Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ԱԱԾ նախկին գեներալի ասածներին պետք չէ լուրջ վերաբերվել. Wikileaks-ի գաղտնազերծած փաստաթղթերը հակառակն էին փաստում

February 25, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

«ԱԱԾ նախկին գեներալի ասածներին պետք չէ լուրջ վերաբերվել»,- անդրադառնալով ՍԴ նախկին դատավոր Վալերի Պողոսյանի հարցազրույցին՝ ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

 

Հիշեցնենք, որ ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ, Սահմանադրական դատարանի 1996-2014 թթ. անդամ, գեներալ-մայոր Վալերի Պողոսյանն «Ա1+»-ի հետ զրույցում ասել էր, որ սահմանադրական փոփոխությունների համար հանրաքվեի անհրաժեշտություն չկա, բացի դրանից, նա համոզմունք էր հայտնել, որ Սահմանադրությունն այդ բանը թույլ չի տալիս՝ «թեկուզ այն պատճառով, որ անցումային դրույթը չի կարելի դնել որպես փոփոխության ենթակա դրույթ»։

 

Վալերի Պողոսյանը, անդրադառնալով գործող իշխանությունների և նրանց աջակիցների մեղադրանքներին, թե ՍԴ-ն դակել է կեղծված ընտրությունները, նշել է, որ ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը գործակալական ցանցի շնորհիվ կարող էին 5 րոպեում դա պարզել և տալ համապատասխան տեղեկանք, բայց դա չեն արել։

 

Վալերի Պողոսյանը նաև նշել է, որ եթե հանրաքվեով դադարեցվեն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և մյուս 6 անդամների լիազորությունները, ապա նրանք կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

 

Սաքունցի խոսքով՝ Վալերի Պողոսյանը հենց իր հարցազրույցում է փաստ ներկայացնում՝ հիմնավորելով, որ ՍԴ-ն քաղաքական նպատակահարմարությունից է որոշում կայացրել, բայց փորձ է անում ամեն ինչ ներկայացնել այլ լույսի ներքո: «Նա մի կողմից՝ նշում է, թե հատուկ ծառայությունները բավարար փաստեր չեն ունեցել ընտրությունների արդյունքները վիճարկելու ժամանակ ՍԴ-ի կողմից կողմնակալ որոշման մասին, բայց մյուս կողմից՝ խոսում է վստահության հանրաքվեի մասին: Բացի դրանից, ինչ էլ նա ասի՝ բոլորս հիշում ենք Վիկիլիքսի հայտնի փաստաթուղթը: Մարդիկ, ովքեր լինելով բարձր դատարանի անդամ, ակնհայտ կեղծիք են թույլ տալիս և նաև ստում են դրա վերաբերյալ, ապա նրանց խոսքն այլևս երբեք վստահելի չի կարող լինել, որովհետև ամեն ինչ պայմանավորված է եղել քաղաքական նպատակահարմարությամբ: Այնպես որ, չարժե անգամ ուշադրություն դարձնել, թե ինչ է ասում Պողոսյանը, որը զարմանալիորեն, իր խոսքերով, ծանոթ էլ չէ 2015 թվականի Սահմանադրությանը և դրա վերաբերյալ դատողություններ է անում»,- ասաց իրավապաշտպանը:

 

Անդրադառնալով Վալերի Պողոսյանի դիտարկմանը, թե անցումային դրույթը հանրաքվեի չեն դնում, մեր զրուցակիցը նկատեց, որ գործող Սահմանադրության վերաբերյալ որևէ իրավական դատողություն անելը աբսուրդ է: Այդ իսկ պատճառով մնում է խնդրի լուծման մեկ տարբերակ՝ ուղիղ հանրաքվեները. «Այս իրավիճակում ես հանրաքվեն համարում եմ ամենածայրահեղ միջոցը, բայց առհասարակ հանրաքվեի ինստիտուտը պետք է զարգացնել: Այն ժողովրդավարական կառավարման ամենակարևոր նվաճումներից է: Պարզապես խնդիրն այն է, որ իրավական մեխանիզմները, որոնք ամրագրված են այսօրվա Սահմանադրությունում, կանխատեսելի և իրականանալի չեն: Դրանք փակուղային են: Հետևաբար այս Սահմանադրությունը արմատապես չփոխելու պարագայում մշտապես ռիսկ կա, որ հայտնվելու ենք փակուղային իրավիճակներում: Առավել ևս, երբ խնդիրը վերաբերի ՍԴ լիազորություններին: Այստեղ ՍԴ դատավորները շահագրգիռ կողմ են, և որևէ իրավական մեխանիզմ չկա շահերի բախման պարագայում խնդրի լուծման համար: Սա ապացուցում է, որ այս Սահմանադրությամբ կարգավորված իրավական ընթացակարգերը նպատակ չեն ունեցել, որպեսզի մենք ունենանք իրավական արդյունավետ գործող համակարգ»:

 

Հիշեցնենք, որ Վալերի Պողոսյանը ՍԴ այն անդամն էր, որի մասին տարիներ առաջ Wikileaks-ում փաստաթղթեր գաղտնազերծվեցին։ Այդ փաստաթղթում, մասնավորապես, նշվում էր, որ 2008թ. Վալերի Պողոսյանը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին ահազանգել է, որ Ռոբերտ Քոչարյանն է պարտադրել Սահմանադրական դատարանի մարտի 8-ի որոշումը, որով վճռվեց, որ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի բողոքը հիմնազուրկ է: Պողոսյանը, ըստ այդ փաստաթղթերի, նաև ասել էր, թե իր և ՍԴ այլ անդամների նկատմամբ այդ օրերին նախագահի աշխատակազմից ճնշումներ են եղել: Հեղափոխություից հետո Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին մեղադրանք առաջադրվեց ՍԴ դատավորի վրա ճնշում գործադրելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Գործի հարուցումից հետո Վալերի Պողոսյանը հերքել էր այդ ամենը, նաև այն, թե ինքը ցուցմունք է տվել Արմեն Գևորգյանի դեմ: Վալերի Պողոսյանը նաև վրդովմունք էր հայտնել, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հարցազրույցի ժամանակ անդրադառնալով այդ քրեական գործին՝ տվել էր իր անունը: Իմ անվտանգության մասին որևէ մեկը մտածե՞լ է՝ հայտարարել էր Պողոսյանը:

 

1in.am

Դիտումներ՝ 532

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????