Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Պետության զավթման առաջին պաշտոնական արձագանքն է առաջին դեմքի կողմից

March 11, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Շաբաթներ առաջ 46 հասարակական կազմակերպություններ հանդես էին եկել հայտարարությամբ, որով պահանջում էին իշխանությունից մինչև հանրաքվեի անցկացումը նախ ճանաչել նախորդ իշխանությունների կողմից պետության զավթման փաստը՝ ամրագրելով այդ զավթման մեխանիզմները, պատմությունը, բաղադրիչները, կատարողներին, մասնակիցներին և աջակիցներին, ինչպես նաև սահմանել և հրապարակել պետության ապազավթման կամ զավթման համակարգի ապամոնտաժման առաջնահերթ համակարգային գործողությունները և դրանց ողջամիտ ժամկետները, այնպես, որ պետության վերազավթման ռիսկերը իսպառ վերացվեն: Հրատապության, ողջամտության և բարեխղճության սկզբունքներով վերանայել դատաիրավական բարեփոխումների հայեցակարգի և միջոցառումների ժամանակացույցը և գործիքները, արագացնել նոր Սահմանադրության, ինչպես նաև կուսակցությունների ու ընտրությունների վերաբերյալ նոր օրենքների ընդունման գործընթացը:

 

Այսօր Գորիս քաղաքում հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հռչակագրի նախագիծը։ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ 2018թ. Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո անընդհատ շրջանառության մեջ է դրվում այն թեման, որ անհրաժեշտ է նախորդ շրջանի իշխանությանը տալ քաղաքական գնահատական։ Այժմ ստեղծվել է հանրաքվեի հռչակագիր, որով կտրվի քաղաքական գնահատական վերջին 30 տարվա ընթացքում տեղի ունեցած քաղաքական գործընթացներին։

 

Ապրիլի հինգի հանրաքվեի հռչակագիր/նախագծում նշված է․

 
  1. 1995 թվականից մինչև 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տեղի ունեցած որևէ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքներ չեն արտահայտել ժողովրդի ազատ կամքը։ 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք զրոյացել են 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ, արտահայտել են ժողովրդի ցանկությունը։
  2. Ժողովրդի ազատ կամարտահայտման սահմանափակմանը, այսինքն՝ ընտրողների կամքի նկատմամբ ապօրինի ազդեցության գործադրմանը, ընտրությունների արդյունքները կեղծելու գործընթացին զուգահեռ Հայաստանում սկսել է ձևավորվել կոռուպցիոն համակարգ, որը վերաճել է կամակարգային կոռուպցիայի։ Այս երևույթը Հայաստանում գոյություն է ունեցել մինչև 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը և արտահայտվել է համատարած կաշառակերությամբ, պետական ծախսերից հետվճարումների արատավոր համակարգով (ատկատներ), արհեստական տնտեսական մենաշնորհների հաստատմամբ, բիզնեսի և նախագահական, օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների միախառնումով։
  3. Այս համակարգի պայմաններում նախագահական, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները, ներառյալ Սահմանադրական դատարանը, մեծ մասամբ սպասարկել են անձնային, խմբային շահեր՝ հետին պլան մղելով Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ազգային և պետական շահերը, օրենքի և իրավունքի գերակայությունը, արգելակելով Հայաստանի զարգացումը, ժողովրդի բարեկեցությունը։ Արդյունքում՝ բազմաթիվ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ կուտակել են հսկայածավալ ապօրինի հարստություն։
  4. Պետական բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի կուտակած հարստության վերադարձը պետական գանձարան՝ Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի անքակտելի իրավունքն է։ Այդ գործընթացը պետք է տեղի ունենա բացառապես իրավական ճանապարհով՝ Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ իրավապահ համակարգի, անկախ դատական համակարգի, ներառյալ անկախ և լեգիտիմ Սահմանադրական դատարանի ձևավորմամբ։
  5. Հայաստանում պետք է ձևավորվեն իշխանության և բիզնեսի տարանջատման գործուն մեխանիզմներ․ իշխանությունը չի կարող լինել հարստություն կուտակելու կամ կուտակված հարստությունը պահպանելու միջոց։
  6. Միայն ժողովրդի ազատ կամարտահայտությունը ապահովող ընտրական համակարգը կարող է հանդիսանալ արդյունավետ, հակակշիռների և փոխզսպումների համակարգով օժտված պետական կառավարման երաշխիք, հետևաբար, Հայաստանի ժողովուրդը չի հանդուրժի ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցության, ընտրությունների արդյունքները կեղծելուն, ժողովրդի կամքը նենգափոխելուն կամ արհամարհելուն ուղղված որևէ դրսևորում կամ երևույթ։

