Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի առաջարկությունը «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

May 29, 2023

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Իրավակիրառ պրակտիկայի վերլուծություն | Ծրագիր։ Զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների պաշտպանություն | Հրապարակումներ | Պետական կառույցներ | Սեփական | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է հանրային ծառայությունից ազատվելու հետ կապված վեճերի համար նախատեսել սեղմ դատավարական ժամկետներ: Նախագծի հիմնավորումների համաձայն՝ առաջարկվող կարգավորման կիրառման արդյունքում հանրային ծառայությունից ազատվելու հետ կապված վեճերը ՀՀ վարչական դատարանում կքննվեն ավելի արագ, հայցի բավարարման դեպքում առավել արդյունավետ կիրականացվի անօրինական հիմքերով աշխատանքից ազատված աշխատողի խախտված իրավունքների վերականգնումը, ինչպես նաև ավելորդ մեծածավալ փոխհատուցման բեռ չի սահմանվի գործատուի համար: 

 

Դրական գնահատելով Նախագծով առաջարկվող կարգավորումը՝ միաժամանակ առաջարկում ենք նույն մոտեցումը կիրառել նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչի հետ կապված վեճերի համար։ 

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (այսուհետ՝ Կազմակերպություն), իր գործունեության շրջանակներում զբաղվելով զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողների, սպաների, զորացրված պարտադիր ժամկետային, պայմանագրային զինծառայողների և սպաների իրավունքների պաշտպանությամբ, զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների և համակարգային տարբեր խնդիրների վերլուծության արդյունքում պարբերաբար ներկայացրել է ոլորտին վերաբերող օրենսդրական փոփոխություններին ուղղված առաջարկություններ։ Մասնավորապես, մի շարք վերլուծություններով բացահայտված խնդիրները հաշվի առնելով, Կազմակերպությունն առաջարկել էր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչի ընթացքում ընդունված վարչական ակտերի, գործողության կամ անգործության դեմ ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումների հիման վրա հարուցված գործերով օրենքով ամրագրել վարչական գործերի քննության և դրա շրջանակներում նշանակված դատաբժշկական փորձաքննությունների կատարման այնպիսի ժամկետներ, որը հնարավորություն կընձեռեր դատարանի որոշումն ունենալ մինչև զորակոչի ավարտը, որպես օրինակ նկատի  ունենալով նույնանման մոտեցումը ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով սահմանված հատուկ ժամկետները։ 

 

Խնդիրն է, երբ զորակոչիկները զինվորական ծառայության պիտանիության վերաբերյալ եզրակացությունը բողոքարկում են Վարչական դատարան, դատական գործերը քննվում են ողջամիտ ժամկետների խախտմամբ՝ պայմանավորված Վարչական դատարանի գերծանրաբեռնվածությամբ, իսկ այն դեպքում, երբ զորակոչիկները հրաժարվում են զինվորական ծառայության զորակոչվելու վերաբերյալ ծանուցագիր ստանալուց, անկախ այն հանգամանքից, որ պիտանիության մասին եզրակացությունը զորակոչիկը բողոքարկում է դատական կարգով, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանման (նախկին անվանումը՝ Զինվորական կոմիսարիատ) միջնորդության հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության համապատասխան կայազորային քննչական բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվում է քրեական գործ և զորակոչիկի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում: 

 

Այսպես, համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 12-րդ մասի՝  «Սույն հոդվածի համաձայն շարքային և պահեստազորի սպայական կազմերի զորակոչերի ենթակա քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու եզրակացությունների կամ քաղաքացիների առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննական եզրակացությունների հիման վրա տրված հրամանները դրանց կայացման օրվանից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին կամ դատարան` օրենքով սահմանված կարգով: Բողոքների ներկայացումը մինչև տրված հրամանների վերանայումը չի կասեցնում այդ հրամանների կատարումը»:

 

Համաձայն ՀՀ կառավարության «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգ հաստատելու մասին» 4 հոկտեմբերի 2018 թ. N 1132-Ն որոշման հավելված N 1-ի 37-րդ կետի՝ «Հայտարարված զորակոչի ընթացքում զինվորական կոմիսարիատ չներկայացած կամ զորակոչից խուսափած անձանց անձնական գործերի պատճենները, հաստատված զինվորական կոմիսարի կնիքով, զորակոչի ավարտից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան միջնորդությամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության համապատասխան կայազորային քննչական բաժին՝ միաժամանակ տեղեկացնելով համապատասխան կայազորային զինվորական դատախազությանը»:

 

Նշված իրավանորմերի կիրառումը պրակտիկայում բերում է մի իրավիճակի, երբ իրավասու մարմինները որևէ նշանակություն չեն տալիս զորակոչիկի նկատմամբ ընդունված միջամտող վարչական ակտի իրավաչափության վիճարկման դատական գործընթացի առկայությանը, և անկախ այն հանգամանքից, որ զինվորական ծառայության պիտանիության մասին եզրակացությունը զորակոչիկը բողոքարկում է դատական կարգով, նրա նկատմամբ հարուցվում է քրեական վարույթ և իրականացվում է քրեական հետապնդում, իսկ զորակոչիկի՝ պարտադիր զինվորական ծառայության մեկնելու պարտականությունը նման դեպքում ծագում է պիտանիության վերաբերյալ եզրակացության հիման վրա, այսինքն՝ քրեական վարույթը հարուցվում, զորակոչիկին ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվում և նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում պիտանիության վերաբերյալ եզրակացության հիման վրա զինվորական ծառայության չմեկնելու հիմքով։ Այլ կերպ, քրեական վարույթը հարուցվում և զորակոչիկի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է այն եզրակացության պահանջների չկատարման համար, որի իրավաչափությունը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դեռևս չի հաստատվել Վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտով: Հետևաբար արձանագրում ենք, որ նման պայմաններում զորակոչիկները ժամկետից շուտ ենթարկվում են քրեական հետապնդման, քանի որ իրացնելով ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 69-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքը, բողոքարկում են իրենց նկատմամբ կայացված վարչական ակտերը (պիտանիության մասին եզրակացությունները), իսկ դրան զուգահեռ քրեական վարույթի հարուցման և քրեական հետապնդում իրականացնելուն ուղղված գործողությունները խախտում են զորակոչիկների իրավունքներն ու ազատությունները և հռչակագրային բնույթի են վերածում վերը թվարկված իրավանորմերով սահմանված՝ պիտանիության մասին եզրակացությունը բողոքարկելու զորակոչիկների իրավունքը։

 

Վերը նշվածը հաշվի առնելով՝ առաջարկում ենք լրացում կատարել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում՝ սեղմ դատավարական ժամկետներ նախատեսելով նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչի հետ կապված վեճերով՝ սահմանելով, որ նշված վեճերը ՀՀ վարչական դատարանում քննվում և լուծվում են մինչև տվյալ զորակոչի ավարտը։

 

Առաջարկությունը կարող եք գտնել նաև e-draft.am-ում։ 

Դիտումներ՝ 87

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????