Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Բացարձակ անհամատեղելի է ժողովրդավարական պետությունում պաշտոնատար անձի կողմից որևէ ԶԼՄ-ի նկատմամբ որևէ դատական հայցի ներկայացումը». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

«Պատգամավորը կամ պաշտոնատար որևէ անձ պետք է իմանա մեկընդմիշտ, որ ենթակա է հանրության և զլմ-երի կողմից ամենախիստ, այդ թվում թեկուզ իր տեսակետից ոչ հաճելի, թեկուզ ամենասուր, թեկուզ ամենաանհիմն քննադատության և խոսքերի:

 

Ոչ ոք ոչ մեկին չի ստիպել զբաղվել այնպիսի աշխատանքով, որը կապված է հենց հանրության համար որոշումների կայացման հետ:

 

Քաղաքացիները վճարում են հարկեր, որոնց հաշվին ապահովվում է պետական մարմինների և նրանց աշխատակիցների գործունեությունը, որոնք պետք է զբաղվեն իրենց հարկատուների ընդհանուր խնդիրների լուծման համար կարևոր որոշումներ ընդունելով:

 

Բացարձակ անհամատեղելի է ժողովրդավարական պետությունում պաշտոնատար անձի, այն էլ ԱԺ պատգամավորի կամ նախարարի կողմից որևէ քաղաքացու կամ ԶԼՄ-ի նկատմամբ որևէ դատական հայցի ներկայացումը:

 

Նման գործելակերպը համարում եմ պաշտոնատար անձի կողմից գրաքննության փորձ:

 

Հուսով եմ դատավորները պետք է, եթե ունեն համարժեք կարողություն և պատրաստվածություն, մերժեն բոլոր հայցադիմումները, որպեսզի պաշտպանված լինի կարծիքի արտահայտման ազատությունը:

 

Հակառակ պարագայում, դատարանների կողմից զրպարտության կամ վիրավորանքի հիմքով պաշտոնատար անձանց կողմից ԶԼՄ-երի, քաղաքացիների դեմ հայցերի բավարարման շարանը կհանգեցնի օրենքի ուժով գրաքննության ինստիտուտի ամրագրմանը, և հետևաբար ազատ խոսքի և կարծիքի արտահայտման սահմանափակմանը պետության կողմից, որն անհամատեղելի է և անհրաժեշտ չի կարող համարվել ժողովրդավարական պետության շահերի տեսանկյունից:

 

Չեք կարողանում տանել նաև Ձեզ համար ոչ հաճելի խոսքն ու կարծիքը, որոնց տանելն էլ է Ձեր պարտավորությունների մեջ, կարող եք հրաժարական տալ:

 

Իսկ կեղծ տեղեկությունների դեմ միակ և օրինական ճանապարհը պաշտոնատար անձանց համար, հանդիսանում է ճշմարիտ տեղեկություններ տրամադրելը հանրությանը, որպեսզի հանրությունը հնարավրություն ունենա ազատ և անկաշկանդ իր կարծիքը ձևավորել երևույթի, կամ ենթադրյալ փաստի մասին, որի վերաբերյալ տարածվել են տարբեր, նաև իրար հակասող տեղեկությունները:

 

Այլ տարբերակ և այլ ճանապարհ չկա:

 

Սա վերաբերվում է նաև քաղաքական և հանրային գործիչներին:

 

Նման հարցերի քննարկման համար, ծայրահեղ դեպքում կան ԶԼՄ-երի ինքնակարգավորման, էթիկայի մարմիններ»:

 

168.am

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր