Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

2020թ․ մարտի 15-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքների ուսումնասիրություն

March 19, 2020

Գործունեություն | Ընտրական գործընթաց | Ընտրելու և հանրաքվեներին մասնակցելու իրավունք | Նորություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2020 թ․ մարտի 15-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են տեղի ունեցել Շիրակի մարզի 3, Լոռու մարզի մեկ և Արագածոտնի մարզի մեկ համայնքում։ Անկախ դիտորդը հնարավորություն չի ունեցել դիտարկելու քվեարկության ընթացքը, սակայն ուսումնասիրել է ընտրությունների արդյունքները։ Ընդհանուր առմամբ առաջադրվել է 13 թեկնածու։ Բոլոր թեկնածուներն ինքնաառաջադրվել են և եղել են անկուսակցական։

 

Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում համայնքի ղեկավարի ընտրություններն արտահերթ էին, քանի որ 2019 թ․ դեկտեմբերին համայնքի ղեկավարը հրաժարական էր ներկայացրել: Այս համայնքը 5-ից միակն է, որտեղ համայնքի գործող ղեկավարը չէր առաջադրվել։ Ըստ ԿԸՀ կայքում տեղադրված տվյալների՝ Ագարակ համայնքի նախկին ղեկավար, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Վահան Խաչատրյանը համայնքի ղեկավար է ընտրվել 4 անգամ (առաջին անգամ 2005 թ.)։ 2005 թ․ նրա մրցակիցները 3-ն էին, իսկ 2008 և 2016 թթ․-ին մրցակիցներ չի ունեցել։ 2012 թ․ Վահան Խաչատրյանի միակ մրցակիցը եղել է Արմեն Հարությունյանը, որը համայնքի ղեկավարի պաշտոնակատար էր նշանակվել 2019 թ․ դեկտեմբերի 27-ին, իսկ այս կիրակի կայացած ընտրությունների արդյունքում ընտրվել է համայնքի ղեկավար։ Ի դեպ, 2020 թ․ որպես անկուսակցական հանդես եկած Արմեն Հարությունյանը 2012 թ․-ին առաջադրվել է՝ հանդես գալով որպես Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ։

 

Մյուս 4 համայնքներում, բացի համայնքի գործող ղեկավարից, առաջադրվել էր ևս 1-ական թեկնածու։ Այդ համայնքներից երեքում՝ Լոռու մարզի Չկալով, Շիրակի մարզի Նահապետավան և Տուֆաշեն համայնքներում առաջադրված երկրորդ թեկնածուները մինչև քվեարկության օրը ինքնաբացարկ են հայտնել, ինչի արդյունքում համայնքի ղեկավարները վերընտրվել են առանց մրցակցության։ Ի դեպ, Չկալով և Նահապետավան համայնքներում ինքնաբացարկ հայտնած երկրորդ թեկնածուները աշխատում են համայնքապետարանում։

 

  • Լոռու մարզի Չկալով համայնքի ղեկավար վերընտրված Ռոման Շաքարյանն առաջին անգամ համայնքի ղեկավար է ընտրվել 2012 թ․՝ հանդիսանալով Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ։ Նշենք, որ այդ ընտրություններին նրա մյուս երկու մրցակիցները նույնպես եղել են Հանրապետական կուսակցության անդամ։ Ուշագրավ է, որ  2019 թ․ դեկտեմբերին Չկալով համայնքի ավագանու ընտրություններում ամենից շատ ձայներով ընտրված ավագանու անդամը Ռոման Շաքարյանի կինն է։
  • Շիրակի մարզի Նահապետավան համայնքի ղեկավար Գոռ Պետրոսյանն առաջին անգամ առաջադրվել և ընտրվել է 2012 թ․ որպես անկուսակցական։ 2015 թ․ Գ. Պետրոսյանը վերընտրվել է, արդեն լինելով Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, իսկ 2020 թ․ կրկին առաջադրվել և առանց մրցակցության ընտրվել է որպես անկուսակցական։
  • Շիրակի մարզի Տուֆաշեն համայնքի ղեկավար Արտակ Եգորյանը առաջին անգամ առաջադրվել և առանց մրցակցության ընտրվել է 2012 թ․ արտահերթ ընտրությունների ժամանակ։ 2015 թ․ Ա. Եգորյանը վերընտրվել է ևս առանց մրցակցության։ 2012 և 2015 թթ․ Ա. Եգորյանը ընտրություններին մասնակցել է՝ լինելով  Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, իսկ 2020 թ․ առաջադրվել է որպես անկուսակցական։

 

 

Շիրակի մարզի Գեղանիստ համայնքը փաստացի եղել է միակը, որտեղ համայնքի ղեկավարն ունեցել է մրցակից և չի վերընտրվել։ Այս համայնքի նախկին ղեկավար Աղասի Ղազարյանն առաջին անգամ ընտրվել է 2005 թ․ և եղել է անկուսակցական։ Աղասի Ղազարյանը վերընտրվել է 2007, 2012 և 2015 թթ․, և այս բոլոր ընտրությունների ժամանակ  առաջադրվել է որպես անկուսակցական և ունեցել է մրցակիցներ։ 2020 թ․ մարտին կայացած ընտրություններում ընտրվել է առաջին անգամ առաջադրված անկուսակցական Սենիկ Մարտիրոսյանը։

 

Այսպիսով՝ Անկախ դիտորդ դաշինքը կրկին արձանագրում է. 

 

  • համայնքի ղեկավարի ընտրություններում իրական մրցակցության ապահովման համար անհրաժեշտ է համայնքի ղեկավարի առաջադրման քանակի սահմանափակում, 
  • համայնքի ղեկավարների կուսակցական պատկանելությունն ավելի շատ արտացոլում է տվյալ պահին քաղաքական նպատակահարմարությունը, քան կուսակցության քաղաքական պատասխանատվությունը: 
  • մինչև համայնքային մակարդակում համամասնական ընտրակարգի անցումը՝ անհրաժեշտ է ուսումնասիրել, գնահատել  և սահմանել տեղական մակարդակում բազմակուսակցական համակարգի կայացածությունը, կուսակցությունների ներգրավման հնարավորությունը և կարողությունները՝ բացառելու համար քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված ՏԻ մարմինների կուսակցականացումը, որը, բերելով ավագանու և համայնքի ղեկավարների մակարդակում միակուսակցականության, կարող է խաթարել ինքնակառավարման տրամաբանությունը և կրկին ստեղծել վարչական ռեսուրսների չարաշահման վտանգներ։  

 

Դիտումներ՝ 1125

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????