Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Դիլիջանում 16-ամյա երեխայի ծեծի գործով հանգամանքները վկայում են հովանավորչության մասին՝ քննիչն ու դատախազը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության․իրավապաշտպան

June 2, 2023

Լրատվամիջոցները մեր մասին

Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի կողմից 16-ամյա Արազ Ամիրյանին ծեծի ենթարկելու փաստով քրեական հետապնդում չհարուցելու մասին քննիչի որոշումը դեռ չի ստացել անչափահասի փաստաբանը՝ Սասուն Ռաֆաելյանը։



«Որոշումը դեռ չենք ստացել, երեկ համացանցից եմ տեղեկացել, որ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է առկա, բայց ստանալուն պես կբողոքարկենք։ Տավուշի մարզային քննչական վարչության քննիչ Մամիկոն Դավթյանը միջնորդել է վարույթը կարճեն, իսկ դատախազը հաստատել է»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։



Սասուն Ռաֆայելյանի խոսքով՝ դեպքը եղել է ապրիլի 10-ին, ժամը 23։30-ին․ ««Հաղարծին» հյուրանոցային համալիրում աշխատող 16-ամյա Արազ Ամիրյանը ծեծի է ենթարկվել այն բանի համար, որ հյուրանոց այցելած ՆԳՆ ոստիկանության աշխատակցին խնդրել է նախապես վճարում կատարել հյուրանոցում գիշերելու համար՝ ոստիկանության աշխատողը ցանկացել է այդ օրը գիշերել հյուրանոցում։ Ոստիկանության աշխատակիցը նյարդայնացել է նման պահանջից ու սկսել է հարվածել երեխային, նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել»,- ասաց փաստաբանը։ Սասուն Ռաֆաելյանը նշեց, որ թեպետ երեխային մարմնական վնասվածքներ չեն պատճառվել, բայց հարվածներ են հասցվել մարմնի տարբեր մասերին, ինչը պարզ տեսանելի է նաև սոցիալական հարթակներում տարածված տեսանյութում։



Նշենք, որ ՆԳ նախարարությունից արդեն իսկ հայտնել են, որ մայիսի 5-ից Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանի լիազորությունները դադարեցվել են, և ծառայողական քննություն է ընթանում։ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշել է, որ իրենք հանցագործության մասին հաղորդումն ստացել են մայիսի 10-ին, այդ օրը նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվել է քննություն, երեխան ճանաչվել է գործով տուժող, հետո գործուն զղջալու հիմքի առկայությունը հաշվի առնելով՝ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին, որպեսզի քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում կայացվի, և դատախազը բավարարել է այդ միջնորդությունը։  



Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ քննիչը գործին մոտեցել է զուտ ձևականորեն, որովհետև կիրառել է փոխադարձ համաձայնության գործուն զղջման մեխանիզմը՝ հաշվի չառնելով, որ հանցանքը կատարողը իրավապահ մարմնի բարձրաստիճան պաշտոնատար անձ է, որը շատ ավելի պատասխանատվություն և պարտավորություն ունի օրենքի պաշտպանության առումով։



«Հետևաբար, այստեղ օբյեկտիվ քննության մասին խոսք գնալ չի կարող։ Տեսանյութում երևացող հանգամանքներն ու քննչական գործողության արդյունքը վկայում են հովանավորչության մասին քննիչի կողմից՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետին։ Քննիչը ուղղակի պետք է պատասխանատվություն կրի, զարմանալի է նաև, որ Դիլիջանի քննչականի պետը (խմբ․ Արգամ Աղասի Ռաֆաելյան) այդ որոշումը բովանդակային ձևով չի նայել։ Մյուս կողմից էլ՝ դատախազն ունի պատասխանատվություն, որովհետև քննության օրինականության հսկողության պատասխանատուն դատախազն է»,-ասաց իրավապաշտպանն ու հարցադրում արեց․ «Ինչպե՞ս է դատախազը ընդունելի համարել քննիչի կողմից քրեական գործը կարճելու մասին որոշումը, այն դեպքում երբ անչափահասի նկատմամբ հանցավոր գործողությունը կատարում է ոստիկանության բարձրաստիճան սպան։ Դա կարգապահական խախտում կամ զանցանք չէ, որ գործուն զղջումն ընդունելի լինի և կարճվի քրեական գործը։ Ես գտնում եմ, որ դատախազը ևս պետք է պատասխանատվության ենթարկվի՝ նա պետք է հեռացվի համակարգից»։



Արթուր Սաքունցի մեկնաբանմամբ՝ խոսքը վերաբերում է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքին, որը բացարձակ իրավունք է և այն խախտվել է․ «Այդ բացարձակ իրավունքը խախտած և այդ խախտման ուղղությամբ ոչ օբյեկտիվ, ոչ պատշաճ քննություն իրականացրած քննիչը և հսկողություն իրականացրած դատախազը նվազագույնը պետք է հեռացվեն աշխատանքից, իսկ պատասխանատվությունը պետք է լինի քրեական հետապնդումը։ Նրանք հանդես են եկել ոստիկանության պաշտոնյայի պաշտպանության դիրքերից»,-հավելեց մեր զրուցակիցը։


Երեխաների իրավունքների պաշտպանության փորձագետ, իրավաբանության գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանն էլ Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանի պատժին․ «Այդ արարքի՝ ծառայողական քննության հիմք հանդիսանալը չի արտացոլում արարքի իրական ծանրությունը: Արսեն Ղայթմազյանի արարքն առերևույթ պարունակում է հանցագործության հատկանիշներ: Նրա արարքում առնվազն առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործությունը՝ ֆիզիկական ներգործությունը, այն է՝ հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե առողջությանը չի պատճառվել թեթև վնաս, որը կատարվել է անչափահասի նկատմամբ: Այդ արարքը պատժվում է հանրային աշխատանքներով` 100-200 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով»,-գրել է նա:



Երեխաների իրավունքների պաշտպանության փորձագետը չի բացառել նաև, որ ՆԳՆ պաշտոնյան չարաշահել է իր լիազորությունները․



«Չի բացառվում, որ քննությամբ պարզվի, որ արարքն իրականում պետք է որակվի ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ որպես բռնություն գործադրելով պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահել կամ լիազորություններն անցնել, ինչը պատժվում է ազատազրկմամբ 4-10 տարի ժամկետով: Վերջին որակումը պայմանավորված կլինի քննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով, եթե պարզվի, որ այդ պահին նա գործում էր որպես ոստիկանության ծառայող կամ իրականացնում էր իր իշխանական որևէ լիազորություն»,-գրել է նա:



Նշենք, որ մամուլում երեկ տեղեկություններ են տարածվել, որ ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարություն է տվել վերացնել Ներքին գործերի նախարարության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քրեականի պետի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը:



Կարճված վարույթը կվերաբացվի՞, թե՞ ոչ՝ մեր հստակեցնող հարցին այսօր ՀՀ գլխավոր դատախազությունից չպատասխանեցին՝ տեղեկացնելով, որ այդ առթիվ հանդես կգան հայտարարությամբ։




Նարա Մարտիրոսյան

civic.am 

Դիտումներ՝ 97

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????