Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Խոշտանգման դեմ պայքարը՝ իրավաբանական աշխատանքի և մարդասիրական հանձնառության խաչմերուկում  

Խոշտանգումների դեմ պայքարը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի գործունեության առանցքային ուղղություններից է։ Գրասենյակի փաստաբանները գրեթե երեք տասնամյակ ներկայացնում են խոշտանգման զոհերի շահերը ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ատյաններում՝ նպաստելով ոչ միայն կոնկրետ գործերի ընթացքին, այլև համակարգային փոփոխություններին։ 

Խոշտանգումների դեմ պայքարը պահանջում է համառություն, համարձակություն և, առաջին հերթին՝ մարդասիրություն։ Մեր նպատակը մեկն է՝ ունենալ պետություն, որտեղ մարդու մարմինը երբեք չդառնա ճնշման գործիք, իսկ արդարությունը՝ անհասանելի երազանք։ 

Անի Չատինյան- ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի համակարգող, փաստաբան․ 

Գիտեք, հաճախ ինքս ինձ հարց եմ տալիս՝ ինչ է խոշտանգումը և ինչու մինչ օրս գոյություն ունի, հատկապես իրադարձությունների այսքան արագ զարգացման տենդենցների ֆոնին։ Ես, որպես իրավապաշտպան, գտել եմ այս հարցի պատասխանը։ Խոշտանգման գոյության երկու հիմնական պատճառ եմ տեսնում։ Գլխավորը՝ ՀՀ-ում գերակշռող անպատժելիությունն է, ընտրովի արարադատությունը և որոշ իրավապահների մոտ որոշակի գործեր «բացահայտելու» բաղձալի մոլուծքը, որոնց բացահայտմանը պատրաստ են հասնել #բացարձակ իրավունքը խախտելով։ Ցավոք, սա նպատակն արդարացնում է միջոցը մտածողության բացահայտ դրսևորում է, որն անընդունելի է իրավական պետությունում։ Խոշտանգումը միջազգային իրավունքով դասվում է բացարձակ իրավունքների շարքում և այն առաջին բացարձակ իրավունքն է, որին էլ հաջորդում է ստրկությունից զերծ մնալու բացարձակ իրավունքը։ Խոշտանգումը արգելվում է բոլոր պայմաններում՝ անկախ իրավիճակից։ Նույնիսկ այն ժամանակ, երբ վտանգված է համայնքի կամ նույնիսկ պետության անվտանգությունը, խոշտանգման կիրառումը ոչ մի պարագայում չի արդարացվում։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի սահմանումը հստակ է․ «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»։  

Ցավոք, Հայաստանի Հանրապետությունը թքած ունի խոշտանգումների թե՛ արգելքի, թե՛ դրա բացարձակ լինելու վրա,և առհասարակ ՀՀ-ում, վստահորեն կարող եմ ասել՝ իհարկե փաստարկված և քրեական գործերին նայելով, որ խոշտանգումը գործիք է իրավապահների և քննիչների համար բացահայտելու կամ փորձելու բացահայտել տեղի չունեցածը։  

Խոշտանգումը այն դաժան, անմարդկային, նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժն է, որը իհարկես պետության վերահսկողության ներքո, պետության գործակալների կողմից կիրառվում է անձանց նկատմամբ, ումից ուզում են ցուցմունքներ կորզել՝ ինքնախոստովանական կամ մատնողական։ Սա այն արատավոր երևույթն է, որը Հայաստանի Հանրապետությունում  դեռ շարունակում է գոյություն ունենալ։ Հայաստանը որևէ քայլ չի իրականացնում ոչ միայն կանխելու խոշտանգումը, այլև քննության շրջանակներում պատժիչ, խոշտանգող միջոցներով հասել է նրան, որ այս արատը, այս մոլախոտը իրավունքից չի վերանում, և մենք էլ ստիպված շարունակ փարձրաձայնում ու միջազգային տարբեր հարթակներում ներկայացնում ենք զեկույցներ, արձանագրելով, ՀՀ-ում դեռևս շարունակում է խոշտանգումը գործել։ 

Երկրորդ պատճառը՝ Հայաստանի կողմից արդյունավետ քննություն իրականացնելու պատրաստակամության բացակայությունն է։ Տարիներ շարունակ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը  իրավապաշտպան գործունեության շրջանակներում խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերով բազմաթիվ  հաղորդումներ է ներկայացրել, բայց առ այսօր չկա մի դատավճիռ, որը խոշտանգող ոստիկանի կամ ծառայողական, պետական գործակալի կդատապարտի իր կողմից կատարված արարքի համար։ Օրենսդրությունը բարելավում ենք, փորձում ենք այն հասցնելի կատարյալի, բայց  ցավոք արձանագրում ենք, որ դա միայն ձևական կողմը ապահովելու նպատակով է արվում։  

