Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Պուտինյան ռեժիմն ամրապնդում և հզորացնում է իր ռազմական ներկայությունը Հայաստանում. ում դեմ է այն ուղղված

October 30, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

«Սա առաջին հերթին որակում եմ որպես Ռուսաստանի Դաշնության, հանձինս պուտինյան ռեժիմի, ռազմական ներկայացման ամրապնդում և հզորացում։ Եվ հայտնի չէ, թե դրա համար ինչ հիմնավորումներ կան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով տեղեկությանը, ըստ որի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ռազմական ներուժը գրեթե կկրկնապատկվի։

 

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանում գտնվող Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հայաստան կատարած այցի շրջանակներում այցել է ռուսական 102-րդ ռազմակայան: Ռազմակայանի հրամանատար գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը նախարարին զեկուցել է, որ արդիական նոր սպառազինություններով ու նոր տեխնիկայով վերազինվելուց հետո ռազմակայանի ռազմական ներուժը գրեթե կկրկնապատկվի:

 

Այնուհետև արդեն Երևանում, ՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների հանդիպում, որի ժամանակ ՌԴ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ իր այցը մեկնարկել է Գյումրիից` ընդգծելով տեղի ազգաբնակչության բարեկամական վերաբերմունքը 102-րդ ռուսական ռազմակայանի անձնակազմի հանդեպ: Սերգեյ Շոյգուն գոհունակությամբ արձանագրել է պաշտպանական ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հարաբերությունների բարձր մակարդակը և դրանց ռազմավարական դաշնակցային բնույթը, կարևորել է համատեղ մարտական պատրաստության, օպերատիվ պլանավորման, ռազմական կրթության, ՌԴ 102-րդ ռազմակայանի մարտունակության ամրապնդման և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հետևողական զարգացումը։ Այցի արդյունքներով ստորագրվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների համագործակցության 2020 թ. ծրագիրը, որը ներառում է երկկողմ համագործակցության ուղղությունների լայն շրջանակ:

 

Անդրադառնալով ռազմակայանի ռազմական ներուժի ավելացմանը, Սաքունցը նկատեց, որ նման հայտարարություն անելուց առաջ չի նշվել որևէ հիմք, խնդիր, որոնց լուծման համար անհրաժեշտ է ռուսական ռազմաբազայի ներուժի ընդլայնում։ «Բացի դրանից՝ հայ-ռուսական որևէ պայմանագրով, ցավոք սրտի, չի ամրագրված, թե ռուսական բազայում զինծառայողների թիվը ինչքան կարող է լինել։ Հասկանալի չէ, թե զինծառայողների թվաքանակը մինչև ուր կարող է հասնել։ Կարո՞ղ են ռազմաբազայի զինծառայողների թիվը հասցնել 100 հազարի, որտեղ են նրանց տեղակայելու։ Ռազմաբազայի ընդլայնումը ենթադրում է նաև լրացուցիչ տարածքների տրամադրում։ Սա բավական լուրջ, մտահոգիչ հանգամանք է»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ ներկա պահին հասկանալի է, որ ռազմակայանի ռազմական ներուժի ընդլայնման միակ անհրաժեշտությունը բխում է Ռուսաստանի Դաշնության շահերից։ «Հայաստանի Հանրապետության անվտանգության որևէ շահից բխող ոչինչ չեմ տեսնում ես ռուսական ռազմաբազայի ընդյալնումը։ Բացի դրանից՝ այս իրադարձությունները հաջորդում են թավշյա հեղափոխությանը, ժողովրդավարական զարգացումներին, որի ֆոնին ես այլ նպատակ չեմ տեսնում, քան ընդդեմ ՀՀ-ի ժողովրդավարության կատարված քայլի, որովհետև ժամանակին պուտինյան ռեժիմի կարկառունները մշտապես էին խոսում նույն ՀԱՊԿ-ի զորքերը անդամ երկրներում ներքաղաքական իրադարձությունների ժամանակ օգտագործելու տեսակետից։ Իսկ այն, որ ժողովրդավարությունը, իրավունքի գերակայության սկզբունքի ամրապնդումը օրգանական հակասության մեջ են մտել պուտինյան շահերի հետ և նրանք դրանում վտանգներ են տեսնում իրենց իշխանության համար, ակնհայտ է։ Հետևաբար, ես գտնում եմ, որ ռազմակայանի հզորացմանն ուղղված քայլն առաջին հերթին ուղղված է մեր դեմ»,- եզրափակեց Արթուր Սաքունցը։

 

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը ևս խիստ բացասական է համարում ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական ներուժի կրկնապատկումը, որի հիմնավորումը, անհրաժեշտությունը որևէ կերպ չի ներկայացվում։ Խզմալյանի խոսքերով՝ հարցն ունի երկու կողմ՝ իրվական և քաղաքական։ «Իրավական հարցն այն է, որ հասկանալի չէ, թե ում են հարցրել, ում համաձայնությունն են ստացել ռուսները նման բան անելու համար։ Հասկանալի չէ, թե ինչ է նշանակում ռազմական ներուժի կրկնապատկում։ Խոսը քանակայի՞ն, որակական ներուժի մասին է։ Ինչ է դա ենթադրում։ Ատոմային ռումբե՞ր են պատրաստվում բերել, թե՞ այստեղի զինծառայողների թիվն են ուզում 70 հազար դարձնել։ Ես կարծում եմ, որ այդ հարցերի պատասխանը պետք է տա վարչապետը, կառավարությունը և ԱԺ-ն, որոնց մենք ընտրել ենք։ Մենք այս հարցերը իրենց միջոցով պետք է ուղղենք ռուսներին, թե ինչից են որոշել նման քայլերի գնալ, ում են հարցրել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Խզմալյանը։

 

Ինչ վերաբերում է հարցի քաղաքական կողմին, ապա ըստ մեր զրուցակցի՝ հարցն այն է, թե ում դեմ է ուղղված ընդհանրապես ռուսական ռազմաբազան և առավել ևս՝ դրա ներուժի կրկնապատկումը։ «Հարց է առաջանում՝ արդյոք դա ուղղվա՞ծ է Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Թուրքիայի դեմ։ Բայց, կարծես թե, ոչ։ Արդյոք դա ուղղվա՞ծ է Ադրբեջանի դեմ, որը Ռուսաստանի զենքի խոշորագույն գնորդն է, բայց, կարծես թե, սա էլ չէ։ Ուրեմն ո՞ւմ դեմ։ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դե՞մ, ապա դա մեզ դնում է բավական հետաքրքիր և կտրուկ անբարենպաստ աշխարհաքաղաքական և ուղղակի ֆիզիկական գոյության համար անհարմար իրավիճակի մեջ։ Գուցե դա ուղղված է հենց մեր դեմ, քանի որ մեզ մոտ ծնվեց ժողովրդավարության մի ավանդույթ, և գուցե մեր կառավարությունն այդքան բարեհամբույր չգտնվի ռուսական ռազմաբազայի՝ Հայաստանում հետագա ներկայության հարցում։ Այս հարցերի պատասխանները պետք է տա վարչապետն ու կառավարությունը, բայց եթե այս ամենը մեր դեմ է, ապա մենք դրան պետք է պատրաստ լինենք։ Այնպես որ, մեր կուսակցությունը խիստ բացասական է վերաբերում այս զարգացումներին»,- եզրափակեց Տիգրան Խզմալյանը։

 

1in.am

Դիտումներ՝ 861

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????