Արդարադատության նախարարությունն առաջարկում է դադարեցնել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտի և Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հարկային և մաքսային մարմիններում նախաքննություն իրականացնող ստորաբաժանումների գործունեությունը՝ այդ գործառույթները փոխանցելով Քննչական կոմիտեին։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Առաջին» լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ամբողջությամբ ողջունում է այս քայլը. «Շատ կարևոր քայլ է քննչական գործառույթները գերատեսչական գործառույթներից տարանջատելու և քննության արդյունավետությունը քննչական մարմնի անկախությունը երաշխավորելու ուղղությամբ։ Իհարկե, ամբողջական երաշխավորման համար դեռևս պետք է կատարել փոփոխություն այն իմաստով, որ քննչական կոմիտեի ղեկավարը ինստիտուցիոնալ առումով կախվածության մեջ չմնա գործադիր իշխանության ղեկավարից։ Սա ենթադրում է Սահմանադրական փոփոխություն, որը գտնում եմ, որ պետք է դիտարկվի սահմանադրական բարեփոխումների շրջանակում»,-ասաց նա:
Սաքունցը հիշեցրեց, որ այս առաջարկությունն իրենք տարիներ շարունակ ներկայացրել են դեռևս այն ժամանակ, երբ քննչական կոմիտե կամ հատուկ քննչական ծառայությունն էր ստեղծվում, բայց հաշվի չէր առնվում. «Հիմա կունենանք Քննչական կոմիտե և մյուսը Հակակոռուպցիոն կոմիտե։ Շատ կարևոր է այս երկու մարմինների ինստիտուցիոնալ անկախության երաշխավորումը Սամանադրությամբ, որի դեպքում կունենանք ամբողջական պատկեր իշխանությունների տարանջատման և փոխզսպման տեսանկյունից։
Երբ ժամանակին քննչական մարմինները գտնվում էին ոստիկանության կառույցի ներսում, դա էապես ազդում էր քննության որակի արդյունավետության, ինչպես նաև օբյեկտիվության վրա, որովհետև կար որոշակ շահերի բախում հանցագործությունների կանխարգելման, հանցագործություն կատարած անձանց բացահայտման գործառույթներ իրականացնող ոստիկանության և քննչական մարմինների միջև»,-ընդգծեց իրավապաշտպանը:
Սա, ըստ նրա, հանգեցնում էր մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների կոծկմանը. «Ելնելով այս խնդրի լուծման անհրաժեշտությունից՝ առանձնացրին և ճիշտ էր, բայց մնացին քննչական գործառույթները ԱԱԾ-ում և ՊԵԿ-ում։ Սա քայլ է այդ գործառույթների տարանջատման, օրինակ՝ ԱԱԾ-ն նյութեր է նախապատրաստում կամ հիմքերի առկայության դեպքում ներկայացնում է քննչական կոմիտե, որը կախված չէ ԱԱԾ-ից»:
Փոխարենը Արթուր Սաքունցը մեկ այլ խնդիր է տեսնում. «Խնդիրն այն է, որ ԱԱԾ պետը կամ ՊԵԿ ղեկավարը ինստիտուցիոնալ առումով այլևս ուղղակի քննչական մարմինների վրա չեն կարող ունենալ ազդեցություն, այս շղթան կտրվում է, բայց քանի դեռ ԱԱԾ պետը և Քննչական կոմիտեի ղեկավարը ուղղակիորեն ենթարկվում են վարչապետին, այստեղ ռիսկերը մնում են: Այսինքն գործադիր իշխանության կողմից կա մի ձեռքով քննչական մարմինների, մյուս ձեռքով ԱԱԾ և ՊԵԿ ուղղակի ազդեցություն ունենալու հնարավորություններ, և սա չպետք է պայմանավորել անձով։ Պետք է Սահմանադրությամբ անկախությունը երաշխավորել, Քննչական կոմիտեի ղեկավարը պետք է ֆորմալ առումով նշանակվի, բայց հաստատումը ԱԺ-ի կողմից պետք է լինի։ Պառլամենտական արդյունավետ վերահսկողություն պետք է լինի այդ մարմինների նկատմամբ։ Նրանց ղեկավարների նշանակման կամ որոշման հարցում առանց պառլամենտի անմիջական մասնակցության չի կարող երաշխավորված լինել այդ ինստիտուտների ինստիտուցիոնալ անկախությունը, և Սահմանադրությունը պետք է տա լուծումներ, բայց իբրև առաջին քայլ ողջունելի է, կարևոր է այս փոփխոություները: Գործող Սահմանադրության շրջանակներում սա պետք է համարել քայլ առաջ, բայց պետք է հաջող քայլն էլ անել»,-հայտարարեց Սաքունց: