Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Փրկիչները» ամենակարող չեն լինում, պետությունը հեքիաթ չէ, կոնկրետ մեխանիզմ է

October 4, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Lragir.am-ի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

Պարոն Սաքունց, ԱԱԾ-ն բացահայտումներ է արել բանակի մատակարարումների և ՊՆ ու ԶՈւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերով, կալանավորվել է նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։ Ի՞նչ են ցույց տալիս այս բացահայտումները։

 

Ոչ միայն զինված ուժերի կամ պաշտպանության բնագավառում, այլ ընդհանրապես համակարգային կոռուպցիայի հետ կապված փաստերը, հիմնավորումները, տեղեկությունները տարիներ շարունակ հրապարակվել են։ Այսինքն՝ մենք գործ ենք ունեցել համակարգային կոռուպցիայի երևույթի հետ։ Բացի զինված ուժերից, դա առկա էր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության բնագավառներում, նույն պետական կառավարման համակարգում նշանակումներն ու կոչումները։ Իհարկե, պաշտպանության բանագավառն ուշադրության կենտրոնում էր գտնվում, քանի որ անվտանգությունը զգայուն թեմա է։ Ես վստահեցնում եմ ձեզ, որ եթե նույն կրթության բնագավառում իրականացվեն նմանատիպ ստուգումներ, տարիներ շարունակ պետական բյուջեից, տարբեր միջազգային կազմակերպություններից հատկացված վարկերի, դրամաշնորհների տիրապետման, իրացման հետ կապված, ոչ պակաս բացահայտումներ կլինեն։ Ես վստահեցնում եմ, եթե նույն ստուգումներն իրականացվեն առողջապահության բնագավառում, որտեղ ոչ պակաս ներդրումներ են կատարավել՝ օպտիամալացման, այսպես կոչված, ծրագրերի շրջանակներում, շատ ավելի լուրջ խնդիրներ կարող ենք արձանագրել։

 

Ինչի՞ համար եմ այս ամենն ասում՝ համակարգային կոռուպցիայի մասին կարծիքը կամ համոզմունքն անկասկած է եղել, որը, բնականաբար, պահանջում էր համակարգային մոտեցում։ Առաջնահերթությունների ցանկը նույնիսկ դժվար է սահմանել։ 2018 թվականի հեղափոխությունից հետո, հատկապես 2018 թվականի դեկտեմբերի 9-ից հետո մենք ակնկալում էինք, որ պետք է լիներ համակարգային մոտեցում։ Իսկ համակարգային մոտեցում ասածը դրանք սովորական ու ձևական բառեր չեն։ Ես ուղղակի հիշեցնեմ, որ մեր հենց առաջին պահանջներից մեկը գույքագրման առաջարկն էր կառավարությանը։ Խոսքը վերաբերում է նույն դատաիրավական համակարգին, որը որպես կառույց պետք է այդ ստուգումները կատարեր։ Ցավոք սրտի, առաջին պլան մղվեց պատժելու խնդիրը, որը իրապես կարևոր է․ չենք ասում, որ մարդիկ չպետք է պատասխանատվություն կրեն պետության զավթման համար, որի հետևանքները շատ ծանր են եղել։ Եվ նախորդ տարվա պատերազմը հանդիսացավ այդ ամենի փաստումը։ Այնուամենայնիվ, պետք է արվեր իմ ասած խնդիրների համակարգային գույքարումը, որի հիման վրա կարող էին նաև պետական համակարգում արմատական փոփոխություններ արվել։ Եվ սա չպետք է լիներ հատվածային։ Ի դեպ, այս հարցում բավական լուրջ աջակցություն կարող էր ունենալ Հայաստանը՝ թե փորձագիտական, թե մասնագիտական, թե ֆինանսական առումով։ Առանց գույքագրման ու ծավալի հստակեցման, դու չես կարող նույնիսկ մշակել հայեցակարգ, թե ինչ պետք է անել։ Այսինքն՝  արմատական վերափոխման ծրագրերի հիմնավորվածության տեսակետից այդ գույքագրումն անհրաժեշտ է։ Երբ սա չկա, առանձին հատվածային մոտեցումները չեն կարող արդյունավետ լինել։ Մենք անընդհատ սրա մասին ասել ենք, ասել ենք, որ հատվածային մոտեցումները թողնում են ընտրողական մոտեցման տպավորություն։ Եվ հանրային վստահությունը՝ արմատական փոփոխություններ կատարելու, չի կարող վերականագնվել։

 

Օպերատիվ կառավարման խնդիրների անհրաժեշտությունը չի կարող փոխարինել համակարգային փոփոխությունների համար անհրաժեշտ քայլերին։ Դրանք պետք է զուգահեռ արվեին։ Հրդեհների մարման այս արձագանքային մեթոդը, երբ դու չունես ընդհնարապես այդ հրդեհների ծագման ռիսկերի գնահատում, թե միջոցների, թե ժամանակի, թե ռեսուրսների անարդյունավետ վատնման հետ գործ կունենաս։ Եվ մենք դրանում համոզվեցինք։ Ես մի նյութ վերահրապարակեցի, որը վերաբերում էր 2010 թվականին։ Գեներալ Միքայել Գրիգորյանի կողմից գրություն էր Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։ Դրանում նշվում էր, որ գողանում են։ Դա հրապարակված է եղել։ Իշխանության ներկայացուցիչների մի մասը մարդիկ են, ովքեր եղել են այն դաշտում, որտեղ մենք ենք գտնվել։ Եվ չէին կարող տեղյակ չլինել այս մասին։ Ամբողջ ողբերգությունն այն է, որ չանելով այդ համակարգային գույքագրման ու մոտեցման քայլերը՝ իրենք ստեղծեցին հիմքեր կամ տվեցին հնարավորություն, որ համակարգային կոռուպցիայի, պետության զավթման համար պատասխանատուները սկսեն պաշտպանվել։ Եվ պաշտպանվելու համար հիմքերը հանդիսացան հենց այդ հատվածական մոտեցումները։ Դա ամբողջությամբ փոխեց մթնոլորտը, հնարավորություններն ու դաշտը և գործընթացի մակարդակը։ Այսինքն՝ մենք հիմա ի՞նչ մակարդակում ենք գտնվում՝ առանց փաստերի փոխադարձ մեղադրանք հնչեցնելու, պաշտպանվելու իրավիճակում, որը հյուծող է։

 

Մենք խոսում էինք Սահմանադրության մասին, որը պետք է փոխվի։ Պատահական չեմ ասում, որովհետև մենք միշտ ենք ասել, որ այս Սահմանադրությունը պետության զավթման Սահմանադրություն է։ Եթե պետության զավթումը մինչև 2015 թվականը Սահմանադրության մակարդակով ամրագրված չէր, ապա 2015 թվականի Սահմանադրութամբ ամրագրվեցին այդ մեխանիզմները։ Ինչո՞ւ ենք այս հարցը բարձրացնում, որովհետև պառլամենտական վերահսկողության մեխանիզմ՝ որպես այդպիսին, ընդհանրապես գոյություն չունի։ Հիմա նույն ԱԱԾ-ի նկատմամբ կա՞ պառլամենտական վերահսկողություն, ոստիկանության նկատմամբ կա՞, քննչական մարմինների նկատմամբ կա՞, չկա։ Ինչո՞ւ է պետք պառլամենտական վերահսկողությունը, հենց այդ մարմինների կողմից իրենց գործառույթների իրականացման արդյունավետությունը երաշխավորելու համար։ Եվ եթե սա չկա, ապա պետությունը շարունակում է մնալ սուբյեկտիվ գործոնների տրամաբանության մեջ։ Հեղափոխությունն արվեց, որպեսզի սուբյեկտիվ գործոնները որոշիչ նշանակություն չունենան կառավարման համակարգում։ Փոխադարձ զսպումների, գործառույթների անկախության երաշխավորումն է, որը երաշխավորում է խնդիրների համակարգային լուծումը։

 

Այսինքն՝ մասնագիտացված կոռուպցիոն համակարգի փոխարեն այսօր գործ ունենք անկարող, անգրագետ կառավարման համակարգի հետ, որն այդպես էլ չգիտակցեց համակարգային կոռուպցիայի մեխանիզմների էությունը՝ թե սահմանադրական, թե ինստիտուցիոնալ մակարդակներում։ Եվ փորձեց փրկչի տեսակետից մոտենալ խնդիրների լուծմանը։ Բայց «փրկիչները» ամենակարող չեն լինում, պետությունը հեքիաթ չէ, կոնկրետ մեխանիզմ է։ Արդյունավետ կառավարման միակ մեխանիզմը հաշվետու, թափանցիկ կառավարումն է։

 

Եվ հիմա այս քրեական գործերն ի՞նչ խնդիր են լուծում, վերացնելո՞ւ են համակարգային կոռուպցիայի մեխանիզմները։

 

Ամենևին ոչ, որովհետև համակարգային կոռուպցիայի մեխանիզմները գոյություն ունեն։ Դրանք խժռելու են ամենալավագույն «փրկչին»։ Շահերի բախմանը կարգավորում տվող մեխանիզմների բացակայությունը, որի հետևանքով մեկ անձից գնումների երևույթը շարունակում է մնալ, պառլամնետի ոչ արդյունավետ վերահսկողությունը գործադիրի և իրավապահ համակարգի նկատմամբ, սա հենց համակարգային կոռուպցիան երաշխավորող մեխանիզմ է։ Նման պայմաններում առանձին կոռուպցիոն դրսևումների հիման վրա հարուցված քրեական գործերի արդյունավետությունը երաշխավորված չէ՝ թե բացահայտման առումով և թե ազդեցության։ Ենթադրենք, Դավիթ Տոնոյանը կամ Պատրոն Դավոն չեն լինի, կլինի այլ մարդ, որովհետև եթե մեխանիզմը մնում է, իր տրամաբանությամբ էլի լինելու է կոռուպցիոն, որովհետև որոշումների կայացման մեխանիզմը նույնն է։ Իսկ հիմա սպառազինությունների գնման վերաբերյալ որոշումն ո՞վ է կայացնում, փոխվե՞լ է այն մեխանիզմը, որը գործում էր Սերժ Սարգսյանի կամ Քոչարյանի օրոք։ Մարդիկ են փոխվել, բայց այդ մեխանիզմը մնացել է։ Եվ այդ մեխանիզմն է իր էությամբ կոռուպցիոն։ Եվ սա նախկինների համար պարարտ հող է, որպեսզի նրանց խոսքը հնչի լեգիտիմ, որովհետև նրանք ասում են՝ ի՞նչ տարբերոթյուն, նույն մեխանիզմի պայմաններում է։ Խնդիրը մի դիլեմայի մեջ է, թե՝ հիմա ի՞նչ, այդ կոռուպցիոն հանցագործությունները չբացահայտվե՞ն, դժգո՞հ եք, դա էլ չանե՞նք։ Հարցն այն է, որ ամբողջական խնդիրը ձևակարպված չէ, մեխանիզմները փոխված չեն։ Այսինքն՝ երբ չկա համակարգային մոտեցում, այս հատվածային մոտեցումները արդյունավետ լինել չեն կարող, Պատրոն Դավոյին կփոխարինի Պատրոն Պողոսը, ես ձեզ վստահեցնում եմ։ Եվ այստեղ հակակոռուպցիոն կոմիտեի խնդիրը չէ, հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է հիմնված լինի սահմանդրական, օրենսդրական այնպիսի երաշխիքների վրա, որոնք կբացառեն համակարգային կոռուպցիայի և պետության զավթման մեխանիզմները, որոնք ապամոտնաժված չեն։

Դիտումներ՝ 33

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????