Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«ՓՈՔՐ ՈՉ ԲԼՈԿԱՅԻՆ ՊԵՏՈւԹՅՈւՆ․ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգային մոտեցումները»

July 11, 2023

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Սեփական | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

«Փոքր ոչ բլոկային պետություն․  ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգային մոտեցումները» փաստաթուղթը  նպատակ ունի առաջ մղելու և որպես հանրային քննարկման թեմա խրախուսելու Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման անհրաժեշտությունը։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, որպես իրավապաշտպան կազմակերպություն, ելնում է այն սկզբունքից, որ անվտանգությունը և մարդու իրավունքներն անքակտելի են, կազմում են մեկ ամբողջություն և առանց ժողովրդավարական կառավարման մեխանիզմների՝ հաշվետու և թափանցիկ կառավարում, արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն, իրավունքի գերակայության սկզբունք (մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ և վստահելի մեխանիզմներ և այլն), չի կարող երաշխավորված լինել պետության և նրա քաղաքացիների արդյունավետ, շարունակական անվտանգությունը։

 

Փաստաթուղթը կազմվել է  միջազգային հարաբերությունների մասնագետ Էդուարդ Աբրահամյանի, անվտանգային քաղաքականության փորձագետ Արեգ Քոչինյանի, ռազմաքաղաքական հարցերով փորձագետ  Արմինե Մարգարյանի և անվտանգային քաղաքականության փորձագետ Ալբերտ Ներզեթյանի համատեղ ջանքերով։ Ամբողջական փաստաթուղթը կարող եք գտնել ԱՅՍՏԵՂ , ստորև կներկայացնենք որոշ հատվածներն փաստաթղթից․

 

 

Էդուարդ Աբրահամյան

 

🟢 <<Հանրության եւ պետական ինստիտուտների փոխակերպման տեսանկյունից Մասնագիտացման հայեցակարգը կնպաստի հանրության շրջանում աշխատանքային և ապրելակերպի նոր մշակույթի աստիճանաբար ձևավորմանը՝ միտված հանրության և նոր սերնդի քաղաքացիների շրջանում պրոֆեսիոնալ պատասխանատվության, մասնագիտական արհեստավարժության չափանիշների և պրոտոկոլային մտածելակերպի ներդրմանը՝ ի նպաստ ազգային ներքին տոկունության և արտաքին դիմադրողականության բարձրացմանը։ Սա իր հերթին կբերի հանրային նոր, բարձր նշաձողերի և արժեհամակարգի ձգտող պետականակերտ և համակարգակիր ազգի ինքնության ձևավորումը։ Ավելին՝ իրատեսական կարող է համարվել հանրության մասնագիտացման հայեցակարգի այդրունավետ ներդրման համապարփակ անվտանգային համակարգի զուգակցումը: Երկու հայեցակարգերի արդյունավետ համակցումը, տեղայնացումն ու բազմաշերտ կիրարկումը հնարավոր է մտածված, ներքին տեղեկատվական-քարոզչության, այն է՝ արժեհամակարգ ձևավորող, հետևողական, տեղեկատվական, կրթական քաղաքականության շնորհիվ։

🟢  Ազգային դեմոկրատական կորպորատիզմի մեխանիզմի վրա խարսխված փոքր պետությունների մասնագիտացման հայեցակարգը՝ համակցված համապարփակ                                                    անվտանգային համակարգի հետ, հնարավոր է միայն հմուտ և երկարաժամկետ ռազմավարական պլանավորման պայմաններում: Այն ենթադրում է մի շարք քաղաքականությունների համապարփակ և հաշվարկված մշակում և միևնույն ժամանակ ներդրում՝ կրթության, անվտանգային, պետական ինստիտուտցիոնալ-կադրային և տեղեկատվաքարոզչական բնագավառներում: Սույն մոտեցումը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում հնարավորություն կտա ձևավորել նոր ազգային-պետական բարձր պատասխանատվության զգացողություն, ամուր արժեհամակարգ և պետական մտածելակերպ ունեցող, ինքնամոտիվացվող պասիոնար և պրոֆեսիոնալ հանրություն։

🟢 Ձևավորվող նոր՝ սուր հակամարտային աշխարհակարգում, որտեղ կոնվենցիոն կամ հոգեբանական - հիբրիդային պատերազմները աստիճանաբար դառնում են միջազգային քաղաքականության բաղկացուցիչներ, Հայաստանի Հանրապետությունն ու պետականակերտ հանրությունը, իր ուրույն ինքնությամբ եւ քաղաքական դերակատարմամբ, կարող է գոյատևել իր միջավայրում, ինչպես նաև ձգտել օրակարգեր թելադրել բացառապես իր ներքին կուռ, ժամանակակից, մոտիվացվող և մարտահրավերներին միշտ պատրաստ ազգային ինքնության դրսևորմամբ: Վերոնշյալը հնարավոր է մասնագիտացված պետության և համապարփակ անվտանգային համակարգ հայեցակարգերի համալիր-համակարգային ներդրման միջոցով: Հայաստանի Հանրապետության պարագայում այն կարող է ձևակերպվել ոչ բլոկային «Ամրոց-պետություն. մարտնչող ժողովրդավարություն» հայեցակարգի շրջանակներում։>>

 

Արեգ Քոչինյան

 

