0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Համակարգային նշանակության խնդիրների լուծումը գործող Սահմանադրությունը չի տալիս

January 14, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

Պարոն Սաքունց, ՀՔԾ-ն ավարտել է վառելիքի գործը, որով կես մլրդ դրամ վնաս պատճառելու առնչությամբ մեղադրանք է առաջադրված նաև Սերժ Սարգսյանին։ Ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ Սերժ Սարգսյանն անցնում է այս գործով։ Տեսակետ կա, որ նա շատ ուրիշ գործերով պետք է պատասխանատվության ենթարկվի, այդ թվում «Մարտի 1»-ի գործով։

 

Ճիշտն ասած, ես ծանոթ չեմ գործի նյութերին, թե ինչ հիմնավորումներ, ինչ ապացույցներ են ձեռք բերվել։ Դրա համար, մի փոքր դժվար է որևէ մեկնաբանություն անելը, պետք է սպասել դատաքննությանը, երբ կներկայացվեն տվյալները։ Բայց այստեղ հարցը մինչև դատաքննության անցնելը վերաբերում է նախաքննության մարմնին, որովհետև դատարանը ստիպված է լինում գործ ունենալ նախաքննության մարմնի կողմից իրականացված քննության նյութերին։ Իսկ նախաքննության նյութերի որակը պայմանավորված է նախաքննության մարմնի մասնագիտական կարողություններով։ Այստեղ ես ունեմ լուրջ վերապահումներ նախ այս դատաիրավական համակարգի, մասնավորապես, քննչական մարմինների մասնագիտական որակների հետ կապված, որովհետև այդ մարդիկ մնացել են նույնը։ Նրանք երկար տարիներ աշխատել են պետության զավթման ժամանակներում։ Ինձ համար շատ դժվար է պատկերացնել, որ նրանք կկարողանան բազմակողմանի, օբյեկտիվ ու լրիվ քննություն իրականացնել նոր իրավիճակներում, և հատկապես այն մարդկանց նկատմամբ, որոնց պահանջները կատարողներն են եղել երկար տարիներ։ Դրա համար, կոնկրետ այս դեպքի հետ կապված պետք է սպասել նյութերին, որպեսզի վերջնական եզրակացության գանք։

 

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք հենց այս գործով պետք է գնար Սերժ Սարգսյանը, ապա նա այնքան տարբեր պատասխանատվություններ ունի, որոնց հետևանքները մենք տեսել, զգացել, արձանագրել, բարձրաձայնել ենք, որ ես անգամ չգիտեմ, թե որից պետք է սկսել, որով ավարտել։ Բայց ես չեմ կարծում, որ այդպես հատային մոտեցումները արդյունավետ են, որովհետև ամբողջ այդ համակարգային կոռուպցիոն կառավարման ձևից ելնելով շատ ավելի լուրջ խնդիրներ կան, որոնցով պետք է զբաղվել։ Ուզում եմ հիշեցնել, որ ժամանակին Սերժ Սարգսյանն ասում էր՝ թղթի վրա ամեն ինչ կարգին է։ Նա ՏԻՄ ներկայացուցիչների հետ հայտնի հանդիպման ժամանակ էր հրապարակավ ասել, որ ՏԻՄ ղեկավարների կողմից կատարված հանցագործությունների մասին բազմաթիվ ահազանգերի ինքն ընթացք չի տվել։ Երևի թե պետք է մի ամբողջ քննչական խումբ զբաղվի այդ պետական ռեսուրսների տնօրինման հետ կապված հարցերով։ Ի վերջո, հիշեցնեմ հայտնի կիպրոսյան օֆշորային սկանդալի հետ կապված պատմությունը, որ ինքն ազատեց աշխատանքից Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնից, ապա նրան նշանակեց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան։ Այսինքն՝ շատ ավելի լուրջ համակարգային խնդիրներ կան, որոնք արձանագրված են, որոնց ուղղությամբ քննությունը կբացահայտեր կառավարման հանցավոր էությունը՝ իր բոլոր դրսևորումներով և հետևանքներով, որի դրվագներից ընդամենը մեկն է հանդիսանում վառելիքի հետ կապված այդ հարցը։ Ես նկատի ունեմ, որ շատ ավելի լուրջ համակարգային կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված կարելի էր քննություն իրականացնել։

