Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Զորակոչիկներին հորդորում են առողջական վիճակի հետազոտությունները անցնել վճարովի հիմունքներով

May 16, 2023

Գործունեություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Պետական կառույցներ

ՀՀ կառավարության որոշմամբ 2023 թվականի ամառային զորակոչը հայտարարվել է ապրիլի 17-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։

 

Զորակոչի շրջանակներում մինչ օրս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել 16 զորակոչիկ, որոնց մեծ մասի՝ 67 %-ի հիմնական խնդիրը կապված է առողջական վիճակի հետազոտությունների ոչ պատշաճ իրականացման հետ։

 

Ինչպես նախորդ տարիներին, այժմ ևս զորակոչիկները դիմում են այլ խնդիրներով ևս, մասնավորապես՝ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների և բժշկական հաստատությունների կողմից իրենց առողջական վիճակի հետազոտության վերաբերյալ փաստաթղթերի չտրամադրման, ՀՀ կառավարության 2018 թ. ապրիլի 12-ի N-404-Ն որոշմամբ սահմանված պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տարկետման հիմքերի վերաբերյալ խորհրդատվության և այլ հարցերով։

 

2023 թ.  ամառային զորակոչին, առաջին անգամ, բացի նշված խնդիրներից, Կազմակերպությունը ստանում է ահազանգեր նաև այն մասին, որ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների բժշկական հանձնաժողովները զորակոչիկներին հետազոտությունների ուղեգրելու համար «բավարար հիմնավոր չեն համարում» նրանց գանգատները և հորդորում են անցնել բժշկական հետազոտություններ սեփական ֆինանսական միջոցներով։ Նշված հետազոտությունների արդյունքների հիման վրա որոշում է կայացվում զորակոչիկներին բժշկական հետազոտության ուղեգրելու անհրաժեշտության վերաբերյալ։

 

Որոշ դեպքերում զորակոչիկները սեփական միջոցներով հետազոտություններ անցնելուց հետո տարածքային ստորաբաժանումների կողմից ուղեգրվում են հետազոտությունների նույն բժշկական հաստատություններ։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նման մոտեցումը համարում է անընդունելի, քանի որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը սահմանում է, որ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, ներառյալ` զորահավաքային զորակոչի, պայմանագրային զինվորական ծառայության և վարժական հավաքի ներգրավելու դեպքերում քաղաքացիների հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում են առաջնահերթ ու անվճար` պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում»։

 

Կազմակերպությունը մշտապես բարձրաձայնել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից որոշում կայացնելիս զորակոչիկների սեփական միջոցներով անցած բժշկական հետազոտությունների արդյունքները հաշվի առնելու կարևորությունը, սակայն քաղաքացիներին վճարովի հետազոտություններ անցնելու պարտադրանքը կամ ցուցումները ակնհայտորեն հակասում են օրենսդրությամբ սահմանված կարգին։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը  շարունակում է անվճար իրավական աջակցություն տրամադրել ինչպես զորակոչիկներին, այնպես էլ զինծառայողներին, պահեստազորում հաշվառված անձանց և նրանց հարազատներին։

 

Անվճար իրավական աջակցություն ստանալու համար կարող եք դիմել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Պաշտպանության և անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող Նազելի Մովսեսյանին՝

 

093 111 615 (նաև viber, whatsapp), 

nmovsesyan@hcav.am ։

Դիտումներ՝ 344

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????