Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Սասստեքս» ընկերության նախկին աշխատակցի աշխատանքային իրավունքը վերականգնված է

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տևական ժամանակ է, ինչ զբաղվում է աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ, որի շրջանակներում շահառուներին տրամադրված իրավաբանական աջակցության արդյունքում վերականգնվեց ևս մեկ անձի աշխատանքային իրավունք։

 

Քաղաքացի Ս․ Ա․-ն իր իրավունքների պաշտպանության նպատակով դիմել էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակ։ Ս․ Ա․-ն 2017 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2019 թվականի փետրվարի 23-ն աշխատել է «Սասստեքս» ՍՊ ընկերությունում՝ որպես կարող բանվորուհի։  2019 թվականի փետրվարի 23-ին Ս․ Ա․-ն ազատվել է աշխատանքից սեփական դիմումի հիման վրա։ 

 

Ս․ Ա․-ի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելիս «Սասստեքս» ՍՊ ընկերության կողմից չէին պահպանվել աշխատանքային օրենսդրության պահանջները, կազմակերպությունը Ս․ Ա․-ի հետ չէր կատարել վերջնահաշվարկ, որպիսի պայմաններում Ս․ Ա․-ին մասամբ էր վճարվել 2019 թվականի հունվար ամսվա աշխատավարձը, չէր վճարվել փետրվար ամսվա աշխատած օրերին համարժեք աշխատավարձը:

 

Գործի ուսումնասիրությունից հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել հայցադիմում՝ «Սասստեքս» ՍՊ ընկերությունից հօգուտ Ս․ Ա․-ի չվճարված աշխատավարձի բռնագանձման պահանջի մասին։

 

2019 թվականի դեկտեմբերի 19-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված վճռով բավարարվել է ներկայացված  հայցը։ Մասնավորապես՝ դատարանը գտել է, որ իրավաչափ է հայցվորի պահանջը, որի մասով արձանագրել է, որ Ս․ Ա․-ին վճարման ենթակա գումարի նկատմամբ ենթակա է հաշվարկման նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տուժանքը՝ աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով՝ սկսած աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու պահից մինչև պարտավորությունների կատարման օրը։

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