🟢 <<Ազգային դիմադրողունակության տեսանկյունից էական են հասարակության դիմադրողունակության չափումները, որոնք, իրենց հերթին, հիմնված են անհատի դիմադրողունակության և անհատների միջև կապի (մշակութային և քաղաքական ինքնություն, գաղափարներ) դիմադրողունակության վրա։ Մարդու դիմադրողունակության համար անհրաժեշտ են կենսական, անվտանգային, տնտեսական, սոցիալականացման ու մտավոր զարգացման հնարավորություններ, ինչպես նաև անհատական աճի ու զարգացման համար անհրաժեշտ պայմանների ապահովում։ Նման ապահովվածություն ունեցող մարդկանցից բաղկացած հասարակությունը ճիշտ առաջնորդման պարագայում ոչ միայն դիմադրողունակ է, այլ նաև արագ զարգացող։ Ձևավորված մշակութային եւ քաղաքական ինքնությունը ու ազգային գաղափարախոսությունը ապահովում են կայացած անհատներից՝ դիմադրողունակ հասարակության լավագույն կազմակերպումը: Ուստի, անհրաժեշտ է կարևորել Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր ժողովուրդների սեփական մշակութային ինքնության պահպանման ու զարգացման լավագույն պայմանների ձևավորումը, ինչպես նաև միասնական քաղաքական ինքնության ձևավորումն ու ազգային պետական շահերի հետ նույնականացվող ազգային գաղափարախոսության արմատավորումը։>>

 

Արմինե Մարգարյան

 

🟢  <<Հայաստանի Հանարապետությունն արդի միջազգային հարաբերություններում իրեն պետք է դիրքավորի որպես ոչ բլոկային (չմիավորված) կարգավիճակ ունեցող փոքր պետության՝ արտաքին դաշտում մանևրելու ազատությունից օգտվելու եւ ոչ բլոկային բազմավեկտորության գործիքները թիրախային կիրարկելու համար: Հետեւաբար, ՀՀ արտաքին քաղաքականության վերանայված հայեցակարգը պետք է բխի «Ամրոց-պետություն. մարտնչող ժողովրդավարություն» հայեցակարգից։

🟢  Այսպես՝ թեպետ գոյություն չունի «Չմիավորման» համընդհանուր ընդունելի սահմանում, այն դիտարկվում է որպես Պետության կողմից որևէ ռազմական դաշինքին անդամակցելուց ձեռնպահ մնալու քաղաքականություն: Հատկանշական է, որ չմիավորման քաղաքականությունը հանդիսանում է ոչ թե որոշակի հակամարտության ժամանակ դիրքորոշում, այլ՝ համապարփակ քաղաքականություն: Հետեւաբար, այն տարբերվում է եւ առավել ընդգրկուն է, քան «չեզոքության» քաղաքականությունը, քանի որ վերջինս ոչ թե հանդիսանում է Պետության արտաքին քաղաքականության սկզբունք, այլ կիրառվում է որոշակի պատերազմի կամ հակամարտության պարագայում:

🟢 Չմիավորման քաղաքականությունը տարբերվում է նաեւ «Ապահովագրման» քաղաքականությունից (hedging), քանի որ մինչ չմիավորման դեպքում պետությունը փակում է իր առջեւ դեպի որեւէ դաշինք տանող բոլոր ճանապարհները՝ ապահովագրման քաղաքականություն վարելու դեպքում պետությունը որդեգրում է չխառնվելու/չմիջամտելու մարտավարություն՝ զուգահեռաբար չբացառելով ապագայում որեւէ դաշինքին անդամակցելու տարբերակը: Առանձնակի ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ չմիավորման քաղաքականությունը որպես նպատակ դիտարկելը կարող է հանգեցնել արտաքին աշխարհից Պետության մեկուսացմանը: Հետեւաբար, այն անհրաժեշտ է դիտարկել որպես միջոց՝ բլոկային կարգավիճակից բխող համակարգային սահմանափակումները շրջանցելու ճանապարհով ռազմավարական գործընկերների փոխշահավետ ցանց ստեղծելու, փոքր պետությունների հետ փոխգործակցությամբ քաղաքական ուժ եւ ազդեցություն պրոյեկտելու եւ մեծերի ու փոքրերի առանձնահատկություններից բխող մոտեցումներում Հայաստանի Հանրապետության պետական շահը սպասարկելու, արտաքին քաղաքականության տեսանելիություն ապահովելու եւ տարածաշրջանային դերակատար դառնալու համար: Ավելին՝ չմիավորման քաղաքականությունը միջոց դիտարկելու պարագայում Պետության մասնագիտացման հայեցակարգը կարող է դառնալ արտաքին քաղաքական լոկոմոտիվ, քանի որ այն հստակեցնում է, թե Հայաստանի Հանրապետությունը արտաքին հնարավոր գործընկերներից իր ակնկալիքները ձեւակերպելուն զուգընթաց, ինչը կարող է նաեւ առաջարկել վերջիններիս:



Ալբերտ Ներզեթյան

 

Տեղեկատվական և կիբեռ անվտանգության ռիսկերի և դրանց կանխարգելման հայեցակարգային հենքի համար պետք է առանձնացնել 4 հիմնական ուղղություն/նպատակ՝

🟢 1) կիբեռ ճկունություն պետական, մասնավոր եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար,

🟢  2) անվտանգ եւ նորարարական թվային ծառայություններ,

🟢 3) պետական եւ ոչ պետական դերակատարների կողմիցկիբեռհարձակումներից արդյունավետ պաշտպանություն

🟢  4) աշխատաշուկայի զարգացում եւ հանրային կիբեռ ճկունություն։

 

 

Դիտումներ՝ 349

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????