«Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանն անդրադարձել է Բարձրագույն դատական խորհրդի դեկտեմբերի 26-ի դռնփակ նիստին, որտեղ 9 կողմ 0 դեմ ձայներով որոշեց այլոց թվում վերաքննիչ քրեական դատարանում նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանին:
«Սա այն դատավորն է, ով 2016թ. օգոստոսի 2-ին, ակնհայտ շինծու մեղադրանքով՝ սերժանոցից իջեցված հրահանգով Սարի թաղի գործով ինձ կալանավորելու որոշում կայացրեց: Իմ պաշտպան Սեդա Սաֆարյանի կողմից իմ կալանքի վճիռը բողոքարկվեց բոլոր ատյաններում, ու ի վերջո, Protection of Rights without Borders /«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության անդամներ Հայկուհի Հարությունյանի, Արաքս Մելքոնյանի, Հասմիկ Հարությունյանի կազմած հայցի հիման վրա՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որտեղ էլ ի վերջո այս գործը շահեցի: Ապա դիմեցի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով՝ այս օրինազանց դատավոր Աննա Մաթևոսյանի, ապաև նրա որոշումը ուժի մեջ թողած վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատավորների /որոնց թվում նաև տխրահռչակ Ա.Ազարյանի/ հանդեպ կարգապահական վարույթ հարցուցելու հայցով: Սակայն էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը՝ իր նախագահ Սերգեյ Մարաբյանի գլխավորությամբ մերժեց իմ հայցի բավարարումը, քանի որ որևէ խախտում նշածս դատավորների կողմից չգտավ: Դա այն դեպքում, կրկնեմ, որ սրանց թխած՝ իմ կալանավորման որոշումը փլուզվեց Եվրոպական դատարանում:
Հիմա ես ուզում եմ հարց ուղղել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին. երբ դատավորներին ընդգրկում եք առաջխաղացման ցուցակում՝ քաղհասարակությանը, քաղաքական ուժերին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հարցնո՞ւմ եք, թե ինչ են իրենցից ներկայացնում թեկնածուները: Վեթինգ արե՞լ եք: Այս մեկին հո ես գիտեմ, այն էլ իր կատարած մեկ ապօրինի վճռի մասով, բա մնացած շատ-շատերի՞ն, որ ես չեմ ճանաչում, բայց քաղհասարակության մասնագիտական հանրությունը հո լավ է ճանաչում: Կամ լավ, երբ ուզում եք առաջ տանել, գոնե նայու՞մ եք Եվրադատարանում պարտված գործեր ունեն թե չէ: Թե՞ ձեր ներհամակարգային ՙ«մեժդուսոբոյչիկ»-ը լիովին բավարար եք համարում: Մեզ պետք է նախկինների ձևավորած դատաիրավական սպռուտի վերացում, այլ ոչ թե այն նոր սպռուտով փոխարինում:
Նիկոլ Փաշինյանը դեռ 2019թ. հայտարարում էր, որ Եվրոպական դատարանում գործեր պարտված դատավորները պետք է դուրս բերվեն համակարգից: Դուք հակառակը՝ առաջ եք ուզում նրանց մղել: Էն 40 կոռումպացված դատավորները, ում պետք է հեռացնեիք համակարգից, ի՞նչ եղան: Չլինի՞ թե մտքափոխ եք եղել ու որոշել եք հեռացնելու փոխարեն առաջ տանել»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով խնդրին, նշեց, որ նման որոշումների ֆոնին խոսել որևէ բարեփոխման մասին դառնում է բովանդակազուրկ և անիմաստ. «Ավելի շուտ նման որոշումները վկայում են, որ կոռումպացված և զավթված իշխանությունը այն օգտագործում է իր շահերի համար, որի համար օրենքի գերակայությունը որպես արժեք գոյություն չունի։ Բացառիկ անպատասխանատու մոտեցում հանրության, քաղաքացիների նկատմամբ, որոնց առջև պարտավորություններ են վերցրել։
Բա Մացոյի վերաբերյալ որոշում կայաացնողները որրևէ պատասխանատվություն ունե՞ն: Այդ Մացոն դիմում տվեց դուրս գալու, չնայած ինքը շարունակում է մնալ դատական համակարգում, կամ այն մնացածները։ Կամ այն բոլոր դատավորները, որոնք շարունակում են մնալ, թեև ՄԻԵԴ-ում պարտվել են տասնյակ գործերով։ Սա բարեփոխման դիտավորյալ տապալում է, կանխամտածված տապալում։ Վերահսկվողները՝ անողնաշար, կոռումպացված դատավորները դիրքավորվում են սպասարկելու իշխանությանը»,-ասաց Սաքունցը:
Նա նաև նկատեց, որ հաջորդ ընտրությունների ժամանակ գործող իշխանությունները պատասխան կտան իրենց չիրագործած խոստումների համար. «Այս ձևով այս իշխանությունը չի ընտրվելու։ Նախորդները ոչ մի անգամ մեզ խոստում չեն տվել անկախ դատական իշխանություն ձևավորել, իսկ իրենք խոստում են տվել և չեն կատարել, իսկ քաղաքացիներին էլ չեն ընտրելու: Հերթական մերժվածների խումբն է գնալու, իհարկե ընտրությունների միջոցով»: