Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Խոշտանգումների, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեպքերով ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից և ՀՀ դատական ատյաններում իրականացվող քննության վիճակի վերաբերյալ. վերլուծություն

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացված մշտադիտարկման այս ծրագրի նպատակն էր վերհանել խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ դրսևորումների կանխարգելման և արդյունավետ քրեական հետապնդման ոլորտում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման վիճակը: Խնդիր էր դրվել ուսումնասիրել իրավապահ մարմինների և դատական համակարգի գործունեությունը՝ նշված վերաբերմունքի արդյունքում ձեռք բերված ապացույցների, մասնավորապես՝ խոստովանական ցուցմունքների օգտագործման արգելքի, խոշտանգման, անմարդկային և արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի մասին հայտարարությունների արդյունավետ, այսինքն՝ մեղավորներին հայտնաբերելու ողջամիտ հեռանկարներ տրամադրող քննության և նրանց նկատմամբ բավականաչափ զսպող և համարժեք պատիժ նշանակելու տեսանկյունից:

 

Դիտարկման արդյունքները ևս մեկ անգամ հաստատեցին վաղուց ի վեր ձևավորված այն պատկերացումը, որ իշխանության ներկայացուցիչների կողմից ենթադրաբար կատարված հանցագործություններով վարույթի առաջխաղացման, այն է՝ քրեական գործի հարուցման, մեղադրանք առաջադրելու գործը դատարան ուղարկելու և մեղադրական դատավճիռ արձակելու համար, գործում են ապացուցողական բոլորովին այլ՝ շատ ավելի բարձր չափանիշներ, քան այն բոլոր դեպքերում, երբ ենթադրյալ հանցագործը իշխանության ներկայացուցիչ չէ:

 

Այս խտրական վերաբերմունքը դրսևորվում է քրեական վարույթի բոլոր փուլերում:

 

Մշտադիտարկման շրջանակներում ուսումնասիրվել է 10 դեպք, որոնց առթիվ արված խոշտանգման և/կամ այլ վատ վերաբերմունքի մասին հայտարարություններով քրեական վարույթը գտնվում է տարբեր փուլերում: Սակայն բոլոր գործերով էլ որևէ դեպք չկա, որտեղ պաշտոնատար անձանցից որևէ մեկին առաջադրված լինի քրեական մեղադրանք:

 

Վերլուծությամբ վերհանված խնդիրները տեղ են գտել նաև ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի 59-րդ նստաշրջանին ընդառաջ քաղաքացիական հասարարակության կողմից (Գործընկերություն հանուն բաց հասարակության) ներկայացված համատեղ զեկույցում:

 

Զեկույցն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր