Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ԱԺ-ն իր ողջ բովանդակությամբ, որպես նախկին քաղաքական համակարգ, այլևս մերժվել է

October 3, 2018

Լրատվամիջոցները մեր մասին

Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

Պարոն Սաքունցնախօրեին կայացավ Փաշինյան-Բաղդասարյան հանդիպումը, որից պարզ է դառնում, որ առնվազն այս փուլում ՀՀԿ-ն պատրաստ չէ գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը, ՀՀԿ-ն փորձում է սրե՞լ վիճակը։

 

Նորություն չկար այս ամենում, որովհետև հաշվի առնելով հատկապես Երևանի ավագանու ընտրություններից հետո ՀՀԿ-ի տարբեր ներկայացուցիչների հայտարարությունները, ակնհայտ էր, որ ՀՀԿ-ն կողմ չի արտահերթ ընտրություններին, շատ պարզ պատճառով, որ իրենք բացի իրենց մանդատներից այլևս ոչինչ չունեն քաղաքական դաշտում։ Ակնհայտ է նաև, որ հանրային դաշտում որևէ աջակցություն չունեն, ինչը լավ գիտակցում են։ Նրանք ունեն տարիներով կուտակած նյութական, ֆինանսական, կոռուպցիոն համակարգի արդյունքում ձեռք բերված ռեսուրսներ, և այդ ամենը պահպանելու երաշխիքը պատգամավորական անձեռնմխելիությունն է։ Բնականաբար, պետք է ամեն գնով պահպանել իրենց տեղը խորհրդարանում։ Սա է իրենց շահը։ Նյութական շահագրգռվածությունը և այն մտահոգությունը, որ կարող են իրենց ձեռք բերած մեծաթիվ հարստության հետ կապված իրավական դաշտում ունենալ խնդիրներ, ոչ միայն զրկվեն ունեցվածքից, այլև ազատություն, բնականաբար, ամեն գնով պետք է պահպանեն մանդատները։ Ու դա փորձում են ամեն կերպ փաթեթավորել քաղաքական ինչ-որ շղարշով, ձևակերպումներով, թե իբր երկրին ընդդիմություն է պետք։ Իսկ ընդդիմություն է պետք, թե ընդդիմություն պետք չի հարցի պատասխանը տալու է ժողովուրդը, ընտրողն իր քվեարկությամբ։ ՀՀԿ-ն պետք է հաշտվի այն մտքի հետ, որ առնվազն 20 տարի քաղաքական համակարգը հետևողականորեն ոչնչացրել է Սերժ Սարգսյանի արտահայտած հայտնի մեխանիզմով, թե լավ է ճանաչում իր հաճախորդներին։ Նա, ըստ էության, իր քաղաքական դաշտի շատ սուբյեկտների վերածեց հաճախորդների և հիմա ճաշակում է այն, ինչը ժամանակի ընթացքում ստեղծել է՝ քաղաքական անհրապույր կերակուրը։ Հիմա փորձել ինչ-որ իրավիճակ ստեղծել, որ պահի իր դիրքը, անհեթեթություն է։ Կամ փորձի նախկին մեխանիզմներով քաղաքական առևտրի իրավիճակ ստեղծի, կարծում եմ՝ դա առավել անհեթեթություն է։ Այլ ելք, քան հաշտվել մտքի հետ, որ պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, չկա։ Համոզված եմ, որ որոշ  ժամանակ անց նրանք կհաշտվեն այդ մտքի հետ։

Մենք խորհրդարանական մյուս ուժերի կողմից նույնպես տեսնում ենք հայտարարություններ, թե ԱԺ ընտրությունների համար պահը հարմար չէ, պետք է որոշ ժամանակ անցնի, դեռ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չեն ընդունվել, Վենետիկի հանձնաժողովը չի հաստատել։ Եթե բոլորի մոտ կա ընտրությունները ձգձգելու մտադրություն, չկա՞ վտանգ, որ ընդհանրապես մեկ տարվա մեջ կարող է չլինեն ընտրություններ։

Շատ հստակ է, որ ԱԺ ներկայիս կազմը իր բացարձակ մեծամասնությամբ հանդիսանում է ՀՀԿ իշխանության օրոք ձևավորված քաղաքական համակարգի պատկերը, որի բուն էությունը քրեական օլիգարխիայի ներկայացվածությունն է քաղաքական դաշտում։ Այսինքն՝ եթե մեղմ ասենք, բիզնեսն ու քաղաքակությունը սերտաճած ներկայացված են ԱԺ-ում, եթե չասենք քրեական օլիգարխիան և քաղաքականությունը։ Այն իր բովանդակությամբ չի կարող երաշխիք ներկայանալ այն փոփոխությունների համար, որոնց համար այս հեղափոխությունը տեղի ունեցավ։ Իսկ փոփոխությունների իմաստը բիզնեսն ու քաղաքականությունն իրարից տարանջատելն է, կոռուպցիան և անպատժելիությունը, որը տիրապետող է եղել, վերացնելն է, երրորդ, լեգիտիմությունը պետք է ձևավորվի ոչ թե փողի ու կրիմինալ եղանակներով, այլ զուտ քաղաքական գործիքներով։ Այն, ինչ մենք տեսանք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։ Պարզ է, որ ՀՀԿ իշխանության ժամանակահատվածում քաղաքական ու քրեական խճապատկերը ամենևին չի կարող հանդիսանալ այն երաշխիքը իր բովանդակությամբ, իր արժեհամակարգով, այն փոփոխությունների, որը որպես առաջադրանք ՀՀ քաղաքացիները այս տարվա ապրիլ-մայիսին իրենց հեղափոխությամբ առաջադրել են քաղաքական ուժերին, տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանին և իր թիմին։

Այստեղ հարցը թվաբանական մեծամասնության կամ փոքրամասնության մեջ չէ։ Հարցն այն է, որ ԱԺ-ն իր ողջ բովանդակությամբ, որպես նախկին քաղաքական համակարգ, այլևս մերժվել է։ Ոչ միայն Սերժ Սարգսյանն է մերժվել, ՀՀԿ-ի գործադիր իշխանությունն է մերժվել, այլ մերժվել է Ազգային ժողովի արժեհամակարգը, որի կրողներն այս պահին ներկայացված են խորհրդարանում։ Հիմա փորձել հակադրվել և չհամաձայնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, նշանակում է բովանդակային առումով խոչընդոտել բարեփոխումների իրականացմանը Հայաստանում, մեծացնել անկանխատեսելիությունը հետագա զարգացումների, որի պարագայում կխոչընդոտվի նաև տնտեսական դաշտում զարգացումներն ու ներդրումները։

Մյուս կողմից, երբ ՀՀԿ-ի ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենք այլևս մեծամասնություն չեն, խոչընդոտ չեն կարող հանդիսանալ, ապա դա խաբեություն կամ ինքնախաբեություն է, որովհետև այսօր գործող Սահմանադրությամբ, Սահմանադրական օրենքները պետք է ընդունվեն ԱԺ պատգամավորների 60 տոկոսով, որը չկա ԱԺ-ում։ Իսկ եթե ՀՀԿ-ն հայտնում է, որ իրենք խոչընդոտ չեն հանդիսանա, դա առավել վիրավորական է, երբ մարդիկ բովանդակային տեսակետից աջակիցը չլինելով, զուտ մեխանիկական քվեարկությամբ համաձայնություն են տալու այն օրինագծերին, որոնք առաջարկելու է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, բայց չհամաձայնելով իրավական այն կարգավորումներին, որն առաջարկվում է։ Այսինքն՝ նրանք պատրաստ են գտնվել նոր իշխանության հպատակի կարգավիճակում, միայն թե իրենց անձեռնմխելիությունն ապահովեն, շատ լավ գիտակցելով, որ իրենց ահռելի ունեցվածքի համար պետք է այնուամենայնիվ պատասխանատվություն կրեն։ Իսկ երբ փորձում են խնդրին նման կերպ մոտենալ, նշանակում է օրենքի առջև հավասար պատասխանատվության սկզբունքի իրականացման խոչընդոտ են հանդիսանում, կամ հենց դա է նպատակը։

Դուրս է գալիս, որ ընդհանրապես, ժողովրդավարական բարեփոխումները փորձում են ձևական դարձնել, ոչ թե բովանդակային։ Սա քաղաքական լուրջ ճգնաժամ է այն իմաստով, որ ավտորիտար, հակաժողովրդավարական արժեքներ կրող քաղաքական ուժը, որ մերժվել է հանրության կողմից, փորձում է խաղալ և սեփական խմբային շահերը շարունակում է վեր դասել պետական շահերից։ Եթե նախկինում որպես իշխանություն էին սեփական շահերը վեր դասում խմբային շահերից, ապա հիմա փորձում են որպես ընդդիմություն հանդես գալով վերստին իրենց վարքագիծը շարունակել։

Վտանգ կա՞, որ այս անգամ էլ «Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն կլինի և հակակշիռների մեխանիզմ կարող է չլինել։

Ես այդտեղ վտանգ չեմ տեսնում հետևյալ պատճառաբանությամբ. Հակակշիռների մեխանիզմ պետք է լինի իշխանությունների տարանջատման սկզբունքի հաշվին։ Այսինքն՝ պետք է ձևավորվի իրապես անկախ դատական իշխանություն և նաև, ինչպես այդ մասին ասաց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ժողովրդավարական գործընթացների տրամաբանության շրջանակում նման մեծ համակարգերը՝ 80 տոկոս, չեն կարող գոյություն ունենալ, նրանք անխուսափելիորեն տրոհվելու են։ Այսինքն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները սկզբնավորելու են քաղաքական նոր համակարգի ձևավորումը, որը ոչնչացվել էր նույն ՀՀԿ-ի և նրա կողմից ղեկավարվող կառավարվող  քաղաքական խմբերի կողմից։ Քաղաքականությունն իսպառ վերացրել են քաղաքական համակարգից, և դաշտը դարձել էր ապաքաղաքական ու պալատական։ Այս նոր քաղաքական իրողությունների պայմաններում կապ չունի, թե ՔՊ-ն կստանա 70 կամ 80 տոկոս, այն հանդիսանալու է ժողովրդավարական բարեփոխումներին միտված խմբերի համախմբումը, որոնք ժամանակի ընթացքում անխուսափելիորեն բաժանվելու են, տրոհվելու են խմբակցությունների։ Դրանք նոր քաղաքական ուժերի սաղմերն են հանդիսանալու։ Նրանց կգումարվեն, իհարկե, որոշ քաղաքական ուժեր, որոնք կկարողանան վերագտնել, վերարժևորել և հանդես գալ ժողովրդավարական արժեհամակարգի հիման վրա։ Սա է ելքը։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին դեմ գնալը նշանակում է երկարաձգել արդեն իսկ սնանկացած քաղաքական համակարգի գոյությունը։

Եթե արտահերթ ընտրությունները տեղի ունենա հաջորդ տարվա ապրիլ-մայիսին, դարձյալ երկարաձգած կլինե՞ն այդ համակարգի գոյությունը։

Գիտեք, տնտեսությունը շատ զգայուն է քաղաքական փոփոխությունների հետ կապված։ Հայտնի փաստ է, որ քաղաքական իրադարձություններն ազդում են տնտեսական դաշտում մթնոլորտի վրա, իրավիճակի վրա և այս առումով թողնել անորոշության մեջ ամբողջ պետությունը, տնտեսավարողներին, որոնք ակնկալում են կանխատեսելի խաղի կանոններ, կարծում եմ՝ իրապես իր բովանդակությամբ նշանակում է դեմ գնալ պետության զարգացմանը։ Կրկին արձանագրենք, որ դրանով սեփական խմբային շահերը վեր են դասում պետության զարգացման խնդիրներից։ Իրենք իրենց բովանդակությամբ և մոտեցումներով արդեն սնանկ են ճանաչվել, նրանց սնանկ է ճանաչել Հայաստանի ամբողջ ժողովուրդը, որի փոքր մոդելը Երևանի ավագանու ընտրություններում արդեն ի հայտ եկավ։ Ունենալով մեխանիկորեն ասենք ԱԺ-ի մոտ 50 տոկոսը, բայց հանրության մեջ մեկ տոկոսի տեղ էլ չունենալով, դա է հենց հակասությունը։ Այսինքն՝ այստեղ բովանդակային տեսակետից է, որ ԱԺ-ն լեգիտիմ չէ։ Բացի այն, որ խորհրդարանը զանգվածային ընտրակաշառքների արդյունքում է ձևավորվել, որը մերժվել է հենց նույն քաղաքացիների կողմից, որոնք որոշել են այլևս չհանդուրժել այդ անարժանապատիվ վիճակը։

Ձեր կարծիքով, ամեն դեպքում, դիմադրություն լինելո՞ւ է ՀՀԿ-ի կողմից, և հնարավո՞ր է անհրաժեշտ լինի փողոց դուրս գալ։

Եթե ՀՀԿ-ն և ոչ միայն ՀՀԿ-ն, այլ բոլոր այն կուսակցությունները, որոնք կփորձեն դեմ կանգնել կամ խոչընդոտել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եթե ցանկանում են վերստին համոզվել իրենց նկատմամբ հանրության բացասական վերաբերմունքի մեջ, ապա խնդրեմ, կարող են շարունակել։

lragir.am

Դիտումներ՝ 885

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????