 

Մյուս կողմից, ընդհանրապես անհասկանալի է, թե ինչ կարգավիճակ ունի Սերժ Սարգսյանը «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը բռնի զավթելու քրգործի շրջանակներում, մանավանդ, որ ինքը եղել է ՀՀ վարչապետը այդ ժամանակ։ Տարօրինակ է, որ այդ գործով ինքը որևէ մասնակցություն չունի, որքան գիտեմ նա անցնում է ընդամենը վկայի կարգավիճակով։ Սա ևս մեկ ապացույց է քննչական մարմինների որակի մասին։

 

Արդարադատության նախարարը հայտարարել է, որ աշխատանքային խումբ է ձևավորվում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար։ Կարելի՞ է արձանագրել, որ իշխանությունը հասկացավ, որ առանց այդ փոփոխությունների հնարավոր չի լինելու դատական բարեփոխումների հասնել, մասնավորապես, կոնկրետ ՍԴ-ի խնդիրը լուծել։

 

Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մեջ է ձևակերպված սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման խնդիրը։ Ես չգիտեմ՝ քաղաքական իշխանությունը գիտակցում է, թե ոչ, բայց ուղղակի ուղերձ, ուղղակի դիրքորոշում, մոտեցում ոչ թե սահմանադրական փոփոխության, այլ ընդհանրապես նոր Սահմանադրության ընդունման կապակցությամբ, ես չեմ լսել մինչ այժմ։ Ավելին, նույնիսկ այդ դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մեջ հստակ չի ձևակերպված սահմանադրական փոփոխությունների նպատակը։ Այս վերջին Սահմանադրությունը գնահատել ենք որպես պարտադրված Սահմանադրություն և բնութագրել ենք որպես ավտորիտար կառավարման, միակուսակցական կառավարման Սահմանադրություն, նաև պերմանենտ ճգնաժամերի Սահմանադրություն, քանի որ չի ապահովում իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքը։ Այս Սահմանադրության համաձայն՝ անունով խորհրդարանական է կառավարման համակարգը, բայց չի ապահովում խորհրդարանական արդյունավետ վերահսկողությունը գործադիր իշխանության նկատմամբ։ «Կայուն քաղաքական մեծամասնություն» հասկացությունը, սկզբունքը անհամատեղելի է ժողովրդավարական սկզբունքների հետ, որովհետև նույնիսկ նախատեսում է, որ առավելագույնը 3 քաղաքական ուժեր կարող են կոալիցիա կազմել։ Անհասկանալի է, թե ինչու։ Այս Սահմանադրությունը չի ապահովում, որ քաղաքացու սոցիալական, տնտեսական, իրավունքների խախտման դեպքում դրանց սահմանադրականությունը վիճարկելու հարցով հնարավոր լինի դիմել ՍԴ։ Այսինքն՝ կան բազմաթիվ հարցեր, համակարգային և առանձին խնդիրներ, որոնք Սահմանադրությունը չի լուծում։ Բայց ես այս ուղերձները չեմ լսել, որ այդ խնդիրների լուծման համար պետք է կատարվեն սահմանադրական փոփոխություններ։

 

