Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Անհապաղ պետք է քրգործ հարուցվի ԱԱԽ քարտուղարի հայտարարությունների հիման վրա. ինչու են իրար հակասում ԱԱԾ-ն ու ԱԱԽ քարտուղարը

January 24, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը և Ազգային անվտանգության ծառայությունը իրար հակասող հայտարարություններ են անում։ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երկրորդ անգամ և վստահաբար պնդում է՝ ողջամիտ կասկածներ կան, որ ՀՀ-ում հեղաշրջում էր նախապատրաստվում, որի փորձը կանխվել է։ Այս պնդումը երեկ կառավարության նիստից հետո կրկին արել է Գրիգորյանը։

 

Իսկ նախօրեին, հիշեցնենք, Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ հեղաշրջման փորձ չի եղել։ Թեև ԱԱԾ-ի հայտարարությունը վերաբերում էր կոնկրետ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին։

 

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը «Ֆակտոր» լրատվականի հետ զրույցում հայտարարել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում է նախապատրաստել, որի համար էլ պաշտոնանկ է արվել։ Դրանից հետո ԱԱԾ-ն ուսումնասիրել էր Հակոբյանի հայտարարությունը և հանգել եզրակացության, որ Վանեցյանի կողմից հեղաշրջման փորձ չի եղել։

 

Արմեն Գրիգորյանի խոսքերով՝ «նախկին իշխանությունը պարբերաբար փորձել է տորպեդահարել՝ օգտագործելով գործիքներ և մարդկանց, շատ մարդիկ հետևել են այդ գաղափարներին և փորձել քայլեր ձեռնարկել»: «Ընդհանրապես՝ գաղափար ունենալը դժվար է դատապարտելի համարել, իսկ գործողություններն այնպիսին են, որ դրանք հստակ կապելը մարդկանց երազանքի և նպատակի հետ դժվար է: Այն կանխվել է, տարբեր հետևանքներ են եղել, եղել են նաև պաշտոնանկություններ»,- ասել է Գրիգորյանը՝ չնշելով անուններ և պաշտոններ:

 

Գրիգորյանի խոսքերով՝ նպատակի համար օգտագործվել են տարբեր ուղիներ՝ սկսած ֆեյքնյուզից մինչև իշխող քաղաքական «թիմին սևացնելը»՝ ասելով, որ պետական համակարգը չի աշխատելու, տնտեսությունը ձախողելու է, հողեր են հանձնվում: ԱԱԽ ղեկավարը՝ հղում անելով ռուսական ԶԼՄ-ներում հարցազրույցների, նշել է, որ երբ «հողեր հանձնելու» մասով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին էին մեղադրանքներ ներկայացվում, դրա համար հիմքեր կային:

 

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի խոսքերով, եթե գնահատում ենք իրավիճակը, ապա ԱԱԾ և Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունների վերաբերյալ իրավիճակը ստացվում է տարօրինակ և մի քիչ էլ անլուրջ, որովհետև եթե եղել է պետական հեղաշրջման փորձ, ապա այդ փորձը պետք է ունենա իրավական հետևանք, քրեորեն հետապնդելի հետևանք, որովհետև հասկանալի է, թե ինչ հանցագործության մասին է խոսքը։ Իսկ եթե չկա նման հետևանք, ապա հարց է առաջանում, թե առհասարակ ինչի մասին է խոսքը, կամ նման փորձի հանդեպ ոչ համարժեք արձագանք է եղել։ «Քանի որ Անվտանգության խորհրդի քարտուղարն ասում է, որ նման փորձ է եղել, իսկ ԱԱԾ-ին ասում է, որ նման տեղեկության չի տիրապետում, ապա իրավիճակն իսկապես տարօրինակ և անլուրջ է»,- ասաց Բադալյանը՝ հավելելով, որ ենթադրվում է, որ Անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից նման հայտարարությունները իրականում ունեն քարոզչական բնույթ, արվում են քարոզչական նպատակներից ելնելով։ «Քաղաքական իշխանությունն այդ մասին խոսելով՝ այդպիսով պատասխանում է իր հանդեպ քարոզչական, տեղեկատվական այն գրոհներին, որոնց մասին մենք բոլորս գիտենք, ականատես ենք լինում տեղեկատվական դաշտի մի զգալի մասից»,- ասաց քաղաքագետը։

 

Մեր դիտարկմանը՝ ամեն դեպքում, հաշվի առնելով հանգամանքը, թե ինչ կարգի բարձրաստիճան պաշտոնյա է անում այդ պնդումը, չպետք է դրան հաջորդի իրավական պրոցես և, այնուամենայնիվ, պարզի, թե ինչի մասին է խոսում Արմեն Գրիգորյանը, Բադալյանը պատասխանեց. «Ես արդեն ասացի, որ իրավիճակը բավական տարօրինակ և անլուրջ է, և այդ մասին պետք է խորհել, իսկ քաղաքական ղեկավարությունը պետք է պատասխանատու կերպով մոտենա այս հարցին ու հստակ պատասխան տա՝ եղե՞լ է պետական հեղաշրջման փորձ, թե՞ չի եղել։ Եթե եղել է, ապա տարօրինակ է ասել՝ քրեական գործ հարուցելու կարիք կա, թե ոչ։ Պետական հեղաշրջման փորձը աներկբա պետք է արժանանար այնպիսի արձագանքի, որի հետևանքներից մեկն էլ պետք է լիներ քրեական գործի հարուցումը։ Իսկ եթե մինչ հիմա քրեական գործ չկա, ապա հասկանալի չէ, թե ինչ պետական հեղաշրջման մասին է խոսքը։ Իսկ հաջորդ հարցն այն է, թե ինչու է ԱԱԾ-ն ասում, որ տեղյակ չէ, ի վերջո, որտեղ է ոչ կոմպետենտությունը և ոչ համարժեք վերաբերմունքը իրավիճակին՝ ԱԱԾ-ո՞ւմ, թե՞ Անվտանգության խորհրդում։ Այս հակադրությունները թողնում են բավական անլուրջ տպավորություն»։

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, սակայն, վստահաբար պնդում է, որ գլխավոր դատախազությունն անհապաղ պետք է քրեական գործ հարուցի Արմեն Գրիգորյանի հայտարարության վերաբերյալ։ «Բավական անհասկանալի իրավիճակ է, բայց եթե Անվտանգության խորհրդի քարտուղարն է պնդում, որ հեղաշրջման փորձեր եղել են, դա նշանակում է, որ դրա հետևում պաշտոնատար անձինք են եղել, պաշտոն չունեցողների կողմից պետական հեղաշրջման փորձ չի լինում։ Հետևաբար, Գրիգորյանի հայտարարությունը պետք է դիտել հաղորդում հանցագործության մասին, գլխավոր դատախազությունը պետք է անպայման ընթացք տա դրան։ Նման հայտարարությունները չեն կարող իրավական հետևանք չունենալ, որի դեպքում միայն կարող ենք ակնկալել հստակություն, թե դա ում կողմից է կատարվել, ինչ միջոցներով, ինչ մեխանիզմներով»,- նկատեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ եթե բարձրաստիճան պաշտոնատար անձը նման հայտարարություն է անում, ապա հանրությունը իրավունք ունի ստանալու օբյեկտիվ տեղեկատվություն, թե ինչ է կատարվում պետության ներսում։ Դա նաև կնպաստի պետության հանդեպ վստահությանը։ «Իրավիճակը պետք է բացատրություն ունենա։ Հակառակ դեպքում պարարտ հող է ստեղծվելու մեկնաբանությունների շահարկումների համար։ Գլխավոր դատախազությունը անհապաղ պետք է քրեական գործ հարուցի ԱԱԽ քարտուղարի հայտարարությունների հիման վրա և հանձնարարի, որ քննությունը իրականացվի Հատուկ քննչական ծառայության կողմից»,- եզրափակեց Սաքունցը։

 

1in.am

Դիտումներ՝ 535

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????