Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Դատապարտում ենք խորհրդարանում տեղի ունեցած բռնությունները

May 8, 2020

Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ

08 մայիսի, 2020 թ.

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  բազմիցս արտահայտել է հստակ դիրքորոշում, որ բռնությունը մեր կյանքում տեղ չունի: Սակայն այսօր ՀՀ խորհրդարանում պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթը մի քանի անգամ ընդհատելուց հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը բռնություն գործադրեց նրա նկատմամբ, որից հետո խորհրդարանի դահլիճում սկսվեց խառը ծեծկռտուք: Խորհրդարանական արժանապատիվ, քաղաքակիրթ մշակույթը, դեռ չկայացած, այսպիսով ծանր հարված ստացավ: Հաստատվեց, որ պետության զավթման ժամանակաշրջանում ձևավորված խորհրդարանական քրեական հակամշակույթին բնորոշ խայտառակ ավանդույթները  ոչ միայն վերացված չեն, այլև շարունակվում են:

 

Ափսոսանքով ենք  արձանագրում, որ եթե նոր խորհրդարանը խիզախություն ունենար պետության կառավարման խայտառակ անցյալին քաղաքական գնահատական տալու, այսօր, հավանաբար, քրեական հակամշակույթի օրինակ հանդիսացող այս միջադեպը տեղի չունենար:

 

Խստորեն դատապարտելով բռնությունն ընդհանրապես և դրա որևէ դրսևորում հանրային հարաբերություններում ու իշխանության համակարգում՝ պահանջում ենք Ազգային ժողովի ղեկավարության կողմից ջանքեր գործադրել իսպառ բացառելու  բռնության  և ժողովրդավարական, իրավական պետության արժեքներին անհարիր անբարո վարքը խորհրդարանական աշխատանքում, ջանքեր ներդնել հանրային կյանքում բռնության մշակույթի վերացման համար: Համարում ենք, որ տեղի ունեցածի գլխավոր պատասխանատուն խորհդարանական մեծամասնությունն է, որը հանրությունից ստացել է  և ունի օրինական  և բավարար լիազորություն՝ բռնության  մշակույթը վերացնելու համար:  

 

Հայաստանում մեկընդմիշտ պիտի վերջ դրվի բռնությամբ հարցեր լուծելու արատավոր պրակտիկային, խստագույն պատասխանատվություն պետք է սահմանվի անգամ ամենասուր քննադատությանը բռնությամբ պատասխանելու  և խուլիգանական արձագանքների համար:

 

Ազատ և արդար ընտրությունների արդյունքում ընտրված Ազգային ժողովի յուրաքանչյուր պատգամավոր իր ամենօրյա վարքով, պահվածքով, խոսքով պետք է ապացուցի, որ արժանի է ներկայացնելու զանգվածային, բացառիկ ոչ բռնի քաղաքացիական անհնազանդության բողոքի ցույցերի միջոցով թավշյա հեղափոխություն իրականացրած, ցանկացած խնդիր առանց բռնության լուծելու կարողություն ցուցաբերած ՀՀ քաղաքացիներին:

 

Առաջարկում ենք, վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված, հրատապ ձևավորել էթիկայի հանձնաժողով՝ հրատապ քննության ենթարկելու տեղի ունեցածը, ինչպես նաև ձևավորել անհրաժեշտ իրավական հիմքեր՝ այս հանձնաժողովի գործունեությունը մշտական հիմունքներով կազմակերպելու համար: 

 

Պահանջում ենք նաև  խորհրդարանական  և խմբակցությունների մակարդակում պատշաճ գնահատական տալ տեղի ունեցածին, պատասխանատվության ենթարկել մեղավորներին, ընդհուպ մինչև որոշ պատգամավորների կողմից պատգամավորական մանդատը վայր դնելու հարցի քննարկումը: 

 

Հայաստանի Հանրապետությունում արտոնյալներ չպետք է լինեն: 

 

Պետության բարձրագույն քաղաքական մարմնի՝ Ազգային ժողովի ամբիոնից կամ դահլիճում, ինչպես նաև քաղաքական գործիչների բառապաշարից իսպառ պետք է բացառել «բութ», «սրիկա», «քաղաքական տրյապկա», «վիզդ կկտրեմ», «անբարոյականի վաստակ», «դուրսպրծուկ», «հոգնած», «շնաբարո», «բաշիբոզուկ», «հոգեկան հիվանդ» «կցխեմ» կամ այլ անձնական վիրավորանք և սպառնալիք պարունակող նման բառեր կամ արտահայտություններ որևէ մեկի հասցեին ուղղակի կամ անուղղակի օգտագործելն ու ակնարկելը, դահլիճում ձեռնամարտ խթանելը, խրախուսելն ու իրականացնելը,  պիտակավորումները, անվանարկությունները, գռեհկաբանությունը, պոռոտախոսությունը և բռնությունը

 

Պետության թիվ մեկ քաղաքական ամբիոնը պետք է հանդիսանա բացառապես քաղաքակիրթ քաղաքական և գաղափարական բանավեճի օրինակ:

 

ՀՀ քաղաքացիների բացառիկ վստահության քվեն ստացած Խորհրդարանից և հատկապես խորհրդարանական մեծամասնությունից պահանջում ենք պատասխանատու լինել ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունների մասով, չդառնալ պետությունը զավթած և թավշյա հեղափոխությամբ պետության կառավարումից հեռացված ուժերի ցինիկ ոճի և սնանկ բովանդակության կրողը և բոլոր ջանքերը ներդնել Հայաստանի քաղաքակիրթ, ժողովրդավարական, իրավական պետության ձևավորման համար անհրաժեշտ համակարգային  խնդիրների լուծման համար:

 

Հայտարարությունը բաց է միանալու համար։

 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Հանրային լրագրության ակումբ
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Արտակ Քյուրումյան, փորձագետ
Կարեն Թումանյան, փաստաբան
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Ուղղակի ժողովրդավարություն ՀԿ
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
«Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացնման ՀԿ
Կանանց իրավունքների տուն
Հասարակություն Առանց Բռնության ՀԿ
Իրավունքի ուժ հասարակական կազմակերպություն
«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն»
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
Գյումրու առաջընթաց ՔՀԶ
ԱՆԻ Կենտրոն
«Տաթևիկ» ՀԿ
“ԱԼՏ” հեռուստաընկերություն
Լոգոս իրավապաշտպան ՀԿ
Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ
«Ազդեցիկ քաղաքացի» ՀԿ
Կանանց Ռեսուրսային Կենտրոն
Նիկոլ Մարգարյան
Լուսինե Քարամյան
Սամվել Գրիգորյան
«Սոսե Կանանց Հիմնահարցեր» ՀԿ
«Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ
«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ
Փինք իրավապաշտպան ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ
«Արևամանուկ» հոգեբանասոցիալական աջակցության հիմնադրամ
Մարդու իրավունքների տուն Երևան
Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության ՀԿ
«Վելես» իրավապաշտպան ՀԿ
Արտակ Առաքելյան, ակտիվիստ

Դիտումներ՝ 800

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????