Ես մշտապես նշում եմ, որ ՀՀ-ն իր կողմից իրականացվող միջոցառումները, պարտավորությունները կատարում է զուտ կատարելու համար․ #ձևական։ Եվ ինքն իր կողմից կատարած գործողության արդյունքին չի հավատում և չի վստահում։ Օրինակ՝ ազատազրկման վայրերում անձանց վերասոցիալականացման նպատակով բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում, բայց, երբ դատարաններում մենք պաշտպանում ենք պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ենթակա անձանց, նույն միջոցառումների ուղղակի պատասխանատուները գալիս են դատարան և ասում, որ դատապարտյալը այդ միջոցառումներին մասնակցում է, որովհետև նա նպատակ ունի ազատվելու, ոչ թե վերասոցիալականացման։ Այսինքն պետական մարմինները չեն հավատում, որ իրենց իսկ իրականացրած միջոցառումը կարող է արդյունավետ լինել։  

Առհասարակ չեմ ուզենա համարենք, որ վատ վերաբերմունքը միայն ֆիզիկական է․ հոգեբանական ճնշումը, ներգործությունը ևս խոշտանգում է։ Կցանկանայի նաև ընդգծել ցմահ ազատազրկված անձանց նկատմամբ Հայաստանի վերաբերմունքը․ կան պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ենթակա անձինք, որոնք իրենց վարքագծով, ներկայացված փորձագիտական գնահատականներով պոտենցիալ վերասոցիալականացված անձինք են և կարող են ազատ արձակվել, ՊԵՏՔ է ազատ արձակվեն, բայց դատարանները, պրոբացիայի ծառայությունը կամ շատ հաճախ քրեակատարողական հիմնարկը չեն տալիս դրական որոշումը։ Սա ևս խոշտանգում է։ 

  Սամսոն Գալստյան- ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանական բաժնի մասնագետ, փաստաբան 

Երբ աշխատում ես խոշտանգման ենթարկված անձի հետ, շատ կարևոր է ճիշտ սահման պահել մասնագիտական ու մարդկային վերաբերմունքի միջև։ Նախևառաջ՝ մոտենում ես ոչ միայն որպես իրավաբան, այլ նաև որպես մարդ՝ գիտակցելով, որ գործ ունես անձի հետ, ով արդեն իսկ լրջագույն վնաս է կրել՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն։ Այդ պատճառով մենք փորձում ենք շատ զգույշ ու հարգալից մոտեցում ցուցաբերել՝ թե՛ զրույցի, թե՛ իրավական աշխատանքի ընթացքում։ Միևնույն ժամանակ՝ կարևոր է պահպանել մասնագիտական սառնասրտություն, որպեսզի կարողանաս իրավական առումով ամեն ինչ ձևակերպել հստակ, հիմնավոր, առանց ավելորդ զգացմունքայնության։ Այս հավասարակշռությունն օգնում է և՛ պաշտպանել անձի իրավունքները, և՛ չվնասել նրան հոգեբանորեն։ 

Խոշտանգման դեպքերն իրենց էությամբ բոլորն էլ ուժեղ ազդեցություն են թողնում։ Յուրաքանչյուր դեպք հիշեցնում է, թե որքան խորը կարող է լինել մարդու իրավունքների խախտումը, և որքան կարևոր է մեր աշխատանքը այդ իրավիճակներում։ Որպես իրավաբան՝ մենք փորձում ենք չտրվել էմոցիաներին ու գործին մոտենալ իրավական հստակությամբ, բայց, եթե անկեղծ, երբեմն անհնար է չազդվելը։ Դեպքերը, որտեղ պետությունը բացահայտ փորձում է խուսափել պատասխանատվությունից, կամ երբ զոհը երկար ժամանակ է պայքարել արդարության համար, ավելի են ամրապնդում մեր վճռականությունը՝ շարունակելու այդ պայքարը։ 

Խոշտանգման գործերում ամենադժվարը ապացույցներ գտնելն է, հատկապես երբ դրանք կապված են պետական համակարգի ներսում գործող պաշտոնատար անձանց հետ։ Շատ հաճախ հենց այդ պաշտոնյաներն են վերացնում ապացույցները, ճնշում են վկաներին կամ խոչընդոտում գործի քննությանը։ Բայց հենց այս դժվարությունները են նաև մեր աշխատանքի շարժիչ ուժը։ Երբ կարողանում ես նման գործով հաջողության հասնել՝ անկախ համակարգի դիմադրությունից, դա ամենամեծ ներշնչանքն է։ Այդ հաղթանակները ցույց են տալիս, որ մեր աշխատանքը կարող է իրական արդյունք տալ՝ ոչ միայն կոնկրետ մարդու համար, այլ նաև ամբողջ համակարգի բարեփոխման տեսանկյունից։ 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