Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հանրային մթնոլորտը լարված պահելու, անպաշտպանվածության զգացում ստեղծելու խնդիր են լուծում

January 24, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

Պարոն Սաքունց, «Էրեբունի պլազա» հյուրանոցում նախօրեին անհայտ անձը կրակոցներ է արձակել։ Սա իրավապահ համակարգին ուղղված մարտահրավե՞ր է, և ի՞նչ պետք է արվի այս դեպքում։

 

Եթե զուտ նայում ենք կանխման տեսակետից, ապա այդ ուղղությամբ պետք է բավական լայն աշխատանքներ արվեն թե ապօրինի զենքի առգրավման, թե օպերատիվ հետախուզական լուրջ աշխատանքներ տարվեն։ Նման դեպքեր լինում են անգամ ամենահզոր կայացած պետություններում։ Այստեղ խնդիրն այն է, որ որևէ հիմք կամ որևէ նպաստավոր հանգամանքներ, որ կարող են հասարակության մեջ հանգեցնել նման գործողությունների, չկա, որովհետև իշխանությունն, ըստ էության, ուժային մեթոդներ չի կիրառում հանրության հետ շփումներում, վախեցնելու մթնոլորտը, որ կար նախորդ իշխանության ժամանակ, և իրապես մտածում էիր, որ որևէ քննադատության համար կարող ես ենթարկվել քրեական կամ վարչական հետապնդման, ոտնձգությունների, հիմա նման իրավիճակ չկա։ Ամբողջ խնդիրը նախկինների, պետությունը զավթածների, համակարգային կոռուպցիոն տարբեր հանցագործությունների ուղղությամբ քրեական գործերի վիճակն է, որում մեղադրվում են նախորդ իշխանության` պետությունը զավթածների կարկառուն ներկայացուցիչները։ Մյուս կողմից էլ այս դեպքը կարծես թե հաջորդեց դատավորի պատուհանի վրա կրակոցներին, որը պարզվեց այդ ժամանակ արձակուրդի մեջ է եղել։ Իհարկե, պետք է հետաքննվի, պետք է բացահայտվի կատարողը, որը բավական դժվար է, բայց այս դեպքում անձը ինքնաձիգով մտել է հյուրանոց։ Հիմա արդյոք կա՞ որևէ մոտիվ, դրդապատճառ, որ կարող է որևէ մեկին դրդել կալանքի տակ գտնվող անձի գրասենյակի վրա հարձակվել, ես չեմ կարծում, թե կա։

 

 

Այսինքն՝ միտում կա լարվածություն առաջացնելո՞ւ։

 

Տպավորություն ունեմ, որ փորձ է արվում մթնոլորտը նման գործողություններով թեժացնել, լարվածություն մտցնել։ Ընդ որում՝ լարվածություն, որի համար ոչ մի պատճառ չկա։ Միայն լարված են մարդիկ, որոնք գիտեն, որ պատասխանատու են այն բազմաթիվ անպատիժ մնացած հանցագործությունների համար, որոնք տարիներ շարունակ կատարել են։ Բայց ամեն մի նման դեպք մեծացնում է իրավապահ մարմինների պատասխանատվությունը՝ բացահայտելու հանցավոր գործողությունները, դրանց կատարողներին։ Կոնկրետ այս դեպքում՝ բացահայտելու հանցագործության դրդապատճառը, և պետք է շատ արդյունավետ, վստահելի և օբյեկտիվ քննություն իրականացնել և ներկայացնել հանրությանը։ Նաև հարց է, թե որքանով իրավապահ համակարգն արդյունավետ կգործի, որքանով նրանց մասնագիտական կարողությունները թույլ կտան դա անել, որքանով են նրանք հակված դրան։ Որովհետև տարիներ շարունակ բազմաթիվ նման հանցագործություններ մնացել են չբացահայտված։ Հիշեցնեմ, Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ կրակոցների հետ կապված հարցը։ Դա էլ հո հանրային վայր չէր, այլ առանձնատան մոտ։ Ըստ էության, մեղադրանք առաջադրվեց այն մարդկանց նկատմամբ, որոնք հարձակման էին ենթարկվել հրազենով, մեկն էլ մահացավ։ Սա է մեր իրավիճակը. Մի կողմից մենք տեսնում ենք անվստահությունը, տարբեր ապատեղեկատվությունների, ստերի, կեղծիքների օգտագործմամբ անվստահություն են փորձում ձևավորել իշխանությունների նկատմամբ, մյուս կողմից էլ նման գործողություններ են կատարվում օրը ցերեկով քաղաքի կենտրոնում։ Բառացիորեն մի քանի օր առաջ էլ ԱԱԾ նախկին տնօրենն է ինքնասպանություն գործում, դրանից առաջ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանն է ինքնասպան լինում։

 

Հանրային մթնոլորտը լարված պահելու, ոչ միայն իշխանությունների, այլև ընդհանրապես իրավիճակի նկատմամբ անվստահություն, անպաշտպանվածության զգացում ստեղծելու վիճակ է հիմա։ Անպաշտպանվածության զգացումը ևս հանգեցնում է անվստահության, այդ թվում իշխանությունների նկատմամբ։ Տարիներ շարունակ այս ամբողջը ստեղծել են նախկին իշխանությունները և հիմա էլ դիմադրում են, փորձում են խափանել։ Իհարկե, նոր իշխանություններն էլ ունեն փորձի, կարողությունների պակաս, բայց նախկինները ամեն ինչ անում են, որ այս պրոցեսը գնա։ Իհարկե, պետք է քննադատել նոր իշխանություններին, բարձրաձայնել խնդիրները, բայց այստեղ խոսքը անպաշտպանվածության զգացում ստեղծելու միջոցով իշխանությունների նկատմամբ անվստահության մթնոլորտի ձևավորման մասին է։ Ես տեսնում եմ, որ այս խնդիրն են փորձում լուծել տարատեսակ գործողությունների միջոցով, որովհետև պատահական այսպիսի քայլերի շարան չի կարող լինել։ Դեպքը տեղի է ունեցել կառավարության շենքից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, որտեղ նաև միջազգային կազմակերպություններ կան։ Ես համոզված եմ, որ նրանք արդյունքի չեն հասնելու, Հայաստանը պետք է հետևողականորեն, թեկուզ սայթաքելով, թեկուզ թերություններով, համառորեն դուրս գա ավտորիտար համակարգից, ճահճից և համարձակ քայլերով շարժվի դեպի ժողովրդավարական, իրավական պետություն։

 

lragir.am

Դիտումներ՝ 416

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????