Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Եթե նախկինները բանակը չեն թալանել, գեներալներն ինչի՞ հաշվին են դարձել բիզնեսների, դղյակների սեփականատերեր

October 30, 2022

Լրատվամիջոցները մեր մասին

Նախորդ իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես խորհրդարանական ընդդիմության այսօրվա ներկայացուցիչները պարբերաբար հայտարարում են, որ ունեցել ենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, որ տարիներ շարունակ խաղաղության, կայունության, անվտանգության ապահովման կարևոր երաշխիքը եղել է մարտունակ, ուժեղ բանակը։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, օրինակ, ասում է, որ իր ղեկավարմամբ՝ ԶՈւ-ն համապատասխան կարգապահությամբ կուռ կառույց է եղել, որը մեր տարածաշրջանում մրցունակ բանակ է եղել։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս հայտարարություններին, նշեց, որ եթե իսկապես բանակը չեն թալանել, ապա գեներալները ինչի հաշվին են դարձել բիզնեսների, դղյակների սեփականատերեր, իրենց աշխատավարձերի հաշվի՞ն։

 

Նրա խոսքով՝ առնվազն քսան տարի իշխանությունը Հայաստանում գտնվել է մեկ կուսակցության ձեռքին, և այդ քաղաքական ուժն է անմիջական պատասխանատուն բանակի այսօրվա վիճակի համար․ «20 տարիների ընթացքում այդ ուժն է պատասխանատու Զինված ուժերում ստեղծված իրավիճակի համար։

 

Ժամանակին ես հրապարակել էի հայ-ռուսական միացյալ զորամիավորման հրամանատար, գեներալ Միքայել Գրիգորյանի նամակը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որում գեներալը հայտնում էր հստակ, որ թալանում են ամեն տեղ, որ սպաների սոցիալ-ֆինանսական վիճակը անմխիթար է։ Ինձ ՊՆ հրավիրեցին ոչ թե այդ նամակում արծարծված խնդիրների վերաբերյալ քննարկումներ և լսումներ անելու, այլ պարզելու համար, թե ես որտեղից եմ այդ նամակը ստացել։ Իմ հարցին, թե ՊՆ-ն պատրա՞ստ է հստակ քննարկումների, ասացին՝ ոչ»,-ասաց Սաքունցը:

 

Նա նաև նկատեց, որ այդ տարիներին բանակից սպաների արտահոսք կար, այսինքն՝ մարդիկ, որոնք զինվորական մասնագիտություն էին ընտրել, սովորել և դարձել էին սպաներ, մինչև իրենց պայմանագրի ժամկետի լրանալը, դիմում էին և ժամկետից շուտ ազատվում. «Մենք առնվազն ութ այդպիսի գործերով զբաղվել ենք, որովհետև սպաներից պահանջվում էր ահռելի գումար, իսկ մենք նշում էինք, որ պետք է այդ գումարի չափը համապատասխանի փոխհատուցման չափանիշներին։

 

Սպաների հետ մեր առանձնազրույցները ցույց էին տալիս, որ մարդիկ հեռանում էին, որովհետև իրենց ծառայության դիմաց վերաբերմունքը հարգալից չէր, մարդիկ առաջխաղացման հնարավորություն չունեին, և ծառայողական առաջխաղացման համար պետք էր կիրառել կոռուպցիոն տարբեր մեխանիզմներ։ Ես հիշում եմ դեպքեր, երբ շարքային զինծառայողները որոշակի գումարների դիմաց ազատվում էին ծառայությունից կամ ծառայության ողջ ընթացքում գտնվում էին տներում, և մենք մշտապես բարձրացնում էինք պաշտոնատար անձանց որդիների՝ բանակում ծառայելու հարցը»,-ընդգծեց իրավապաշտպանը:

 

Նա ընդգծեց, որ բանակում կար հովանավորչություն, կոռուպցիա, սոցիալական անհավասարություն. «Կոռուպցիան չի կարող ոչ բարոյահոգեբանական, ոչ զինվորական կարգապահության, ոչ ծառայության  որակի, ոչ մարտական ոգու վրա բացասական ազդեցություն չունենալ: Սա փաստ է, և երբ մենք ժամանակին անընդհատ բարձրաձայնում էինք այս մասին, մեզ որակում էին թշնամի, պետության անվտանգությունը խարխլողներ, այն դեպքում, որ նպատակը կոռուպցիան կանխելն էր, որ վերացվի բանակից կոռուպցիան։

 

20 տարի պաշտպանության բնագավառը կազմակերպողները կամ ղեկավարողները նաև այլ խնդիր ստեղծեին, դա արտագաղթն էր։ Իսրայելի բնակչությունը անկախությունից հետո 30 տարվա ընթացքում տասնապատիկ աճել է, այն դեպքում, երբ նա անընդհատ կոնֆլիկտների մեջ է գտնվել: ԶՈՒ-ն մեկուսացված կառույց չէ, այնտեղ արտացոլվում են տնտեսական, սոցիալական, իրավական բոլոոր գործոնները։ Այնպես որ տարածաշջանում ամենամարտունակ բանակի մասին խոսակցությունները հիմնավոր չէին, դա ընդամենը քարոզչություն էր։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ դիմողների քանակը տարիների ընթացքում նվազել է և դա էր պատճառը, որ Վիգեն Սարգսյանը ազգ-բանակ կոնցեպցիան առաջարկեց, որ թվաքանակ ավելացնեին։ Ասել, որ դուք մարտունակ բանակ եք թողել, անհեթեթություն է»,-հայտարարեց Արթուր Սաքունցը:

 

Նա նկատեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ արդեն բացահայտվեց, որ մեր բանակը մարտունակ չէր. «Արդյոք երկու տարվա ընթացքում հնարավո՞ր էր արմատապես այդ վիճակ փոխել, իհարկե, ոչ։ Պատերազմից հետո անցած երկու տարիների ընթացքում կարելի՞ էր ինչ-որ բան կատարել, իհարկե այո։ Սիստեմատիկ երկրի պաշտպանական համակարգը ոչ թե զարգացրել են, այլ այն եղել է եկամտի աղբյուր»:

 

Սաքունցի խոսքով, առաջին հերթին նախկինները բարոյական որևէ իրավունք չունեն խոսել իրենց ժամանակ մարտունակ բանակի մասին, դրանք անհիմն են. «Իրենք իրենց կառավարման ժամանակ այդ խնդիրները ստեղծողներն են, այդ խնդիրների չլուծման պատասխանատուներն են։ Այս իշխանության հիմնական մեղքն այն է, որ իրենք չտվեցին այդ գնահատականը, քննության չառան այդ ամենը, առանց որի ԶՈւ վերականգնման կոնցեպցիա չես կարող ունենալ։

 

Հեղափոխությունից հետո չարվեց ամենաանհրաժեշտը, հիմքեր պետք է փոխվեին: Հին կադրերով, հին մտածելակերպով դու չես կարող արդյունավետ լուծումներ ակնկալել՝ բարեփոխումների առումով։ Նոյեմբերի հրադադարի հայտարարությունից հետո էլ մենք չտեսանք այն անհրաժեշտ համակարգային մոտեցումը, որը պետք էր ԶՈՒ վերականգնման համար: Դու կարող ես ինչ-որ հրաշքով  լավագույն  զենքը ձեռք բերել, բայց դրանց օգտագործման համար պետք է ունենաս մասնագետներ, արդյունավետ կառավարում։ Ես այս ամենը ասում եմ մեր ունեցած տեղեկությունների  հիման վրա»,-հայտարերց նա:

 

Արթուր Սաքունցը համոզմամբ, այսօր խորհրդարանական ընդդիմության քննադատությունն ուղղված է կոռուպցիոն համակարգի քննադատության դեմ. «Փորձել ներկա չլուծված խնդիրներով քողարկել սեփական հանցագործությունները, որոնք կատարվել են իրենց կառավարման ժամանակ, խղճուկ քարոզչական հնարք է։ Դրա պատասխանատուն իշխանությունն էր, որ չտվեց պետության զավթման գնահատականը»,-իր խոսքն ամփոփեց նա:

 

1in.am

 

 

Դիտումներ՝ 30

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????