Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պուտին-Էրդողան -Ալիև եռանկյունում ցանկացած հարցի քննարկում՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, էներգետիկ, մարդասիրական /որն իհարկե այդ եռանկյունում գոյություն չի կարող ունենալ, ավելին եռանկյունին կազմողներն իրենց ողջ էությամբ հակամարդկային են/ և այլն, անպտուղ, անիմաստ, աննպատակ զբաղմունք է, որը բացի մարդկանց անվտանգությունը վտանգելուց այլ հետևանքներ չի կարող ունենալ։
Ներկա իշխանությունը այդպես էլ չկարողացավ գիտակցել, որ ՀՀ քաղաքացիների կողմից իրականացրած ժողովրդավարական հեղափոխության արդյունքում ՀՀ-ն ապագա չի կարող ունենալ՝ գտնվելով այդ ագրեսիվ եռանկյունու փակ համակարգում։
Հստակ է, որ ներկա իշխանության բացառիկ ապաշնորհության և անպատասխանատվության հետևանքով ենք մխրճվել այդ ագրեսիվ, հակաքաղաքակրթական եռակողմ փակուղում, տալով հազարավոր մարդկային զոհեր, վատնելով և մսխելով ժողովրդավարական, ինքնիշխան, իրավական պետության վերականգնման եզակի հնարավորության համար այդքան թանկ ժամանակը։
Միանշանակ է, որ իրենց ընդդիմություն համարող քրեական մաֆիոզ խմբավորումը իր կառավարման ժամանակ շատ հարմարավետ էր զգում այդ նույն փակ, ագրեսիվ եռանկյունու համակարգում և հիմա նորից փորձում է վերադարձնել իշխանությունը, որովհետև իրանացիորեն գտնում է, որ այդ փակ, ագրեսիվ եռանկյունու համակարգը իր համար է, իր համար է հոգեհարազատ, և միայն ինքն իրավունք ունի հանդես գալու որպես Հայաստանի կառավարություն նման համակարգում։
Ինչպես կարող ենք դուրս գալ այդ եռանկյունի փակ ագրեսիվ, հակամարդկային համակարգից։
Այս հարցն է գտնվում ՀՀ օրակարգում»: