Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Խոշտանգման հետևանքով վնասի փոխհատուցման՝ պետության հետադարձ պահանջի՝ ռեգրեսի իրավունքը խոշտանգում իրականացրած անձանց նկատմամբ չի իրացվում

April 29, 2020

COVID-19 | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Հրապարակումներ | Մարդու իրավունքներն արտակարգ դրության պայմաններում | Նորություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2016 թ. դեկտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովը ընդունեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը: Այն ուժի մեջ մտավ 2017 թվականի հունվարին: Օրենքի 3-րդ հոդվածով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք)  60-րդ գլխում լրացումներ տեղի ունեցան, որոնք սահմանում են խոշտանգումից տուժած անձանց փոխհատուցման կարգն ու պայմանները: Օրենսգրքի 1087.3-րդ հոդվածի 7-րդ մասը բավական ուշագրավ կարգավորումներ է նախատեսում. պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ կատարված խոշտանգման հետևանքով պատճառված վնասը փոխհատուցելու դեպքում վճարած փոխհատուցման չափով այդ անձի նկատմամբ պետության հետադարձ պահանջի՝ ռեգրեսի իրավունք:

 

Փոխհատուցման կարգը սահմանող այս դրույթի գործնական կիրառումը պարզելու նպատակով 2019 թ. հոկտեմբերի 2-ին ՀՔԱՎ-ը  գրությամբ դիմել էր  ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին: Գրասենյակին, մասնավորապես, հետաքրքրում էր, թե  քանի հայց է ներկայացվել պետության դեմ՝ խոշտանգումից տուժած անձանց կրած վնասների փոխհատուցման պահանջով  2017, 2018 և 2019 թթ.-ին, քանի՞սն են բավարարվել դատական կարգով և քանի՞ դեպքում է տրվել փոխհատուցում պետբյուջեից: Բացի սրանից՝ նույն ժամանակահատվածում  և նույն պահանջով արտադատական կարգով քանի մարդ է դիմել և քանիսի դիմումն է  բավարարվել, այդ անձանց պետբյուջեից փոխհատուցելիս քանի դեպքում է, որ խոշտանգում իրականացրած անձանց ներկայացվել է հետադարձ պահանջ՝ փոխհատուցման չափով, քանի խոշտանգման անձի են հատուցել՝ բուժօգնության ու սպասարկման դիմաց:

 

2019 թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՔԱՎ-ին լակոնիկ պատասխանով տեղեկացրել էր. «2017-2019 թթ. խոշտանգումից տուժած անձանց կողմից ՀՀ ֆինանսների նախարարության դեմ թե՛ դատական, թե՛ արտադատական կարգով որևէ պահանջ չի ներկայացվել»:

 

Ըստ էության պատասխան չստանալով՝ ՀՔԱՎ գրասենյակը 2020 թ. մարտի 5-ին նոր գրությամբ կրկին իրազեկում է ՀՀ ֆինանսների նախարարին, որ վերոհիշյալ օրենքում խոշտանգումից տուժած անձանց փոխհատուցման մասին դրույթն ուժի մեջ մտնելուց ի վեր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ՀՀ վերաբերյալ կայացված 4 վճիռներում արձանագրված խոշտանգման փաստերով փոխհատուցման ենթակա գումարը կազմել է 33.600 եվրոյին համարժեք դրամ:

 

Նոր գրությամբ ՀՔԱՎ գրասենյակն անկնկալում էր ֆինանսների նախարարությունից տեղեկություններ այն մասին՝ արդյոք ՄԻԵԴ-ի՝ ՀՀ-ի վերաբերյալ վճիռներով պետությունը փոխհատուցել է դիմումատուներին հասանելիք գումարը, թե՝ ոչ, նաև կրկին փորձել էր տեղեկանալ՝ արդյոք այն դեպքերում, երբ փոխհատուցումը պետբյուջեի հաշվին է, պետությունը ռեգրեսի պահանջ ներկայացրե՞լ է անմիջականորեն խոշտանգում կատարած կամ կատարելու կարգադրություն տված անձին:

 

ՀՔԱՎ գրասենյակը նախարարին նաև խնդրել էր մանրամասնել այդ 4 վճիռներից որի դեպքում և կոնկրետ ում նկատմամբ է ներկայացվել ռեգրեսի պահանջ, հակառակ պարագայում՝ հստակեցնել  պատճառը՝ ինչու մինչ օրս պետությունը չի իրացնում օրենսգրքով սահմանված փոխհատուցմանը վերաբերող հոդվածով սահմանված իր իրավունքը:

 

2020 թ. մարտի 18-ին ՀՔԱՎ գրասենյակին պատասխանել էր ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Վազգեն Հարությունյանը: Նա, մասնավորապես, տեղեկացրել էր փոխհատուցման չափերի մասին՝ բոլոր չորս «Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի», «Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի», «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» և «Գասպարին ընդդեմ Հայաստանի» գործերով՝ համապատասխանաբար 6000, 3000, 20600 և 4000 եվրոյին համարժեք դրամ: Գրությամբ տեղեկացվել էր նաև, որ այս միջոցները Կառավարության համապատասխան որոշումներով հատկացվել են ՀՀ արդարադատության նախարարությանը: Իսկ ահա օրենքով սահմանված փոխհատուցման կարգում կարևոր ու առանցքային համարվող ռեգրեսի պահանջի ու դրա իրացման մասով ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարն ընդամենը հղում էր կատարել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ նկատելով, որ նման պահանջով տեղեկություն չի տրամադրվել, որի պատճառով էլ ոչ մի քայլ իրենք չեն ձեռնարկել:

 

ՀՔԱՎ գրասենյակն արձանագրում է, որ ունենալով համապատասխան օրենսդրական միջոցը, պետությունն, այդուհանդերձ, որպես այդպիսին այն չի կիրառում: Բոլոր 4 գործերով խոշտանգում կատարած կամ խոշտանգման դրդած անձանց հանդեպ պետությունն այդպես էլ չի իրացրել պետբյուջեից հատուցված գումարների հետգանձման պահանջի իր պարտավորությունը:

 

Օրենսգրքի 1087.3-րդ հոդվածի 7-րդ մասն ունի առանցքային նշանակություն այն իմաստով, որ հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունքի կիրառման արդյունքում պաշտոնատար անձինք կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձինք կհատուցեն իրենց կողմից կամ իրենց դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ կատարված խոշտանգման հետևանքով պատճառված վնասը։

 

Միևնույն ժամանակ, հարկ է նկատել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածն անձին վերապահում է ոչ նյութական վնասի հատուցման պահանջի իրավունք այն դեպքերի համար, երբ քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են այդ անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված հետևյալ հիմնարար իրավունքները.

 

1) կյանքի իրավունքը,

2) խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը,

3) անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը,

4) արդար դատաքննության իրավունքը,

5) անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության իրավունքը,

6) մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը,

7) հավաքների և միավորման ազատության իրավունքը,

8) իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը,

9) սեփականության իրավունքը:

 

Ավելին՝ նույն հոդվածի 3-րդ մասով հստակ ամրագրված է, որ եթե դատապարտյալն արդարացվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից Թիվ 7 արձանագրության 3 հոդվածով նախատեսված պայմաններում,  նա իրավունք ունի դատական կարգով պահանջելու իրեն պատճառված ոչ նյութական վնասի հատուցում (սույն օրենսգրքի իմաստով՝ հատուցում անարդարացի դատապարտման համար):

 

Նույն հոդվածի 4-րդ մասով էլ սահմանվում է, որ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը հատուցվում է սույն օրենսգրքի 1087.1 հոդվածով, իսկ հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը՝ 1087.2 հոդվածով սահմանված կարգին և պայմաններին համապատասխան:

 

Տեղին է նշել, որ Օրենսգրքի 1087.2-րդ հոդվածով սահմանվում են հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման կարգը և պայմանները՝ նախատեսելով, որ հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման եղանակը, հիմքը և չափը որոշվում են սույն հոդվածին և սույն օրենսգրքի 162.1 հոդվածին համապատասխան:

 

Նշված հոդվածով ամրագրվել է նաև, որ ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման պետբյուջեի միջոցների հաշվին` անկախ հատուցման ենթակա գույքային վնասից և անկախ վնաս պատճառելիս՝ պաշտոնատար անձի մեղքի առկայությունից:

 

Այդուհանդերձ, պետք է արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսվում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով սահմանադրական և կոնվենցիոն իրավունքների խախտման դեպքերում անձի նյութական փոխհատուցում ստանալու իրավունքը։ Հետևաբար, պետք է նկատել, որ բացի խոշտանգումից զերծ մնալու անձի սահմանադրական և կոնվենցիոն իրավունքի խախտումից, օրենսգիրքը նախատեսում է նաև այլ հիմնարար իրավունքներ, որոնց խախտման պայմաններում ի հայտ է գալիս ոչ նյութական վնասի փոխհատուցման իրավունքը, որի պայմաններից մեկը շարունակում է մնալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշումը, գործողությունը կամ անգործությունը, որի հետևանքով խախտվել է հիմնարար իրավունքը, իսկ նյութական վնասի հատուցումը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին։

 

Նշվածը թույլ է տալիս արձանագրել, որ ոչ նյութական վնասի փոխհատուցման կարգի նախատեսմամբ օրենսդրի հիմնական նպատակն է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից անձի սահմանադրական և կոնվենցիոն իրավունքների   խախտման դեպքերի կանխարգելումը, որի ապահովման արդյունավետ միջոց  է հետադարձ պահանջի (ռեգրեսի) ինստիտուտի կայացումը և այս համատեքստում պաշտոնատար անձանց կողմից անձի սահմանադրական և կոնվեցիոն իրավունքների խախտման դեպքերում ոչ միայն նյութական վնասի փոխհատուցում ստանալու իրավունքի նախատեսումը, այլ նաև պետության կողմից հետադարձ պահանջի ներկայացումը այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, պաշտոնատար անձին, որոնց որոշման, գործողության կամ անգործության հետևանքով պատճառվել է վնասը։

 

Նշվածից բացի՝ պետք է նկատել, որ հետադարձ պահանջի (ռեգրեսի) ինստիտուտի կայացումը պայմանավորված է նաև պրակտիկայով: Քանի դեռ պետության կողմից համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվում այս միջոցի կիրառման և հետագա զարգացման համար, պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց որոշումների, գործողության կամ անգործության հետևանքով շարունակվում են խախտվել անձի սահմանադրական և կոնվենցիոն իրավունքները։

 

Դիտումներ՝ 1126

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????