ից ավելի բանտարկյալներ, որոնց մեղադրում էին ինչ-ինչ հանցագործություններ կատարելու մեջ: Ապացույցների մի խմբի կեղծումը պայմանավորված է եղել հենց կեղծ ցուցմունքներով: Այսինքն՝ մենք գործ ունենք նաև այն խնդրի հետ, որ ցուցմունք տվողները, որոնք ապացուցողական նշանակություն ունեն այդ իրադարձությունների համար, պետք է քաջություն ունենան և խոստովանեն: Իհարկե, այստեղ պետք է լինի մյուս երաշխիքը, որ քննությանն աջակցությունը պետք է մարդկանց համար երաշխիք լինի՝ կեղծ ցուցմունք տալու հիմքով քրեական հետապնդման չենթակվելու համար: Կամ, կախված ծանրության աստիճանից, ավելի մեղմ մոտենալու երաշխիքներ պետք է տրվեն մարդկանց»,- հավելում է իրավապաշտպանը:

 

medialab.am

Դիտումներ՝ 87

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը