Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Վահագն Չախալյանի բռնի գործողություններից տուծած սպիտակցիները դժգոհ են քննության ընթացքից

«Ստամբուլյան կոնվենցիայի» վավերացման դեմ ստորագրահավաքի նախաձեռնող «Կամք» ՀԿ հիմնադիր Վահագն Չախալյանի բռնի գործողություններից տուծած սպիտակցիները դժգոհ են քննության ընթացքից: Նրանք դիմել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ:

Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրահավաք իրականացնող «Կամք» հասարակական նախաձեռնության անդամները՝ Վահագն Չախալյանի գլխավորությամբ, 2019 թվականի սեպտեմբերի 6-ին բռնություն են կիրառել Սպիտակի մի խումբ բնակիչների հանդեպ:

 

Տես նաև՝ 60-ն անց տղամարդը հայհոյում էր, մյուս խոշորամարմինը փորձում էր խփել. «Կամք»-ի անդամները 2 աղջկա բռնության են ենթարկել

 

Ոտնահարված իրավունքների պաշտպանության նպատակով 2020 թվականի հունվարի 13-ին նրանք դիմել են ՀՔԱՎ գրասենյակ: Բնակիչները պատմել են, որ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը և նրա մի խումբ համախոհներ ստորագրահավաք են նախաձեռնել Սպիտակ քաղաքի կենտրոնում՝ մշակույթի տան մոտակայքում: Ստորագրահավաքին մասնակցել չցանկացող 2 կանանց նրանք փորձել են համոզել՝ ստորագրել: Տեսնելով դա՝ Սպիտակի բնակիչ, 75-ամյա Հրաչիկ Թումանյանը միջամտել է՝ ասելով. «Ինչու՞ եք պարտադրում, եթե չեն ուզում՝ թող չստորագրեն»: Ի պատասխան՝ Վահագն Չախալյանը տարեց տղամարդուն վիրավորել է՝ ասելով «ապուշ», որից հետո բռունցքով հարվածել նրա դեմքին: 70-ամյա Ռուդիկ Դարչինյանի մոտ էլ բռնության հետևանքով առաջացել է ծանրալսություն:

 

Նրանք պնդում են, որ գործը քննող Սպիտակի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանը կողմնակալ է և ակնհայտորեն ջանքեր չի գործադրում՝ օբյեկտիվ քննություն իրականացնելու ուղղությամբ: Բնակիչները կասկածներ ունեն, որ ամիսներ ձգվող առերեսումները նոր ցուցմունքներ կորզելու միջոցով հին ցուցմունքները փոխելու նպատակ են հետապնդում: Հրաչիկ Թումանյանը ՀՔԱՎ գրասենյակին ցույց է տվել իր բջջային հեռախոսում առկա նկարներ՝ որոնցում երևում է նրա՝ կապտուկներով դեմքը: 5 ամիս շարունակվող քրեական գործը, քաղաքացիների տեղեկացմամբ, կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով, ինչն էլ հարուցել է նրանց դժգոհությունը:

 

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր