Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Դատարանը պարտավորեցրեց վերացնել Անուշ Պողոսյանի իրավունքների և ազատությունների խախտումը

2018 թ. սեպտեմբերի 26-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց հարկադիր կատարողների գործողությունների վերաբերյալ Անուշ Պողոսյանի ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի բողոքը:

Հարկադիր կատարողները 2016թ. հունվարի 16-ին ապօրինաբար վերսկսել էին կասեցված կատարողական վարույթներն ու փետրվարի 8-ին դրանց հիման վրա ներխուժել Անուշ Պողոսյանի բնակարան:

2016 թվականի հունվարի 22-ին վերսկսված կատարողական վարույթները կասեցվել էին, քանի որ Անուշ Պողոսյանը կատարողական վարույթները վերսկսելու գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով դիմել էր դատարան, և հայցը բավարարվել էր, սակայն ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը բողոքարկել է, և վերջնական որոշում դատարանը դեռևս չի կայացրել: Այդ գործով հերթական դատական նիստը նշանակված է 2018թ. հոկտեմբերի 8-ին:

Հարկադիր կատարողներն իրավունք չունեին վերսկսելու կատարողական վարույթներն այն դեպքում, երբ դրանց օրինաչափությունը վիճարկվում է դատարանում, բացի դրանից՝ ըստ Անուշ Պողոսյանի՝ հարկադիր կատարողները և պարտատերն իրավունք չունեին մուտք գործելու իր բնակարան և կատարելու այնտեղ գտնվող արգելադրված գույքի ստուգում։

Անուշ Պողոսյանը այդ մասին 2018 թ. փետրվարի 9-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, սակայն ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը Անուշ Պողոսյանի գրությունը չէր դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում: Այնուհետև Անուշ Պողոսյանը դիմում էր ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելու կամ նյութեր նախապատրաստելու հանձնարարություն տալու վերաբերյալ, սակայն այն չէր բավարարվել, և Անուշ Պողոսյանը դիմել էր դատարան:

2018 թ. սեպտեմբերի 26-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց բողոքն ու պարտավորեցրեց վարույթն իրականացնող մարմնին վերացնել Անուշ Պողոսյանի իրավունքների ու ազատությունների խախտումները:

Կիսվել՝

Կարդալ նաև