Քննչական կոմիտեի (ՔԿ) վարչություններից մեկի 5-րդ հարկի՝ այնտեղ տարված տղամարդու՝ պատուհանից նետվելը դժբախտ պատահար որակելը խայտառակություն է, ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Երեկ երեկոյան Քննչական կոմիտեն հաղորդեց, որ տնտեսական հանցագործությունների վարչության շենքում «տեղի է ունեցել դժբախտ պատահար», պատուհանից նետվել է Ռուսաստանի քաղաքացի, 30-ամյա մի տղամարդ։
«Ոստիկանության բաժիններում դժբախտ պատահարներ չեն կարող լինել ի սկզբանե, և դա ամոթ է, եթե չասեմ խայտառակություն է նման ձևակերպմամբ որակել տեղի ունեցածը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաքունցը։
Հուլիսի 14-ին Քննչական կոմիետում հարուցվել էր թմրանյութերին առնչվող քրեական գործ, քանի որ ոստիկանության օպերատիվ տեղեկություններով՝ մահացած տղամարդը իր անվամբ թմրամիջոցներ պարունակող ծանրոցներ էր ստացել, չորեքշաբթի նա ձերբակալվել էր, իսկ երեկ նրան տարել են Քննչական կոմիտե հարցաքննության։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այդ հարցաքննությանը ներկա է եղել նաև մահացած տղամարդու փաստաբանը, իսկ գործընթացը տեսագրվել է։
«Գործողությունների ավարտից հետո վերջինս, հետաքննության մարմնի ծառայողների ուղեկցությամբ, ձեռնաշղթաներով, դուրս է եկել քննիչի՝ 5-րդ հարկում գտնվող սենյակից, միջանցքով մինչև վերջ գնացել դեպի վերելակ տանող դուռը։ Դուռը բացվելուն պես նա անակնկալ արագ մոտեցել է վերելակին կից բաց պատուհանին և իրեն ցած նետել, ինչի հետևանքով մահացել է», - հաղորդել է ՔԿ-ն։
«Ինչ էլ պատահի նրա հետ, դրանում ուղղակի պատասխանատվություն կրում են իրավապահ մարմինները։ Այն, ինչ որ ներկայացնում են, թե իբր կարողացել է մի հնարքով դուրս գալ նրանց հսկողությունից և նետվել պատուհանից, որի արդյունքում մահացել է, էլի դրա պատասխանատվությունը կրում են իրավապահ մարմինները, որովհետև անձը փաստացի գտնվում է անազատության մեջ», - հավելեց Արթուր Սաքունցը։
Եթե մահացած տղամարդու մեղքն ապացուցվեր, և նա իսկապես կապ ուներ թմրանյութերի իրացման հետ, ապա պետք է կանխատեսեր, որ օրերից մի օր կարող էր հայտնվել ոստիկանության բաժնում և հոգեբանորեն պատրաստ լիներ դրան, ասում է իրավապաշտպանը, բացառում, որ ձերբակալության պատճառով անակնկալի է եկել ու որոշել նետել իրեն մոտակա պատուհանից։
«Մնում է միայն մեկ հանգամանք՝ այդ ինչպիսի՞ն է եղել վերաբերմունքը քննիչի, ոստիկանի կողմից ձերբակալված անձի հանդեպ, որը նրան դրդել է արդեն որպես նոր շարժառիթի գնալ նման քայլի», - հարցնում է իրավապաշտպան Սաքունցը։
Ռուսաստանի քաղաքացու մահից հետո հարուցվել է քերական վարույթ ինքնասպանության հասցնելու և պաշտոնեական անփութության հոդվածներով, մեղադրյալներ առայժմ չկան։ Գործը քննում է Քննչական կոմիտեն՝ նույն մարմինը, որի ստորաբաժանումներից մեկում տեղի է ունեցել ողբերգական միջադեպը։
Նախկին Հատուկ քննչական կոմիտեն այժմ դարձել է Հակակոռուպցիոն մարմին ու զբաղվում է միայն կոռուպցիոն հանցագործություններով, Ազգային անվտանգության ծառայության քննչական բաժինն էլ 2024-ի հունվարից է միացվելու Քննչական կոմիտեին, որը ստացվում է՝ պետք քննի նաև ոստիկանների ու քննիչների հնարավոր հանցանքները։
Սաքունցը սխալ որոշում է համարում պաշտոնյաներին և իրավապահներին առնչվող գործերով զբաղվող Հատուկ քննչական ծառայության լուծարումը. - «ԱԱԾ-ի, նույն քննչական մարմինների, իրավապահ մարմինների, նույն Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու վրա թքելու այդ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի փաստող քրեական գործը պետք է Հատուկ քննչական ծառայության կողմից իրականացվի որպես առանձին մարմին։ Ինստիտուցիոնալ առանձին մարմնի մասին է խոսքը»։
Երեկ Երևանում Ռուսաստանի քաղաքացու ինքնասպանության դեպքը վերջին կես տարում քննչական մարմնում տեղի ունեցած 2-րդ ինքնասպանությունն է։ Ապրիլի վերջին Քննչական կոմիտեի Արարատի մարզի վարչության երրորդ հարկի պատուհանից ցած էր նետվել Միսակ Պողոսյանը, որի հարազատները հայտարարել են, որ չեն հավատում ինքնասպանության վարկածին։ «Ազատությունը» հետաքրքրվեց մահացած տղամարդու ընտանիքից, թե կա՞ Պողոսյանի մահվան գործով հարուցված վարույթում առաջընթաց։ Ըստ հարազատների՝ չկա։