Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Տեղեկատվության սահմանափակումը պետք է լինի ողջամիտ և կոնկրետ. կարծիք ԱԱԾ նախագծի մասին

October 24, 2023

Գործունեություն | Ընթացիկ հայտարարություններ | Իրավունքներ | Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ | Տեղեկատվություն փնտրելու, ստանալու իրավունք

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացրել «Ըստ գերատեսչական պատկանելության պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը՝ սահմանելով տեղեկատվության սահմանափակման նոր դրույթներ։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ը կարծիք են հրապարակել նախագծի թերությունների մասին։

 

Կազմակերպությունների համար սկզբունքային է, որ տեղեկատվության տրամադրման հետևանքով պատճառվելիք վնասի ռիսկը գերակայի տեղեկատվության բացահայտման ընդհանուր հանրային շահին։ Միևնույն ժամանակ խիստ կարևորելով պետության կողմից իր պաշտպանունակության և ազգային անվտանգության ապահովման իրավաչափ և անվիճելի շահը՝ կազմակերպությունները կարծում են, որ տեղեկատվության ազատության իրավունքի ցանկացած սահմանափակում պետք է համաչափ և պիտանի լինի նշված նպատակների իրագործման տեսանկյունից և չպետք է միտված լինի պարզապես առավելագույն ծավալով տեղեկատվության գաղտնագրմանը՝ մեծացնելով, օրինակ, կոռուպցիոն վտանգները։ Նախագծի հավելվածով սահմանված ցանկում, սակայն, տեղ են գտել այնպիսի տեղեկություններ, որոնց գաղտնագրումը առանց լրացուցիչ պայմանների առկայության պահանջների կհանգեցնի տեղեկատվության ազատության իրավունքի անհամաչափ և աննպատակ սահմանափակման։ Ավելին, փոփոխությունները չեն բխում միջազգային փորձից և չափորոշիչներից, որոնց առնչությամբ ևս կարծիքում կոնկրետ օրինակներ են բերվում։

 

Ցանկի 14-րդ կետով որպես պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ են սահմանվում ՀՀ կառավարության հաստատած ցանկով զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումների մասին տեղեկությունները, 21-րդ կետով՝ ի թիվս այլ տեղեկությունների՝ պետական պաշտպանական պատվերների ծավալների մասին տեղեկությունները, 22-րդ կետով՝ ի թիվս այլ տեղեկությունների՝ տնտեսական կարևոր նշանակություն ունեցող գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մասին տեղեկությունները, 25-րդ կետով՝ ի թիվս այլ տեղեկությունների՝ ՀՀ ֆինանսների և բյուջետային քաղաքականության (բացի տնտեսության և ֆինանսների ընդհանուր վիճակը բնութագրող ամփոփ ցուցանիշներից) մասին տեղեկությունները, 29-րդ կետով՝ ի թիվս այլ տեղեկությունների՝ ընդհանուր օգտագործման նշանակության հումքերի, նյութերի, դրանց ստեղծման, արտադրության և զարգացման վերաբերյալ տեղեկությունները։

 

Անդրադառնալով Ցանկի 14-րդ և 21-րդ կետերով նախատեսված տեղեկությունների տեսակներին՝ կարծիքի հեղինակները նշում են. «Զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումներ և պաշտպանական պատվերների ծավալներ հասկացություններն այնչափ լայն են, որ դրանց տակ ցանկության դեպքում կարելի է հասկանալ ցանկացած գնում և պատվերի ծավալ, որն այս կամ այն եղանակով ծառայեցվում է պաշտպանական՝ բանակի ապահովման կարիքներին, այդ թվում, օրինակ, Պաշտպանության նախարարության կողմից ձեռք բերվող սննդի քանակի, դրա հետ փոխկապակցված՝ դրանց արժեքային ցուցանիշների մասին կամ ցանկացած այլ՝ ռազմական բնույթի գնումներին չվերաբերող տեղեկություն»: Փոխարենը առաջարկվում է Ցանկի 14-րդ և 21-րդ կետերը վերախմբագրել՝ որպես պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ սահմանելով սպառազինության և ռազմական նշանակության ապրանքների գնումների, պատվերների, դրանց ծավալների վերաբերյալ տեղեկությունները:

 

Ցանկի 22-րդ կետով նախատեսվող տնտեսական կարևոր նշանակություն ունեցող գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ հասկացությունը ևս այնքան լայն է, որ կարող է սահմանափակվել հասարակության տեղեկացվածության իրավունքը երկրում գիտության և տեխնիկայի զարգացման, այդ ոլորտներում պետության կողմից տարվող քաղաքականության արդյունավետության վերաբերյալ։ «Կարծում ենք, որ միայն ռազմարդյունաբերության ոլորտում նվաճումների կամ պետության պաշտպանության և անվտանգության նպատակով անցկացվող հետազոտությունների մասին տեղեկատվության սահմանափակումները կարող են դիտվել մարդկանց տեղեկատվության ազատության իրավունքին իրավաչափ միջամտություն, և այդ սահմանափակումներն արդեն իսկ նախատեսված են Ցանկի 6-րդ և 27-րդ կետերում»,-նշվում է կարծիքում: Կարծիքի հեղինակներն առաջարկում են Ցանկի 22-րդ կետից հանել տնտեսական բառը կամ վերախմբագրել կետը՝ որպես պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ սահմանելով միայն այն տնտեսական կարևոր նշանակություն ունեցող գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մասին տեղեկությունները, որոնց վաղօրոք բացահայտումը կարող է վտանգել տնտեսական անվտանգությունը, ինչպես նաև, եթե դրանք վերաբերում են անվտանգությանը և պաշտպանությանը կամ հատուկ նշանակություն ունեն ազգային անվտանգության շահերի համար։

 

Տեղեկատվության ազատության իրավունքի նույնքան ոչ իրավաչափ սահմանափակում է նախատեսվում նաև Ցանկի 29-րդ կետում ընդգրկված ընդհանուր օգտագործման նշանակության հումքերի, նյու­թերի, դրանց ստեղծման, արտադրության և զարգացման վերաբեր­յալ տեղեկու­թյուն­ների մասով։ Սա նշանակում է, որ հնարավոր կլինի գաղտնագրել երկրի արդյունաբերական և նույնիսկ գյուղատնտեսական ցանկացած կարողության վերաբերող որևէ տեղեկատվություն։ «Միևնույն ժամանակ ցանկացած հումք կամ նյութ այս կամ այն չափով հնարավոր է համարել նաև ռազմավարական նշանակության՝ սկսած մետաղներից և պոլիմեր նյութերից, որոնք օգտագործվում են ցանկացած, այդ թվում՝ ռազմական տեխնիկայի արտադրության մեջ, վերջացրած ցորենով: Եվ կրկին, գտնում ենք, որ բացառապես ռազմական տեխնիկայի և սպառազինության արտադրության մեջ օգտագործվող հումքերի և նյութերի մասին տեղեկատվության սահմանափակումը կարող է դիտվել որպես մարդու տեղեկատվության ազատության իրավունքին իրավաչափ միջամտություն»: Փոխարենն առաջարկվում է Ցանկի 29-րդ կետից հանել ընդհանուր օգտագործման նշանակության հումքերի, նյութերի, դրանց ստեղծման, արտադրության և զարգացման վերաբերյալ տեղեկությունները կամ դրույթը վերախմբագրել՝ որպես պետական գաղտնիքների շարքին դասվող տեղեկություն սահմանելով ռազմական նշանակության հումքերի, նյութերի, դրանց ստեղծման, արտադրության և զարգացման վերաբերյալ տեղեկությունները։

 

«Վերջապես Ցանկի 25-րդ կետով նախատեսված՝ ֆինանսների և բյուջետային քաղաքականության մասին տվյալները պետական գաղտնիքի շարքին դասելու հնարավորությունն առհասարակ չի կարող ողջամտորեն համարվել տեղեկատվության ազատության համաչափ և իրավաչափ սահմանափակում», - նշվում է կարծիքում։ Ըստ կազմակերպությունների՝ նշված տեղեկությունների գաղտնագրման այդչափ լայն հնարավորությունը ողջամտորեն հնարավոր չէ անմիջականորեն բխեցնել ազգային անվտանգության ապահովման իրավաչափ անհրաժեշտությունից, ուստի այն խախտում է ժողովրդավարական հասարակությունում մարդու՝ պետության տնտեսական, ֆինանսական քաղաքականության մասին տեղեկացվածության ապահովման իրավաչափ շահը։ Ի վերջո բյուջետային քաղաքականությունն արտացոլվում է նաև պետական բյուջեում, որն ԱԺ-ն ընդունում է որպես օրենք, ինչն ուղղակի բացառում է դրա գաղտնի մնալը։ Առաջարկվում է Ցանկի 25-րդ կետից հանել դրա ֆինանսների և բյուջետային քաղաքականության (բացի տնտեսության և ֆինանսների ընդհանուր վիճակը բնութագրող ամփոփ ցուցանիշներից) բառերը կամ նշված կետով որպես պետական գաղտնիքների շարքին դասվող տեղեկություն սահմանել ֆինանսական քաղաքականութան նախապատրաստման մասին այն տեղեկությունները, որոնց վաղաժամ հրապարակումը կարող է վնաս հասցնել պետությանը կամ բացասաբար ազդել կապիտալի և ֆինանսական շուկաների վրա։

 

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտումներ՝ 175

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????