Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Ըստ իրավապաշտպանի՝ բանակում մահվան դեպքերն անպատժելիության մթնոլորտի հետևանքով են

Ժամկետային Զինծառայող Էրիկ Ղարսայանի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով, հայտնում են Քննչական կոմիտեից։ Զինծառայողի դին Տավուշի մարզի զորամասերից մեկի կրակային դիրքում հայտնաբերվել էր օգոստոսի 9-ին՝ կրծքավանդակի հատվածում հրազենային վիրավորումով։

 

Շարքային Ղարասյանը Երևանից էր զորակոչվել բանակ, 19 տարեկան էր։ Պաշտպանության նախարարությունն ու իրավապահ կառույցները այլ մանրամասներ չեն հայտնում։

 

Ոչ մարտական պայմաններում զինծառայողի մահվան երրորդ դեպքն է վերջին մեկ շաբաթվա ընթացքում. օգոստոսի 5-ին բանակում հանկարծամահ է եղել եռամսյա վարժանքի մասնակից Ատոմ Հարությունյանը, 7-ին` պայմանագրային զինծառայող Արշալույս Հովհաննիսյանը։ Բանակում մահվան դեպքերը անպատժելիության մթնոլորտի հետևանքով են, պնդում է բանակային միջադեպերով զբաղվող իրավապաշտպան Արմինե Սադիկյանը։

 

«Քանի որ միայն մեր կազմակերպությունն ավելի քան 10 տարի զբաղվում է հենց մահվան դեպքերում, և կազմակերպության ներկայացուցիչներն անձամբ են ներգրավված եղել բազմաթիվ քրեական գործերում, այս քրեական գործերը պատշաճ չեն քննվում, ոչ մի պատասխանատու անձ չի բացահայտվում, պատասխանատվության չի ենթարկվել»:

 

Արմինե Սադիկյանը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում է աշխատում։ Այս կազմակերպպությունը 2000-ականների սկզբից զբաղվում է բանակում մարդու իրավունքների հարցերով։ Վերլուծելով տասնյակ տարիների պատմությունը` Սադիկյանը եզրահանգում է՝ թե՛ իշխանափոխությունից, թե՛ պատերազմից հետո բանակում այս դեպքերը կանխող բարեփոխումներ չեն արվել։ Գուցե խոստումնեերի տեսանկյունից գործող իշխանությունն ավելի աչքի է ընկել, բայց գործնականում քայլեր չկան, ասում է իրավապաշտպանը։

 

«Որպես արտաքին վերահսկողական արդյունավետ մեխանիզմ առաջարկում ենք ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ներդրումը, ինչը կարող է շատ լավ մեխանիզմ լինել նմանատիպ դեպքերը կանխելու, արդյունավետ քննություն իրականացնելու, ավելի տեսանելի արդյունքներ ունենալու համար, սակայն այս առումով ևս որևէ առաջընթաց չկա», – նշեց նա:

 

Բանակում ոչ մարտական պայմաններում այս տարի արդեն 27 զինվոր է մահացել։

 azatutyun.am

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