0 8000 12 11

Մարդու իրավունքների պաշտպանության անվճար թեժ գիծ
menu

ՀՀ Ոստիկանության և ԱԱԾ-ի կողմից «ուժեղացված ծառայության» գործողությունները չեն համապատասխանում ժողովրդավարական պետությունում հասարակական կարգի և անվտանգության ապահովման նպատակին, և անհամաչափ են

July 23, 2021

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հայտարարություններ | Հրապարակումներ | Սեփական

2021 թվականի հուլիսի 21-ի երեկոյան ՀՀ ոստիկանությունը ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների մասնակցությամբ իրականացրել է այսպես կոչված «ուժեղացված ծառայություն»՝ խուզարկելով ինչպես Երևանում երթևեկող,  այնպես էլ Երևանից դեպի մարզեր և հակառակ ուղղությամբ շարժվող տրանսպորտային միջոցները։ Քաղաքացիներն ահազանգել են, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում առաջացել են խցանումներ մեկից-երկու ժամ տևողությամբ։ 

 

Որևէ հիմնավորում կամ բացատրություն՝ նշված զանգվածային գործողության մասին, որի հետևանքով խաթարվել, իսկ որոշ գնահատականներով նույնիսկ կաթվածահար էր եղել Երևանում և Երևանից դուրս բնականոն երթևեկությունը, որի հետևանքով առաջանում են օբյեկտիվ հարցադրումներ՝ մարդկային, տեխնիկական և նյութական մեծաթիվ ռեսուրսների ներգրավմամբ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից իրականացրած գործողությունների և ստուգումների իրավաչափության, համաչափության և հիմնավորվածության վերաբերյալ, չի եղել։ 

 

Դեպքից միայն մեկ օր անց ՀՀ Ոստիկանությունը, տեսնելով տեղի ունեցածի նկատմամբ հանրության արձագանքն ու քննարկումները, տարատեսակ նոր վարկածների շրջանառումը, տարածել է տեղեկություն՝ իրականացրած ուժեղացված ծառայության արդյունքների մասին։ 

 

Ոստիկանությունը, տեղի ունեցած և գրեթե ամբողջ Երևանի և դրանից դուրս ընկած հատվածներն ընդգրկող խիստ ուժեղացված ծառայության իրական նպատակը չնշելով (վկայակոչված հասարակական կարգի պահպանումը կամ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը Ոստիկանության պարտականությունն է, որի կատարումը ուժեղացված ծառայության միջոցով իրականացնելը պիտի ունենա խիստ արժեքավոր հիմնավորումներ), պարզապես հայտարարել է, որ «ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով բաժիններ բերման է ենթարկվել 49 անձ, կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններ, զինամթերք և այլն։ Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել է նաև ապօրինի թմրաշրջանառության 4 դեպք․․․»։ Նման հայտարարություն տարածելով՝ ոստիկանությունը ոչ միայն ուղղակի կասկածի տակ է դնում ձեռնարկած լայնածավալ միջոցների, դրանում հետապնդած նպատակի և արձանագրած արդյունքների միջև համաչափության առկայության հարցը, այլ նաև «Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են» զգուշացմամբ ստեղծում մտահոգություններ՝ հետագա նման անհամաչափ միջոցառումների իրականացման վերաբերյալ։

 

Նախ նշենք, որ իրավասու մարմինների կողմից վստահելի, հիմնավորված տեղեկության բացակայությունը հասարակության մեջ հանգեցնում է մի շարք կանխավարկածների շրջանառման, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին առաջ է բերում կիրառված միջոցների ծավալի և հետապնդած նպատակի միջև պատճառահետևանքնային կապի ռացիոնալ բացատրության անհրաժեշտություն, մինչդեռ Ոստիկանության՝ բացատրություն ներկայացնելու փորձը, փարատելու փոխարեն, էլ ավելի խորացրեց առկա կասկածներն ու իրական մտավախությունները։ Օրինակ՝ շրջանառվող վարկածներից մեկը հանգում է ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցների կողմից զինված կամ դիվերսիոն խմբի հայտնաբերմանը, ինչի՝ իրականության հետ աղերս ունենալու պարագայում ոչ մասնագետին էլ պարզ է, որ երթևեկությունը խաթարող և անձանց մասնավոր տարածքներ մուտք գործելով խուզարկող գործողությանը պիտի նախորդած լինեին մի շարք ընթացակարգային միջոցառումներ, օպերատիվ բնույթի աշխատանքներ՝ զինված խմբի հնարավոր անդամներին նույնականացնելու, նրանց գտնվելու, զենքի կամ սպառազինության պահման վայրը/վայրերը հայտնաբերելու, անգամ ենթադրյալ հանցագործության բացահայտմանն օգնություն տրամադրելու խնդրանքով քաղաքացիներին կոչեր անելու և այն կատարած անձանց վերաբերյալ արդեն իսկ հայտնաբերված հատկանիշները կամ տարբերանշանները քաղաքացիներին հայտնելու ուղղությամբ։ 

 

Մինչդեռ սկզբում հայտարարության բացակայությունը, այնուհետև՝ անորոշ բացատրության ներկայացումը, ենթադրյալ հանցագործության բացահայտման համար քաղաքացիներին ներգրավվելու ուղղությամբ որևէ միջոց չձեռնարկելը,  նույն այդ քաղաքացիներին, առանց որևէ բացառության, չպատճառաբանված խուզարկության ենթարկելը (դրանով ինքնաբերաբար բոլորին անխտիր համարելով ենթադրյալ հանցագործության կատարման մեջ «կասկածվողներ»), զգուշացումը՝ հետագայում նման մեծամասշտաբ, բայց իրականում չհիմնավորված գործողությունների իրականացման վերաբերյալ, ևս մեկ անգամ հիմնավորում է ենթադրությունը, որ նման լայնամասշտաբ և նյութական մեծ ռեսուրսների գործադրմամբ իրականացված միջոցառումը պետք է ունենա պատշաճ հիմնավորում՝ ժողովրդավարական պետությունում հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման համար, իսկ գործողությունները պետք է համարժեք լինեն սահմանված նպատակին։ 

 

Արդյունքում հիմնավոր կասկածի տակ է դրվում նման զանգվածային միջոցառման իրականացման հետ կապված ցուցաբերված պրոֆեսիոնալիզմի առկայությունը՝ ի թիվս իրավականության և հիմնավորվածության նկատմամբ այլ մտահոգությունների։

 

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն՝ 1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։ 2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։

 

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, անդրադառնալով ոստիկանության կողմից անձանց խուզարկելու թույլատրելիության և իրավականության չափանիշներին, արձանագրել է, որ անհատի և մեկ այլ անձի միջև գոյություն ունի փոխազդեցության գոտի, որը նույնիսկ հանրային համատեքստում կարող է վերաբերել «անձնական կյանքին» («Ջիլանը և Քուինթոնն ընդդեմ Միացյալ Թագավորության», § 61): Դատարանը համարել է, որ առանց հանցագործություն կատարելու մեջ ճշմարտանման կասկածների, մարդկանց հանրային վայրում հարցաքննության համար կանգնեցնելն ու խուզարկելը հակասում  է Կոնվենցիայի 8-րդ հոդվածին (նույն տեղում, § 87):

 

Մեկ այլ գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է խիստ կարևոր է, որ նման գործողությունները համահունչ լինեն հետապնդվող նպատակներին։ Ընդունելով, որ պետություններն իրավասու են ըստ իրենց հայեցողության սահմանելու և լուծելու խուզարկության և դրա հետ կապված առգրավման ցանկացած հարց՝ Եվրոպական դատարանը միաժամանակ գտնում է, որ պետք է հատկապես աչալուրջ լինել այն հարցում, որտեղ իշխանությունները գերազանցում են իրենց լիազորություններն ազգային օրենքի շրջանակներում․․․։ Քննարկվող հարցի առնչությամբ Եվրոպական դատարանը գտնում է, որ մարդու անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը կարելի է երաշխավորել իշխանությունների կամայական միջամտությունից այն ժամանակ, երբ օրենսդրությամբ նախատեսված են սահմանափակումների բավականին խիստ սահմաններ և միջամտությունը համահունչ է այն նպատակներին, որոնք հետապնդում են խուզարկություն և առգրավում իրականացնող մարմինները։

 

Հիշեցնենք, որ ՀՀ օրենսդրությունը նույնպես կանոնակարգում է հիշյալ հարաբերությունները։ Մասնավորապես՝  ոստիկանությունը կարող է իրականացնել տրանսպորտային միջոցների զննում և խուզարկում՝ ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, տեղափոխելու մասին ստույգ տվյալների առկայության դեպքում («ՀՀ ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդված), վարորդների կամ քաղաքացիների ներկայությամբ զննել տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրվող բեռը՝ քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, առարկաներ, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում («ՀՀ ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդված)։ 

 

ՀՀ օրենսդրությունը հստակ նախատեսում է, որ ոստիկանության կողմից իրականացվող խիստ միջամտող գործողությունները պետք է հիմնավորված լինեն  օրենքի խախտման վերաբերյալ հիմնավոր կասկածով կամ ստույգ տեղեկատվությամբ, բացի դրանից՝ քաղաքացիներն իրավունք ունեն պահանջելու, որ ոստիկանության ծառայողները պարզաբանեն իրականացվող գործողությունների պատճառները և իրավական հիմքերը։ ՀՀ ոստիկանության աշխատակիցները ցանկացած ժամանակ պարտավոր են կատարել օրենքով իրենց վրա դրված պարտականությունը։

 

Փաստացի ստացվում է, որ ՀՀ Ոստիկանության և մի շարք աղբյուրների համաձայն՝ նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ուղղակի և մասսայական միջամտություն է տեղի ունեցել մարդկանց անձնական կյանքի նկատմամբ, սակայն մինչ հիմա որևէ կերպ պարզաբանված և մեկնաբանված չէ այդ միջամտության իրավաչափությունը, իսկ տարածված հայտարարության արժանահավատության բացակայության մասին խոսում է ձեռնարկված միջացառումների և արձանագրված արդյունքների ակնհայտ անհամաչափության փաստը։ 

 

Հետևաբար՝ քանի դեռ չկա կատարվածի վերաբերյալ պաշտոնական արժանահավատ բացատրություն կամ  մեկնաբանություն, գոյության իրավունք և հիմքեր ունեն բոլոր շրջանառվող վարկածները՝ սկսած նոր ձևավորվող կառավարության կողմից ուժի ցուցադրումից մինչև հասարակության շրջանում այդ ուժի նկատմամբ վախի մթնոլորտի ձևավորման փորձերը։

 

Իրավական և ժողովրդավարական պետության հիմքերից մեկը մարդու իրավունքներով և ազատություններով սահմանափակվող հանրային իշխանությունն է, որի առկայության վկայություններից մեկը հաշվետվողականության բարձր մակարդակն է, ինչով պայմանավորված՝ իրավասու մարմինները պարտավոր են րոպե առաջ հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ և հանրությանը ներկայացնել տեղի ունեցած մասսայական խուզարկումների հիմնավորումը։ Իսկ ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումներին, ապա դրանք պետք է ընթանան մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, օրինականության, անհրաժեշտության և համաչափության սկզբունքների հարգման հիման վրա, քանզի այդպիսին պիտի լինի իրեն իրավական և ժողովրդավարական հռչակած պետությունը։ 

 

Հիշեցնենք, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը իրականացնում է պետական իրավասու մարմինների ենթադրյալ ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում մարդկանց խախտված իրավունքների պաշտպանություն՝ անվճար հիմունքներով։ Հետևաբար, եթե գտնում եք, որ նմանօրինակ միջոցառումների արդյունքում խախտվել են Ձեր իրավունքներն ու հիմնարար ազատությունները, կարող եք դիմել մեզ՝ 094-04-22-68 հեռախոսահամարով։

 

Միաժամանակ պահանջում ենք 2021 թ․ հուլիսի 21-ին «ուժեղացված ծառայության» անվանմամբ ոստիկանության գործողությունների իրավաչափությունն ու համաչափությունը գնահատելու նպատակով կազմակերպել քննարկում՝ բոլոր շահագրգիռ կողմերի՝ Ոստիկանության, Դատախազության, Կառավարության, ԱԺ պատգամավորների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։ 

 

  Վանաձոր

23 հուլիսի 2021 թ․

Դիտումներ՝ 194

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????