Անտոն Կամաևի գործով Վերաքննիչ վարչական դատարանը կայացրեց կարևոր որոշում, որով բեկանեց վարչական դատարանի կողմից նախկինում կայացված վճիռը և գործը ուղարկեց նոր քննության:
Գործը վերաբերում էր Ա․Կամաևի տվյալները ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառելուն, ինչի պատճառով նրան արգելվել էր մուտք գործել Հայաստան: Անտոն Կամաևի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Նուշիկ Տեր-Մովսիսյանը բազմիցս դիմել էր Ազգային անվտանգության ծառայությանը(ԱԱԾ)՝ պահանջելով պարզաբանումներ տվյալների ներառման հիմքերի մասին և դրանց հանելու պայմանների վերաբերյալ, սակայն բոլոր հարցումներին ի պատասխան ներկայացվել էին միայն օրենքի հղումներ՝ առանց որևէ փաստական կամ իրավական հիմնավորման: ԱԱԾ-ն իր հերթին պնդում էր, որ Կամաևի վերաբերյալ տեղեկությունները ձեռք են բերվել օպերատիվ-հետախուզական միջոցառումներով, ունեն պետական գաղտնիքի կարգավիճակ և այդ պատճառով չեն կարող բացահայտվել ո՛չ անձին, ո՛չ դատարանին: Վարչական դատարանը 2023 թվականի նոյեմբերի 14-ի վճռով մերժել էր Կամաևի հայցը՝ հիմնվելով հենց այդ փաստարկների վրա և գտնելով, որ ԱԱԾ-ի գործողությունները իրավաչափ են:
Սակայն Վերաքննիչ վարչական դատարանը, քննության առնելով վերաքննիչ բողոքը, արձանագրեց, որ միայն օրենքի հոդվածների թվարկումը՝ առանց որևէ փաստերի ու հիմքերի ներկայացման, խոչընդոտ է մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության համար և հակասում է արդար դատաքննության սկզբունքին: Դատարանն ընդգծեց, որ անձը պետք է հնարավորություն ունենա իմանալու իր իրավունքների սահմանափակման հիմքերը գոնե նվազագույն չափով, որը չի խախտի պետական գաղտնիքի պահանջները, բայց միաժամանակ կապահովի իր պաշտպանության իրավունքի իրացումը:
Վերաքննիչ դատարանը ընդգծեց Առաջին ատյանի դատարանի դերի անբավարար կատարումը գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու հարցում։ Նման գործերում դատարանը պարտավոր է ոչ միայն ձևականորեն ուսումնասիրել գործի նյութերը, այլ իրականացնել ակտիվ գործողություններ՝ ապացույցներ պահանջելու և վարչական մարմնի գործողությունների իրավաչափությունը լիարժեք գնահատելու համար: Այս որոշմամբ Վերաքննիչ դատարանը վեր հանեց նաև ազգային անվտանգության ապահովման և մարդու իրավունքների պաշտպանության հարաբերակցության կարևորությունը՝ ընդգծելով, որ պետական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունը չի կարող ամբողջությամբ վերացնել մարդու իրավունքների երաշխիքները և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը:
Գործի նոր քննության ընթացքում վարչական դատարանը պարտավոր է ապահովել այս մոտեցումների լիարժեք կիրառումը և ապահովել արդարացի ու հիմնավոր դատաքննություն՝ հաշվի առնելով ոչ միայն ազգային անվտանգության շահերը, այլև մարդու հիմնարար իրավունքները, մասնավորապես՝ դատական պաշտպանության, արդար դատաքննության և տեղեկատվության մատչելիության իրավունքները: