Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ոստիկանությունը փնտրում է Լարա Ահարոնյանին սպառնացողներին

March 20, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Լարա Ահարոնյանի դեմ ֆեյսբուքյան սպառնալիքների և հայհոյանքների առթիվ:

 

Այս մասին Forrights.am-ի հետ զրույցում ասացին ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Լարա Ահարոնյանն իր դեմ սպառնալիքների առթիվ իրավապահներին է դիմել մարտի 11-ին. այն բանից հետո, երբ մարտի 8-ին, խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովում արած իր հայտարարությունից հետո ատելության ֆեյսբուքյան արշավ սկսվեց իր դեմ: Դիմումում Ահարոնյանը խնդրել է գտնել և պատժել վիրավորանքների և ատելության խոսքի հեղինակներին։

 

«Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառման ընթացքում Լարա Ահարոնյանը ասել էր, թե շատ անգամ կնոջ մասին խոսելիս, մենք պատկերացնում ենք միայն հայ կնոջ ու վերջ:

 

«Բայց ես ուզում եմ հիշեցնեմ, որ մենք նաեւ միայնակ մայրերն ենք, բանակում երեխա կորցրած մայրերը։ Մենք նաև մայր դառնալ չուզեցողներն ենք, մենք նաև տրանս կանայք ենք լեսբի ու բիսեքսուալ կանայք ենք, ուզում ենք կամ չենք ուզում երեխա ունենալ կամ որդեգրել, նաև եզդի կանայք ենք ու եթե օրենքներ ենք մշակում, պետք է այնպես անենք, որ մի տեսակ կանայք չլինեն այդ օրենքի կենտրոնում»,-հավելել էր նա։

 

Այս հայտարարությունը մեծ աղմուկ ու բողոքի ալիք բարձրացրեց: «Սրա նմաններին պետք է վառել մեր անհանդուրժողականության ու ժխտողականության կրակի վրա»,- ի պատասխան Ահարոնյանի հայտարարության՝ ֆեյսբուքում գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հայկյանցը: Իսկ ֆեյսբուքյան օգտատեր Կարինե Խորասանյանը գրել է. «Սա էլ անբարո նոր ձև է գովազդվելու համար, տեսարաններ, սենսացիաներ, այս ուր են գլորվել»:

 

Եղան նաև այլ բազմաթիվ վիրավորական ու սպառնալից գրառումներ: Մեր հարցին, թե իրական սպառնալիք զգո՞ւմ է, Լարա Ահարոնյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչ կլինի, շատ անգամ հանդիպել են փողոցում հետևել են, կամ թքել են իմ ուղղությամբ: շատ բաներ են ասել: Ներկայացրել եմ իրավապահներին, որովհետև ոչ մեկս չի կարող ասել, թե ինչ կարող է լինել դրա արդյունքում»:

 

Ահարոնյանը նաև ասաց, որ այժմ սպառնալիքները շարունակվում են անձնական նամակներով: Հետաքրքրվեցինք, թե արդյոք մեր հարսարակությունը պատրա՞ստ էր նման թեմաների մասին լսել, որ ինքն օգտագործեց ԱԺ այդ հարթակը: «Ես խոսել եմ կանանց իրավունքների մասին, և ասել եմ, որ երբ օրենքներ են մշակվում, պետք է նկատի ունենան բոլոր կանանց»,-ի պատասխան ասաց Ահարոնյանը:

 

Դիտարկմանը, թե տեսակետ կա նաև, որ դա իր կողմից պրովոկացիա է եղել, որպեսզի նման աղմուկ առաջանա իր շուրջը, իրավապաշտպանը հակադարձեց. «Չէ, ես էդպես չեմ մտածում: Եթե ուզեի պրովոկացիա անել, ես կխոսեի շատ ուրիշ բաների մասին, և ընդհանրապես կխոսեի առաջնահերթ այդ խնդրի մասին և իմ խոսքի մեծ մասը դրա մասին կլիներ, եթե ես իրոք ուզեի պորվոկացիա անել: Մտածեցի, որ օրենքի հարթակ է, կարևոր է, որ օրենք գրելիս բազմակողմանի մտածեն»:

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ առավել կարևոր է ուշադրության կենտրոնում պահել հարցը, որ անձը հետապնդման է ենթարկվում իր կարծիքն արտահայտելու համար:

 

«Հայաստանում նման հետապնդման կամ ատելության խոսքի հեղինակը մշտապես մնացել է անպատիժ»,-նշեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ եթե նախորդ իշխանության ժամանակ կարելի էր ենթադրել, որ դա քաղաքական պատվեր է կամ հովանավորված է, այս իշխանության ժամանակ «նման բան պնդելու հիմքեր չունի»:

 

Մյուս կողմից Արթուր Սաքունցը գտնում է, որ իշխանությունը պետք է դիրքորոշում արտահայտի նման դեպքերի առթիվ. «Առնվազն ԱԺ հանձնաժողովը պետք է դա աներ, որտեղ անցկացվել է քննարկումը»:

 

Մարդու իրավունքների մասին խոսելը որպես քարոզչություն որակելը Սաքունցն անընդունելի է համարում: «Մարդը չպետք է կաշկանդված զգա կարծիք արտահայտելու ժամանակ, և սա պետք է ապահովի իշխանությունը»,-ասաց իրավապաշտպանը՝ հավելելով. «Թշնամանք հրահրող և պարունակող կարծիքները պետք է կանխվեն և այդ խնդիրը պետք է լուծի իշխանությունը՝ իր արդյունավետ գործողություններով, իր դիրքորոշումներով»:  

 

«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության» հիմնադիր անդամ Հայկ Այվազյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, թե «սա արհեստական աղմուկ է, որ բուն թեմայից շեղի, որ Լարա Ահարոնյանն իրականում միասեռականության քարոզով է զբաղված»:

 

Մեր հարցին ի պատասխան Հայկ Այվազյանն ասաց, որ կնոջ հանդեպ նորմալ չի համարում նման սպառնալիքներն ու հայհոյանքները, սակայն հավելեց. «Բայց երբ մարդը մի բան ասում է, պիտի հասկանա, որտեղ է արպում ու ինչ արժեքներ կան այդ հասարակությունում: Համասեռամոլության քարոզչություն անթույլատրելի է: ԱՄՆ հետազոտական կենտրոնի տվյալներով՝ մեր հասարակության 98 տոկոսը դեմ է միասեռականությանն ու դրա քարոզին: Միասեռականության քարոզը պետք է արգելվի, որովհետև դա բացասաբար է ազդում հատկապես երեխաների հոգեկան առողջության վրա»:

 

Դիտարկմանը, թե Լարա Ահարոնյանը նշում է, որ ինքը այդ կանանց իրավունքների մասին է բարձրաձայնել, նախաձեռնության անդամն ասաց. «Ի՞նչ իրավունքների մասին է խոսքը, իրենք ՀՀ քաղաքացի չե՞ն, ՀՀ քաղաքացուն ինչ իրավունք տրված է, իրենք բոլոր էդ իրավունքներն ունեն: Բայց իրենք չունեն իրենց ապրելակերպն ազատ քարոզելու իրավունք»:

 

Իրավապաշտպան Լարա Ահարոնյանի դեմ ֆեյսբուքյան հարձակումները դատապարտել են որոշ ՀԿ-ներ: Մասնավորապես՝ «Մարդու իրավունքների տուն Երևանը» և «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հայտարարություն են տարածել՝ մտահոգությունն հայտնելով Ահարոնյանի դեմ ատելության խոսքի և հարձակումների առնչությամբ։

 

«Թշնամական վերաբերմունքը, որ ուղեկցվում էր ատելության խոսքով և խտրականության կոչերով, իր մեջ ներառում էր նաև նրան սպանելու, բռնաբարելու և ընտանիքին վնասելու սպառնալիքներ»,-ասված է հայտարարության մեջ։

 

Ըստ հայտարարության հեղինակների՝ «Ցավոք, ատելության խոսքի դեմ ոստիկանություն իրավապաշտպանների տրված հաղորդումներից որևէ մեկը չի բացահայտվել, և ոչ-ոք պատասխանատվության չի ենթարկվել, և ոստիկանության ու այլ իրավասու կառույցների անգործությունը միայն վատթարացնում է դրությունը, քանի որ տպավորություն է ստեղծվում, որ իրավապաշտպանների նկատմամբ բռնությունները անպատիժ են մնում»։

 

Ուստի վերոնշյալ կազմակերպությունները գտնում են, որ ՀՀ Կառավարությունը պետք է ապահովի ոստիկանության արդյունավետ գործունեությունը իրավապաշտպանների դեմ ատելության խոսքի, հարձակումների դեպքերով  պատշաճ քննության առնչությամբ և փոփոխություններ նախաձեռնի ՀՀ Քրեական օրենսգրքում՝ ներառելով կարգավորումներ ատելության խոսքի եւ ատելության հիմքով հանցագործությունների վերաբերյալ։

 

forrights.am

Դիտումներ՝ 841

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????