 

2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեով ժողովուրդը փակում է պետական և տեղական ինքնակառավարման ոչ լեգիտիմ մարմինների և պաշտոնյաների գոյության էջը Հայաստանում։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը նույնպես միացել էր ՀԿ-ների հայտարարությանը։

 

Գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով նախագծին, ողջունեց վարչապետի կողմից այսօրվա հռչակագրի հրապարակումը։ «Ըստ էության՝ պետության զավթման առաջին պաշտոնական արձագանքն է առաջին դեմքի կողմից։ Երկրորդ՝ փաստաթուղթը ինքը նախագիծ է, և գտնում ենք, որ ինքը ամբողջացնելու, լրացնելու առաջարկություններ ներկայացնելու հնարավորություն է, հարթակ է, և այդ ուղղությամբ մենք ակնկալում ենք նաև քննարկումներ փաստաթուղթը համապարփակ դարձնելու նպատակով, բայց մնում է մի հարց, թե դա ո՞ր մարմնի կողմից է ընդունվելու, ինչպես է այդ գործընթացն ապահովելու, որի մասին, ցավոք սրտի, մենք առայժմ տեղեկացված չենք, բայց ինքնին այդ քայլը միանշանակ դրական է»,- ասաց Սաքունցը։

 

Նա նշեց, որ տևական ժամանակ է՝ խոսվում է քաղաքական գնահատական տալու անհրաժեշտության մասին․ «Խոսել ենք ոչ թե ինչ-որ քմահաճույքի համար, այլ մենք խորապես ենք գիտակցել պետության զավթմանը բովանդակային գնահատական տալու նշանակությունը, և չեմ կարող որևէ կերպ մեկնաբանել՝ ինչու շուտ չէր արվում, բայց կարևոր էր, որ իշխանության առաջին դեմքի մակարդակով այդ գնահատական տալու գիտակցումը արձանագրվեց, և քաղաքական կամքը արձանագրվեց, և պարզապես հիմա պետք է մտածենք այդ փաստաթղթի որակի, ամբողջացման մասին, սա լավ հարթակ է, որի վրա պետք է աշխատել»։

 

Հարցին՝ արդյոք ՀԿ-ների հայտարարությունը նպաստեց այսպիսի հռչակագրի հրապարակմանը, իրավապաշտպանը նշեց, որ ակնհայտ է՝ իշխանությունը, ունենալով բազմաթիվ խնդիրներ, հարցեր, օպերատիվ խնդիրներ լուծելու անհրաժեշտություն, այնուամենայնիվ, սա ևս մեկ ամրագրում է, որ կարող ենք խոսել երկխոսության առկայության մասին, թեկուզ ուշ, բայց, այնուամենայնիվ, արձանագրում է։

 

Սաքունցը վստահ է, որ քաղաքական գնահատականի առկայության դեպքում առանձին բնագավառներում հատվածային, ինստիտուցիոնալ փոփոխություններն ավելի կամրագրեն այդ ուղղությամբ աշխատանքների լեգիտիմ հիմքերը, միաժամանակ կձևակերպվեն այն նպատակները, որոնց մենք պետք է հասնենք, այսինքն՝ պետության զավթումից պետական ապարատը դուրս բերելու խնդիրն է ամրագրվում, և ոչ թե առանձին հատվածային փոփոխություններն ենք կարևորում, այլ համակարգային ժողովրդավարական պետության վերականգնման կոնտեքստում ենք դիտարկում․ «Կարևորում ենք, իհարկե պետք է աշխատել և ավելի ամբողջականացնել և համապարփակ դարձնել։ Պետք է լրացումներ, շտկումներ կատարել, մասնավորապես, 99-ի ընտրությունները չէի համարի, որ լեգիտիմ են, ոչ միայն ՍԴ-ն է ոչ լեգիտիմ, կամ պետական ինստիտուտներ կան, որոնք լեգիտիմ չեն, օրինակ, դատական իշխանությունը, դրա համար է դատաիրավական բարեփոխումների ռազմավարություն մշակվել։

 

Ընդհանրապես՝ կառավարման որակը, ի վերջո, պետության զավթման գնահատականը հիմք է հանդիսանալու սահմանադրական փոփոխությունների մեկնակետի համար. ինչո՞ւ է պետք նոր Սահմանադրություն ընդունել, և հենց այս քաղաքական գնահատականի հիմնավորմամբ»։

 

1in.am

Դիտումներ՝ 651

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????