Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

ՀՔԱՎ գրասենյակի երկու տասնամյակ շարունակվող ջատագովության արդյունքը․ «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագիծը Հայաստանի օրակարգում է

2025 թվականի մարտի 25-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման դրվեց «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Սա կարևոր առաջընթաց է, որը վկայում է` Հելսինկայն քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի շուրջ 20 տարի տևած ջատագովության արդյունքում հնարավոր եղավ հասնել անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքները և օրինական շահերը երաշխավորող առանձին համապարփակ Օրենքի նախագծի ընդունման քաղաքական որոշմանը։ 

Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2007 թ. նախաձեռնեց «Անհայտ կորածի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքները պետական կառույցների հետ համատեղ` հաշվի առնելով  հակամարտության սրման մշտական վտանգը և դեռևս ղարաբաղյան առաջին պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղում հարյուրավոր անհայտ կորած անձանց իրավունքների խախտումը, նրանց ընտանիքների՝ անհայտ կորած անձանց ճակատագիրն իմանալու իրավունքի խախտումը, ինչպես նաև բազմաթիվ այլ իրավական, սոցիալական, ֆինանսական, հոգեբանական և այլ խնդիրների համակողմանի լուծման հրատապությունը: Օրենքի նախագծի մշակման հիմք հանդիսացավ  ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ներկայացված Օրենքի նախագիծը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անհայտ կորածների մասին մոդելային օրենքը:  

Չնայած մարտական գործողությունների վերսկսման բացահայտ  վտանգին ու, Նախագծի դեռևս 2011թ․-ին պատրաստ լինելուն, տարիներ շարունակ այն չէր ընդգրկվում ՀՀ ԱԺ օրակարգում՝  պետական մարմինների կողմից շարունակաբար համարվելով «ոչ հրատապ» և «ոչ նպատակահարմար»։ Սույն փաստը խիստ մտահոգիչ է, քանի որ անհայտ կորածների և նրանց ընտանիքների խախտված բազմաթիվ իրավունքների և մի շարք ոլորտներում չկարգավորված իրավահարաբերությունների պայմաններում Օրենքի ընդունումը պետք է լիներ առաջնահերթություն ՀՀ կառավարության համար, այլ ոչ թե արհեստականորեն ձգձգվող հարց։ 

Թեև 2025 թ․-ին պաշտոնապես հրապարակված և հանրային քննարկման ներկայացված Օրենքի նախագիծը ողջունելի առաջընթաց է, ՀՔԱ Վանաձորի գրասենյակն արձանագրել է մի շարք լուրջ խնդիրներ, որոնք կարող են էականորեն ազդել անհայտ կորած անձանց և նրան ընտանիքների իրավունքների արդյունավետ իրացման և պաշտպանության վրա։ Արձանագրված խնդիրները և դրանց վերաբերյալ առաջարկությունները ԱՅՍՏԵՂ։

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր