Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Կան քրեական գործեր, որոնք մեկ տարուց ավելի հարուցված են, և մինչև հիմա որևէ անձի մեղադրանք չի առաջադրված

September 27, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին։ Ըստ հաղորդագրության՝ «Մարտի 1»-ի ապացույցները թաքցնելու գործընթացը համակարգել ու օժանդակել են Գևորգ Կոստանյանն ու Գևորգ Մհերյանը։ Այս բացահայտումները շատերը կապում են ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի փոփոխության հետ, որքանո՞վ են դրանք փոխկապակցված։

 

Ես չունեմ բավարար տեղեկություն՝ կապելու մեկը մյուսի հետ։ Կարծում եմ՝ 1-2 օրվա ընթացքում հնարավոր չէր անհրաժեշտ տեղեկությունները հավաքել, քրեական գործեր հարուցել և որպես կասկածյալ կամ մեղադրյալ անձանց ներգրավել։ Դա ենթադրում է բավական երկար ժամանակ, բայց ես կարող եմ հիշեցնել տարբեր քրեական գործեր, որոնք մեկ տարուց ավելի հարուցված են, և մինչև հիմա որևէ անձի նկատմամբ մեղադրանք չի առաջադրված։ Այսինքն, նման պրակտիկա էլ ունենք։ Այնպես որ, երբ իրավապահ մարմինների նախկին ղեկավարներն ասում են, թե այդ տվյալները ձեռք են բերվել իրենց ղեկավարության օրոք, այո, բնականաբար այդպես է, բայց դա չի նշանակում, որ իրենք պատրաստվում էին մեղադրանք առաջադրել կոնկրետ մարդկանց։

 

Վարչապետը ԱՄՆ-ում իր հանդիպումներից մեկի ժամանակ հստակ հայտարարեց, որ այդ պաշտոնանկությունների հիմնական պատճառը կոռուպցիայի դեմ պայքարում ոչ արդյունավետ աշխատանքն էր։ Դա առնվազն պետք է ելակետային դրույթ ընդունել։ Մյուս կողմից, ճիշտ է, որ ծավալը բավական մեծ է, որովհետև երբ խոսել ենք նախկին իշխանությունների մասին, մշտապես դա որակել ենք որպես համակարգային կազմակերպված կոռուպցիա։ Հիմա ոչ թե  պետք է զարմանանք, որ իրար հետևից քրեական գործեր են հարուցվում, այլ հարց տանք, թե ինչու են դրանք ուշանում և ինչու ոչ բոլորի նկատմամբ է դա արվում։ Իհարկե, այստեղ օբյեկտիվ հանգամանք կա ծավալի առումով, որովհետև 1-2-ը չի, ամբողջական համակարգ է գործել ու վերից վար կազմակերպված բնույթ է ունեցել կոռուպցիան ու անպատժելիությունը։ Դրա համար ոչ թե պետք է զարմանալ այս քրեական գործերի հարուցմամբ, այլ պետք է սպասենք էլ ավելի մեծ թափով քրգործերի հարուցմանը մյուս անպատժելի, կոռումպացված կառավարողների նկատմամբ։

 

Գևորգ Կոստանյանն արդեն հանդես է եկել հայտարարությամբ և անհիմն է որակել իրեն վերաբերող մեղադրանքները։ Ձեր կարծիքով, որքանո՞վ են արժանահավատ հրապարակված փաստերը և որքանով նրանք կապ ունեն «մարտի 1»-ի գործի հետ։

 

Եկեք այդքան ժամանակ ու էներգիա չծախսենք այդպիսի հայտարարությունները մեկնաբանելու կամ հերքելու վրա։ Կա պարզ օրինաչափություն. նույնիսկ Նյուրնբերգյան դատավարությունում ֆաշիստական պարագլուխները չէին ընդունում, որ իրենք մեղավոր են։ Պինոչետը իր նկատմամբ հարուցված քրեական գործում իրեն մեղավոր չի համարել։ Չի եղել որևէ պետության ղեկավար, որը կազմակերպված կոռուպցիոն հանցագործությունների մեջ մեղադրվել է կամ մարդու իրավունքների խախտումներ է թույլ տվել և հետո խոստովանել է, որ ինքն օրենք է խախտել կամ ինքը մեղավոր է։ Նման բան չի եղել։ Նման բան նույնիսկ շարքային քաղաքացիները չեն խոստովանում։ Դա բնական ձգտում է՝ խուսափել պատասխանատվությունից, որովհետև հանցագործությունը, որի մեջ մեղադրվում են, բավական ծանր է տվյալ դեպքում։ Այնպես որ, դրանք մենք առայժմ ընդունում ենք որպես հայտարարություններ մարդկանց կողմից, որոնց նկատմամբ քրգործ է հարուցվել, քննություն է իրականացվելու։ Սպասենք քննության ընթացքին։

 

Վիգեն Սարգսյանն, ըստ իրավապահների, ներգրավված է զինվորականներին բնակարաններ տրամադրելու գործընթացում չարաշահումների գործով։ Նա հիմա Հայաստանում չէ և անբարոյականություն է համարում իր հասցեին նման հայտարարություններ հրապարակելը, տեղի ունեցածը որակելով որպես քաղաքական հետապնդում։ Ինչպե՞ս եք գնահատում նրա հայտարարությունը։

 

Համակարգային կոռուպցիայով կառավարվող ռեժիմի որևէ ներկայացուցիչ, երբ հիմա խոսում է անբարոյականությունից, ես դա ցինիզմ եմ համարում։ Փաստաբան Նորայր Նորիկյանն արդեն նշել է, որ ինքը մի քանի զինծառայողների շահերի պաշտպանությամբ է զբաղվում, որը վերաբերում է հենց բնակարանային իրավունքների պաշտպանությանը։ Այսինքն հարուցված քրեական պրոցես էլ կա, երբ մարդիկ զրկվել են իրենց բնակարանային իրավունքից։ Այնպես որ քրեական գործի հարուցումը կամ հարուցված քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավվելը ոչ թե բարոյական կատեգորիա է, այլ իրավական ընթացակարգ։ Երբ նախկին պաշտոնատար անձը խոսում է բարոյականության մասին, ակամա խոստովանում է, որ գործել են թայֆաբազության բարոյական նորմեր։

 

«Մարտի 1»-ի գործի  շրջանակներում շատ է խոսվում, թե ինչու օրինակ մեղադրյալի կարգավիճակում չէ Աղվան Հովսեփյանը։ Այս կծիկը կհասնի՞ այդ անձանց, այդ թվում Սերժ Սարգսյանի անունն են տալիս։

 

Բոլորին մեկ առ մեկ չի կարող չհասնել։ Նույն ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանին, նրանից հետո Վահրամ Շահինյանին, դատախազներին, ոստիկանապետերին, պաշտպանության նախարարներին, գլխավոր շտաբի պետերին, պատգամավորներին, որոնք իրենց թիկնազորներով ներգրավված են եղել քաղաքացիների դեմ բռնություններին։ Այնպես որ, պետական ռեսուրսների, այդ թվում զինված ուժերի կիրառմամբ այդ հանցավոր գործողության մեջ ներառված են եղել վերից վար ամբողջ պետական ռեսուրսները։ Մի մասը անմիջականորեն է ներգրավված եղել այդ գործողություններին, մի մասը այդ գործողությունները կոծկել է, իրավական ընթացք չի տվել։ Այնպես որ, ծավալը շատ մեծ է։

 

Կարծում եք՝ ծավալի մեծությո՞ւնն է պատճառը, որ դեռ բոլորին չեն հասել։ Որևէ մեկին խնայելու խնդիր չկա՞ դրված։

 

Բնականաբար։ Ես կարծում եմ՝ խնայել-չխնայելու հասկացությունն այստեղ չպետք է գործի։ Պետք է գործեն իրավական ընթացակարգերը, օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքը և կատարած ապօրինի գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու սկզբունքը։

 
Դիտումներ՝ 282

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????