Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Գիտակցված կեղծիք է. Մայրապետյանի գործով ՄԻԵԴ որոշումը հանդիսանում է իրավական համակարգի բարեփոխման կարևոր ռեսուրս

January 19, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Սամվել Մայրապետյանի մասով տրված հանձնարարականը մեծ աղմուկ է բարձրացրել։ Այն որակվում է ՄԻԵԴ-ի կողմից նոր իշխանությունների դեմ որպես առաջին որոշում, և կարծիքներ են հնչում, որ նման որոշումներ դեռ շատ կլինեն։

 

Իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի հունվարի 17-ի որոշմամբ բավարարել է Սամվել Մայրապետյանի 2019 թվականի հունվարի 2-ի միջնորդությունը Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց ձեռնարկու վերաբերյալ: Նշված որոշմամբ՝ ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջում է անհապաղ ապահովել, որ դիմումատուն ստանա համարժեք բժշկական օգնություն՝ իր ընթացիկ առողջական վիճակին և բժիշկ-մասնագետների ցուցումներին համապատասխան, անհրաժեշտության դեպքում՝ ապահովելով նաև տրանսլյումինալ դրենավորման գործընթացը:

 

ՀՀ կառավարությունը հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում Դատարանին պետք է տրամադրի տեղեկատվություն միջանկյալ միջոցի կիրառումն ապահովելու նպատակով ձեռնարկված անհրաժեշտ միջոցների մասին:

 

Արդարադատության նախարարությունից «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին, որ ներկայումս Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը, համագործակցելով իրավասու մարմինների հետ, ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր քննարկվող որոշման պահանջների կատարումն ապահովելու համար:

 

ՄԻԵԴ այս որոշումն ակտիվորեն քննարկվեց նաև Ազգային ժողովում։ Դրան անդրադարձել է նաև ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ «…Վստահ եմ՝ սա առաջին նման որոշումն է, բայց` ոչ վերջինը: Սա բոլորի ու առաջին հերթին ՀՀ հարկատուների խնդիրն է։ Պետք է բացառել այն իրավիճակը, երբ ընդգծված ոչ պրոֆեսիոնալիզմը, շտապողականությունը, ղեկավարին «լավ արդյունք» ցույց տալու անզուսպ մղումը կբերեն անդառնալի հետևանքների։ Այստեղ այլևս ավելորդ կլինեն պաթետիկ կամ «բա էն ժամանակ ասեիր» անիմաստ տեքստերը։ Սխալը սխալ է՝ հիմա, թե այն ժամանակ: Հորդորս քաղաքական ղեկավարությանը՝ հորդորեք, պահանջեք իրավապահ մարմիններին գործել պրոֆեսիոնալ՝ ո՛չ ավելի, ո՛չ էլ պակաս: Առանձին հորդոր դատական իշխանությանը և նրա ներկայացուցիչներին՝ հիշե՛ք՝ ձեր հակաիրավական որոշումների համար (որոնք հաստատվելու են ՄԻԵԴ կողմից) պատասխանատու եք դուք, միայն ու միայն դուք՝ անկախ նրանից՝ ձեզ են զանգել, թե դուք»,- գրել էր Արփինե Հովհաննիսյանը։

 

Իշխանությունից ևս արձագանքել են Մայրապետյանի գործով ՄԻԵԴ որոշմանը։ Մասնավորապես, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկին փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը այս որոշման հարցում էլ տեսնում է նախկին իշխանությունների մեղքը. «Եթե որոշումները կլինեն այն պատճառով, որ մեր պետությունում մեր կողմից կընդունվեն օրենքներ, որոնց արդյունքում կխախտվեն մարդու իրավունքները, կասեմ՝ մեր մեղքն է: Եթե արդարադատության նախարարությունը համապատասխան միջամտություն չի անի, այսինքն՝ չի գնա դեպի հաշտություն, ուղղելու և գնա հին տարբերակով, որ ամեն ինչի դեմ պետք է պայքարել, կասեմ՝ դա մեր մեղքն է: Սամվել Մայրապետյանի գործով այդ օրենքն ընդունվել է նախորդ իշխանության օրոք, կարող եմ կառավարության որոշումը հանել ու ցույց տալ, թե ով է տակը ստորագրել»,- ասել է Բաղդասարյանը։

 

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը զարմանում է Մայրապետյանի գործով ՄԻԵԴ այս որոշման շուրջ բարձրացված աղմուկից, քանի որ նրա դիտարկմամբ՝ Սամվել Մայրապետյանի գործով նրա փաստաբանական խմբի տրամադրած մամլո հաղորդագրությունը որոշ լրատվամիջոցներ այնպես են մատուցում, ասես՝ ՄԻԵԴ-ը տեղում կնքել է նրա անմեղությունը հարուցված քրգործով: Իսկ իրականում Մայրապետյանի առողջական վիճակի հետ կապված ՀՀ դատական համակարգի անխոհեմ ու չմտածված քայլն է գնահատվել, ընդամենը։ Բայց միևնույն ժամանակ Սաֆարյանը մտահոգ է, որ այսպես շարունակվելու դեպքում ՄԻԵԴ-ում լիքը նոր գործեր են հայտնվելու արդեն նոր իշխանությունների օրոք: «Օրեր առաջ էլ քույրս՝ փաստաբան Սեդա Սաֆարյանը հուսահատ ակնարկեց 3 թարմ գործեր ուղարկելու մասին, որոնցով անհնար է արդարադատության հասնել նաև այժմ, քանի որ մաֆիան շարունակում է գործել: Ու հեչ մխիթարական կամ համոզիչ չի լինելու մակունցյան ձևակերպումը, թե վատ ժառանգություն ենք ստացել, կամ սաղ Սերժն ա մեղավոր: Սերժն է մեղավոր, արագ շտկեք, տգետներին հանեք դատավորների շորերից, քննչական դատախազական համակարգն էլ բերեք գոնե նվազագույն անհրաժեշտ մակարդակի»,- նշեց Սաֆարյանը։

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, սակայն, որևէ մտահոգիչ բան չի տեսնում ՄԻԵԴ այս որոշման մեջ։ Նրա խսսքերով, հակառակը, այս որոշումը միտված է իրավական համակարգի կայացմանը։ «Մենք միշտ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համարել ենք մեր իրավական համակարգի զարգացման կարևոր ինստիտուտներից մեկը։ Եվրոպական դատարանի նախադեպային որոշումները, հատկապես համակարգային խնդիրներին տված գնահատականները կարևորել ենք հենց իրավական բարեփոխումների տեսանկյունից։ Մարդու իրավունքների խախտման ցանկացած փաստ, որը Հայաստանի դատարաններում հնարավոր չի եղել պատասխան տալ գործող օրենսդրության շրջանակներում, բնականաբար դա կարող է դառնալ Եվրոպական դատարանի քննարկման հարց, եթե անձը գտնում է, որ օրենքի այդ դրույթի կիրառումն իր նկատմամբ խախտել է իր իրավունքները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։

 

Արթուր Սաքունցի խոսքերով՝ Հայաստանի դեմ կայացված ՄԻԵԴ որոշման հարցում մեծ տարբերություն կա նախորդ իշխանությունների հետ համեմատած, քանի որ, եթե նախորդ իշխանությունների ժամանակ տարիներ շարունակ նույն խախտումները կատարվում էին գիտակցաբար և հրահանգավորված, և մարդու իրավունքների խախտումները ունեին քաղաքական բնույթ՝ քաղաքական կամքի բացակայությամբ պայմանավորված, ՄԻԵԴ որոշումներից հետևություններ չէին արվում։ «Այս առումով ես ողջունում եմ Եվրոպական դատարանի որոշումը և դա վերաբերում է անձին, որն ունի առողջական խնդիրներ, որը անհամատեղելի է նրա կալանքի հետ, և, միաժամանակ, պետությունը չունի բժշկական պատշաճ միջոցներ կոնկրետ հիվանդությանը լուծում տալու համար։ Այդ դեպքում պետք է անձին կոնկրետ իրավական գնահատական տրվի։ Մենք չունենք նման սարքավորում, և այդ խնդիրը պետք է լուծվի։ ՄԻԵԴ այս որոշումը հանդիսանում է իրավական համակարգի բարեփոխման կարևոր միջոցներից մեկը»,- ասաց Սաքունցը՝ հավելելով, որ ամբողջ խնդիրը և ամենակարևորը իշխանության կամքն է ՄԻԵԴ որոշմամբ սահմանված խնդիրներին համակարգային լուծում տալու առումով. «Իսկ ես կարծում եմ, որ նոր իշխանությունները կդրսևորեն բավարար քաղաքական կամք մարդու իրավունքների բնագավառում փոփոխություններ կատարելու համար։ Նախորդ իշխանության ժամանակ մենք պարբերաբար բարձրացնում էիքն խնդիրներ, որոնք չէին լուծվում և դրանով պայմանավորված էլ անպատժելիության մթնոլորտ էր ձևավորվել։ Իսկ հիմա ես չեմ գտնում, որ նոր իշխանությունը առաջնորդվում է անպատժելիության տրամաբանությամբ։ Դրա համար ես ուղղակի զարմանում եմ, որ այս որոշումից աղմուկ են բարձրացրել, փոխարենը որոշմանը մոտենան իր բովանդակային մասով։ Դա կամ գիտակցված կեղծիք է, որը ինձ համար զարմանալի է, քանի որ այս իշխանությունը չի կարող լինել Սերժ Սարգսյանի անպատժելի և համակարգային կոռումպացված իշխանությունը։ Վերադարձ նախկինին՝ չկա»,- ընդգծեց իրավապաշտպանը։

 

1in.am

Դիտումներ՝ 748

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????