0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

Ձախողում և հրաժարում հեղափոխության բուն օրակարգից. առանց անցումային վեթինգի անհնար է դատական համակարգի փոփոխություն

May 20, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպման ժամանակ ակնհայտ դարձավ, որ վեթինգ չի լինելու։ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կարծիքով՝ ներկայումս Դատական օրենսգրքում դրված մեխանիզմները թույլ են տալիս դատական համակարգում իրականացնել առողջացում՝ աստիճանական, իսկ համատարած վեթինգը կարող է բացասական հետևանքներ ունենալ, ավելին՝ այն հնարավոր չէ առանց Սահմանադրությունը փոխելու: «Բայց պետք է նշել, որ, եթե մենք ուզում ենք այդ ճանապարհով գնալ, դա նշանակում է՝ ամբողջ դատական համակարգի դատավորներին ստուգել միանգամից, համատարած՝ մի կարճ ժամանակահատվածի ընթացքում: Սա կարող է բերել բացասական հետևանքների: Բայց դա մոռանանք, կենտրոնանանք իրավական հնարավորությունների վրա: Սա անելու համար միանշանակ պետք են Սահմանադրական փոփոխություններ: Այսինքն՝ առանց Սահմանադրությունը փոփոխելու հնարավոր չէ իրականացնել նման տեսակի վեթինգ, պայմանական անվանենք համատարած վեթինգ»,- ասել է նախարարը։

 

Քաղաքական որոշ շրջանակներ, քաղհասարակությունն արդեն քննադատում են իշխանությանը հեղափոխությունից հետո տրված խոստումներից նահանջելու հարցում։ Մասնավորապես, դատական համակարգը մաքրելու համար վեթինգ իրականացնելու մտքից հետ կանգնելու համար։

 

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը երեկ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ պահանջեց նախարար Ռուստամ Բադասյանի հրաժարականը։ «Ով կմտածեր, որ հեղափոխությունից երկու տարի անց դատական համակարգի արմատական առողջացման փոխարեն`այսպիսի շրջադարձ: Նախարարը ջանք չխնայեց` վարչապետին ապացուցելու, թե ինչու հնարավոր չէ կիրառել դատավորների վեթինգ: Ռուստամ Բադասյանը երեկ ռեկորդ սահմանեց այն հարցում, թե ինչպես կարելի է հեղափոխության առաջնորդին համոզել, որ ճիշտը ոչ թե հեղափոխական փոփոխություններն են, այլ այն ամենը, հանուն որոնց փոփոխության տեղի էր ունեցել հեղափոխություն։ Բադասյանը վարչապետին զեկուցեց, որ ամբողջությամբ տապալել են նրա հանձնարարականը։ Ռուստամ Բադասյանը երեկ արձանագրեց, որ պետք է մոռանալ իրական վեթինգի, իրական անցումային արդարադատության մասին, քանի որ դրան խանգարում են Սահմանադրությունը, Վենետիկի հանձնաժողովը… խանգարում է ամեն ինչ»,- հայտարարեց Բաբաջանյանը։

 
 

Պատգամավորի խոսքերով` վարչապետի լուռ համաձայնությունից կարելի է ենթադրել, որ իրեն բավարարում են իր նախարարի` դատական համակարգը հեղափոխությունից հեռու պահելու հիմնավորումները, որոնք «նույնական են մեր երկրի արդարադատությունը բռնաբարած Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի, Հրայր Թովմասյանի փաստարկներին: Մենք պետք է արդեն տեղեկացված լինեինք Ռուստամ Բադասյանի հրաժարականի մասին, բայց նման բան չկա»: Բաբաջանյանի խոսքերով` հեղափոխությունը բռնել է պարտության ճանապարհը:

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ցավով և վրդովմունքով է արձանագրում, որ իշխանությունից ակնկալված արմատական փոփոխությունները չեն արվելու։ Նրա խոսքերով՝ խնդիրը շատ ավելի խորքային է։ Իրավիճակը ցույց է տալիս, որ գործ ունենք դատական համակարգում գոյություն ունեցող խնդիրների ոչ համարժեք գիտակցման փաստի հետ։ «Բազմաթիվ նկարագրությունները, դժգոհությունները, դատարանների գործունեության հետ կապված անվստահությունները բազմիցս նկարագրվել են, բարձրաձայնվել են, անմիջական փորձով են համոզվել դրանում, հանրային ցածր վստահությունը ակնհայտ է դատական համակարգի վերաբերյալ և թվում էր, որ այս ամենը բավարար էր, որպեսզի խորապես գիտակցվեին այն պատճառները, որոնց հետևանքով դատական իշխանությունը գտնվում է նման անմխիթար վիճակի մեջ։ Եթե երեկ մեզ ասեին, որ այս պահին պայմանավորված ինչ-ինչ սահմանադրական սահմանափակումներով այս պահին սա ենք անում, բայց սա այն չէ, ինչ պետք է արվեր, բայց դեռ փոփոխություններ ու քայլեր ձեռնարկվելու են արմատական փոփոխությունների ուղղությամբ, գուցե նման արձագանք չլիներ։ Բայց, կարծես թե, իրապես գործ ունենք խնդրի ողջ էությունը և նշանակությունը չգիտակցելու փաստի հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը՝ հիշեցնելով, որ նույն վարչապետը անցած տարի պարբերաբար, ամենատարբեր առիթներով ամենասուր գնահատականներով արտահայտվել է դատական իշխանության վիճակի մասին։