Մյուս կողմից, ես չեմ կարողանում հասկանալ այդ սահմանադրական փոփոխությունը, ի՞նչը փոխես։ Սա այն Սահմանադրությունը չի, որ կարող ես փոփոխության ենթարկել։ Այն նոր Սահմանադրությունը, որը հույս ունեմ այս տարի կընդունվի, կլինի առաջին լեգիտիմ Սահմանադրությունը ընդունման տեսակետից, և հույս ունեմ, որ կտա այն խնդիրների լուծումը, որոնց մասին ես խոսում եմ։ Գործող Սահմանադրության մեջ չի ապահովված նաև ԱԱԾ-ի, քննչական մարմինների, ոստիկանության, իրավապահ այլ մարմինների նկատմամբ պատշաճ խորհրդարանական վերահսկողություն, ինչը շատ կարևոր է իշխանության ճյուղերի տարանջատման և փոխզսպման սկզբունքի, դատական իշխանության անկախության, ՍԴ լեգիտիմության ապահովման տեսակետից։ Այսինքն՝ այստեղ կա խնդիրների մի ամբողջ փունջ, որի լուծումները հայտնի են։ Ընդամենը պետք է դրանց իրագործման մասին մտածել։ Մյուս կողմից ես խնդիրներ եմ տեսնում մասնագիտական հանձնաժողով ասվածի հետ կապված, որովհետև սկզբից պետք է ոչ թե մասնագիտական հանձնաժողովը ստեղծվի, այլ ներկայացուցչական մարմին պետք է լինի, որը պետք է ընդգրկի քաղաքական ու քաղաքացիական տարբեր ուժերի։ Այսինքն՝ պետք է հանրային լայն կոնսենսուս ապահովող հանձնաժողով նախ լինի, որի աշխատանքների համար նոր արդեն կարող է ստեղծվել մասնագիտական հանձնաժողով։ Ես կարծում եմ, որ այս հարցերը լուծում կստանան, որպեսզի մենք խնդիրներ չունենանք նոր Սահմանադրության թե նախագծի, թե ընդունման հետ կապված լեգիտիմության տեսակետից։

 

Նախորդ տարվա վերջին ընդունվեց ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակի գնալու հնարավորություն տվող օրենքը, սակայն մինչ այժմ որևէ ՍԴ անդամ չի արձագանքել դրան և վաղաժամ թոշակի չի գնացել։ Ստացվում է, որ սահմանադրական փոփոխություններո՞վ պետք է լուծվի այդ խնդիրը։

 

Գործող Սահմանադրության շրջանակներում նման խնդիրները լուծում չունեն։ Ավելին, ինչ օրենք էլ ընդունվի, այն սահմանափակված է գործող Սահմանադրության նորմերով։ Դրա համար ի սկզբանե հասկանալի է, որ խնդիրը լուծում չի ստանալու։ Եթե հիշում եք, 2018 թվականի ընթացքում թավշյա հեղափոխությունից հետո, որպեսզի տեղի ունենան ԱԺ արտահերթ ընտրություններ, անհրաժեշտ եղավ զանգվածային մեծ աջակցություն, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից երկու անգամ հրաժարական տա և հնարավորություն առաջանա նոր ընտրություններ անցկացնելու։ Սա վառ ապացույց է, որ այս Սահմանադրությունը ընդհանրապես արդյունավետ չի։ Այն հստակ իրավական ընթացակարգեր չի նախատեսում, լուծումներ չի տալիս ինչ-որ իրավիճակներում, որը մեր աչքի առաջ տեղի ունեցավ։ Այսինքն՝ անգամ արտահերթ ընտրությունների հետ կապված հարցերն են դժվարացվում։ Համակարգային նշանակության խնդիրները չեն կարողանում լուծել այս Սահմանադրության շրջանակներում և ընթացակարգերով։ Այս Սահմանադրությունն այլ նպատակով է ստեղծված եղել։ Դա Սերժ Սարգսյանի անձնական իշխանության և ՀՀԿ-ի գերիշխանության ապահովման Սահմանադրություն էր։ Այս Սահմանադրությունը չի կարող արդյունավետ լինել, կամ այն պետք է ընդունվի որպես գործիք նոր իշխանության կողմից, սակայն, իմ համոզմամբ, դրանք անտագոնիստական են իրենց մոտեցումներով, միջոցներով։ Դրա համար կլինի դա ՍԴ, թե կլինի դատական իշխանության, թե խորհրդարանական արդյունավետ վերահսկողություն, իմ նշած համակարգային նշանակության խնդիրների լուծումը գործող Սահմանադրությունը չի տալիս։ Հետևաբար, առանձին լուծումներ գտնելու փորձերը դատապարտված են ձախողման, դա չի լինելու։

 

lragir.am

Դիտումներ՝ 331

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը


  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը