Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է զորակոչիկների և զինծառայողների իրավունքների վերաբերյալ իրազեկման դասընթացները մարզերում

October 4, 2018

Գործունեություն | Կարողությունների զարգացում | Մարդու իրավունքների ուսուցում զորակոչիկների համար | Նորություններ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հերթական դասընթացների շարքն իրականացրեց ՀՀ-ում հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների և զինառայողների իրավունքների վերաբերյալ։

 

Սեպտեմբերի 28-ին եւ 29-ին դասընթացներն անցկացվեցին Լոռու եւ Արագածոտնի մարզերի տարբեր քաղաքային եւ գյուղական համայնքների (Վանաձոր, Սպիտակ, Արջահովիտ, Դսեղ, Ուռուտ, Ագարակ, Փոքր Այրում, Լոռի-Բերդ, Մարգահովիտ, Աշտարակ, Արտենի, Թալին, Վերին Սասնաշեն, Արուճ, Մաստարա) նախազորակոչային տարիքի անձանց, զորակոչիկների, զինծառայողների, նրանց հարազատների և հետաքրքրված անձանց համար։ Դասընթացներին մասնակցում էին շուրջ 60 հոգի։

 

 

Դասընթացներին մասնավորապես ներկայացվեց նախազորակոչային տարիքի անձանց զինվորական հաշվառման ընթացակարգերի, զորակոչի ընթացքում զորակոչիկների և զինծառայության ընթացքում զինծառայողների իրավունքների և պարտականությունների մասին տեղեկատվություն։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը մանրամասնեց բժշկական հետազոտությունների ընթացքում նախազորակոչիկների, զորակոչիկների, զինծառայողների իրավունքները, զինվորական ծառայության տեսակները, զինծառայողներին տրամադրվող արձակուրդների տեսակները, դրանց տրամադրման կարգերը, ժամկետները, խրախուսանքները և կարգապահական տույժերը։ Բացի դրանից՝ մասնակիցներին ներկայացվեցին նաեւ վերջին օրենսդրական փոփոխությունները, ինչպես նաեւ՝ պրակտիկայում տարածված խնդիրները եւ խոչընդոտները:

 

Դասընթացի ընթացքում քննարկում ծավալվեց պարտադիր զինվորական ծառայությունից օրենքով սահմանված կարգով տարկետման և ազատման հիմքերի, ինչպես նաև այլընտրանքային զինվորական և աշխատանքային ծառայության անցնելու հնարավորությունների մասին։ Դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց խնդիրները, որոնց վերաբերյալ Կազմակերպության համապատասխան աշխատակիցների կողմից տրամադրվեց բանավոր իրավական աջակցություն:

 

Նրանք ներկայացրեցին խնդիրներ, որոնց հետ առնչվում են, եւ դրանք հիմնականում վերաբերում էին առողջական խնդիրներ ունենալու դեպքում ոչ համալիր բժշկական զննությանը, ոչ պատշաճ եւ ոչ որակյալ բժշկական միջոցառումների իրականացմանը: Զինծառայողների ծնողները, որոնք օրենքով սահմանված կարգով կարող են օգտվել անվճար բժշկական ծառայություններից, իրենց դժգոհությունը եւ մտահոգությունը հայտնեցին այդ ծառայությունների մատչելիության եւ որակի մասին:

 

 

Անդրադարձ կատարվեց նաև սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների վերաբերյալ օրենքի դրույթներին։

 

Ծրագրի իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը դասընթացների  մասնակիցներին ներկայացրեց ծառայությանը պիտանիության վերաբերյալ որոշումների բողոքարկման մեխանիզմները, ինչպես նաև այդ ոլորտում կազմակերպության պրակտիկ գործունեությունը, առկա խնդիրները և դրանց հաղթահարման միջոցները։  

 

Հաջորդ դասընթացները տեղի կունենան 2018 թ.-ի հոկտեմբերի 6-ին՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, հոկտեմբերի 13-ին՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, հոկտեմբերի 20-ին՝ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում եւ հոկտեմբերի 27-ին՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։

 

 

Հիշեցնենք, որ 2018 թ.-ի հունիս-հուլիս ամիսներին դասընթացներն անցկացվել են 4 մարզերում (Սյունիք, Վայոց Ձոր, Արմավիր, Գեղարքունիք) և Երեւանում:

 

Դասընթացներն իրականացվում են «Մարդու իրավունքների ուսուցում զորակոչիկների համար» ծրագրի շրջանակներում Ժողովրդավարության աջակցության ազգային ֆոնդի (NED) ֆինանսական աջակցությամբ:   

 

Հարկ է նշել, որ ծրագրի շրջանակներում նաեւ իրականացվել է օրենսդրական վերլուծություն եւ պատրասվել է ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ տեղեկատվական գրքույկը, որը հասանելի է Կազմակերպության կայքէջում:

 

Տեղեկատվական գրքույկը կիրառելի է մասնավորապես զինվորական հաշվառման և զորակոչային տարիքի ՀՀ քաղաքացիների, նրանց ծնողների և հարազատների, ներկայացուցիչների, զինվորական ծառայություն անցնող քաղաքացիների, նրանց ծնողների և հարազատների, ինչպես նաև իրավաբանների և իրավունքի այս բնագավառով հետաքրքվող այլ անձանց համար:

 

Դիտումներ՝ 2123

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????