Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Բացառիկ վերանայում՝ ՄԻԵԴ վճռի հիմքով․ Տիգրան Վարյանի գործը նոր քննության է ենթարկվելու 

2024 թվականի հունիսի 4-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրեց ՄԻԵԿ 2-րդ և 13-րդ հոդվածների խախտում Տիգրան Վարյանի գործով՝ հաստատելով, որ Հայաստանի Հանրապետությունը չի ապահովել զինծառայողի կյանքի իրավունքի պատշաճ պաշտպանությունն ու արդյունավետ քննություն նրա մահվան հանգամանքների շուրջ։ ՄԻԵԴ վճռի հիման վրա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացրել է բացառիկ վերանայման բողոք՝ պահանջելով բեկանել նախորդ դատական ակտերը և ապահովել գործի նոր, անաչառ քննություն՝ ՄԻԵԴ-ի հաստատած խախտումների իրավական շրջանակներում։ 

Տիգրան Վարյանը ծառայության անցել էր Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՀՀ զինված ուժերում։ 2012 թվականի փետրվարի 29-ին նա մահացավ՝ ստանալով հրազենային վնասվածք։ Պաշտոնական վարկածը՝ ինքնասպանություն։ Իրականությունը՝ ծառայության ընթացքում նա ենթարկվել էր ստորացումների և բռնության։ Դիտակետում քնելու համար զինծառայողներն ու սպաները նրան նախատել, վիրավորել էին, իսկ ավագ լեյտենանտը հարվածներ հասցրել գլխին։ Զուգարանի մաքրման հետ կապված միջադեպից հետո նրան ստիպել էին որպես պատիժ փոս փորել, կրկին հայհոյել էին և ֆիզիկական բռնության ենթարկել։ Մահվան նախորդ օրը դասակի հրամանատարը լքել էր հերթապահությունը, իսկ առավոտյան Տիգրանի դին հայտնաբերվել էր դիտակետում։ 

ՄԻԵԴ վճռով արդեն իսկ արձանագրվել  է՝ 

  • Զինծառայողի մահվան հանգամանքների վերաբերյալ ներպետական քննությունը թերի է եղել։ 
  • Պետությունը չի գործադրել արդյունավետ մեխանիզմներ՝ զինծառայողի կյանքի իրավունքը պաշտպանելու համար։ 
  • Դիմումատուին՝ Տիգրան Վարյանի հորը, չի տրամադրվել իրավական հնարավորություն՝ որդու կյանքի իրավունքի խախտման պատճառով կրած ոչ նյութական վնասի համար փոխհատուցում ստանալու։ 

Նշենք, որ որոշումը օրինական ուժի մեջ է մտել 2024 թ․ սեպտեմբերի 4-ին և Հայաստանը  պարտավորվել է վճարել 30․000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում Տիգրանի հորը՝ Վ․ Վարյանին։ 

Որոշման օրինակ ուժի մեջ մտնելուց հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրեց բացառիկ վերանայման վճռաբեկ բողոք․ պահանջվել է բեկանել նախորդ դատական ակտերը՝ ներառյալ Առաջին ատյանի, Վերաքննիչ և Վճռաբեկ ատյանների որոշումները, և ապահովել գործի նոր, անաչառ քննություն՝ ՄԻԵԴ-ի հաստատած խախտումների իրավական շրջանակներում։   

Տիգրան Վարյանի մահվան դեպքով 2012 թվականից ի վեր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացրել է նրա և վերջինիս իրավահաջորդի շահերը՝ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային ատյաններում։ Կազմակերպությունը շարունակելու է իրավական աջակցությունը նաև առկա փուլում՝ նոր քննության շրջանակում։ 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