 

Ընդհուպ կոչ արեց շրջափակել դատարանի շենքերը, որը ժամանակին քննադատվեց։ «Թվում էր՝ այդ սուր գնահատականները պետք է վարչապետին մղեին շատ արմատական գործողությունների, բայց պարզվում է, որ ոչ։ Ներկայումս կամ իրենք չեն հասկանում, որ այն, ինչ իրենք առաջարկում են՝ արմատական փոփոխություններ չեն, կամ իրապես չեն հասկանում, չունեն հայեցակարգ, մոտեցում, թե որն է ճանապարհը, որը պետք է տանի դեպի արմատական փոփոխություն։ Մենք՝ քաղհասարակությունը, բազմիցս է առաջարկներ ներկայացրել անցումային արդարադատության, վեթինգի կարևորության, նշանակության մասին, որ առանց անցումային վեթինգի, առանց համակարգը հներից զտելու հնարավոր չէ դատական իշխանության համակարգում արմատական փոփոխություններ ակնկալել։ Առանց անցումային վեթինգի հնարավոր չի լինի հասարակության վստահությունը բարձրացնել դատական համակարգի նկատմամբ։ Առանց անցումային վեթինգի անհնար է»,- ընդգծեց Սաքունցը՝ ավելացնելով, որ եթե հիմա իշխանությունը ասում է, թե Սահմանադրությունը թույլ չի տալիս ամբողջական վեթինգ անել, դա ուղղակի խոստովանություն է, որ ժամանակին իրենք չեն գիտակցել անցումային վեթինգի կարևորությունը, հակառակ դեպքում՝ հայեցակարգի մշակման շրջանակներում չէր կարող առաջ չգալ սահմանադրական այդ փոփոխությունները կատարելու անհրաժեշտությունը։ Ոչ թե կդրվեր Սահմանադրական դատարանի մեկ կամ երկու անդամի, կամ նախագահի հարցը, այլ այնպիսի մի փոփոխություն կձեռնարկվեր, որի պարագայում անցումային վեթինգը կարող էր ապահովված լիներ։ «Բայց, քանի որ անցումային վեթինգի կարևորությունը չի գիտակցվել, դրա համար, այդ տեսակետից, սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը չի դիտարկվել։ Եվ հիմա ասել, թե գիտեք՝ այս Սահմանադրությունը խոչընդոտում է և այլն, դա ես համարում եմ բացարձակ անհարգալից վերաբերմունք հանրության նկատմամբ, քանի որ, եթե իշխանությունը պատրաստ է հանրաքվեի գնալ անձի փոփոխության համար, բայց օրակարգում չի տեսել այդ նույն Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը դատական համակարգում անցումային վեթինգ կատարելու համար, ապա սա խոսում է համակարգային մոտեցման բացակայության մասին։ Հենց հիմա էլ այդ համակարգային մոտեցման նշանակությունը չի գիտակցվում»,- ընդգծեց իրավապաշտպանը։

 

Արթուր Սաքունցը զարմանում է, որ հեղափոխությունից երկու տարի անց էլ իշխանության կողմից չի գիտակցվել, որ 2015 թվականին պարտադրված Սահմանադրությունը ամբողջությամբ պետք է մի կողմ նետվի՝ որպես ՀՀ ժողովրդավարական պետության վերականգնմանը խոչընդոտող հիմնական փաստաթուղթ։ «Մինչև սրա գիտակցումը չլինի, առանձին, համակարգային խնդիրների լուծումը լինելու է թերի, անարդյունք և անիմաստ, անպտուղ։ Եվ սա վարչապետի հետ հանդիպման ժամանակ պետք է հնչեցվեր։ Առավել մտահոգիչը հենց այն է, որ նման խոսք չհնչեցվեց։ Պետք է ասվեր, թե ինչ են գոնե պատրաստվում անել։ Ամեն ինչից զատ, ես կրկնում եմ՝ առանց դատական իշխանության արմատական վեթինգի, դատական համակարգում որևէ արմատական փոփոխություն չի կարող իրականացվել։ Իսկ առանց դատական իշխանության, դատավորի անկախության ապահովման, առանց որակյալ կադրերի, հեղափոխությունը կլինի ձախողված, որովհետև հեղափոխության հիմնական պատճառը արդարադատության բացակայությունն էր։ Երբ որ պետությունը զավթողներին հեղափոխությամբ հեռացնում ես, բայց նրանց ստեղծած զավթման գործիքների հիմնասյունը հանդիսացող դատական համակարգը կոսմետիկ փոփոխություններով փորձում ես բարեփոխման տպավորություն ստեղծել, ապա դա ոչ միայն ձախողում է, այլև հրաժարում է հեղափոխության բուն օրակարգից»,- եզրափակեց Արթուր Սաքունցը։

 
Դիտումներ՝ 130

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

Ընտրեք տեքստի դիտման
Ձեզ մատչելի տարբերակը

Ընթացիկ հայտարարություններ


  • Տառաչափ
    A A A
  • Տառատեսակ
    arial verdana tahoma
  • Հաստություն
    regular light bold
  • Հեռավորություն
    1px 2px 3px
  • Գունային սխեմա
    Սևով սպիտակի վրա Սպիտակով սևի վրա
  • Ֆոնի գույնը
  • Տեքստի գույնը