Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

ՀՀ ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ  

Վերջին շաբաթներին Հայաստանի ներքաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձություններն ու իշխանությունների արձագանքները դրանց խիստ մտահոգիչ են՝ իրավական պետության և արդարադատության սկզբունքների, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, ու նրանց հանդեպ հանրային վստահության  տեսանկյունից։ Այս ամենը տեղի է ունենում պետության և նրա քաղաքացիների անվտանգության դեմ արտաքին սպառնալիքների, հիբրիդային պատերազմին բնորոշ գործիքների լայնածավալ կիրառման պատկերում։ Նման պայմաններում որպես քաղաքացիական հասարակության կազմակերպություն անհրաժեշտ ենք համարում հանրային բոլոր դերակատարներին, առաջին հերթին իշխանություններին, ինչպես նաև քաղաքական ու քաղաքացիական ուժերին, հոգևոր կառույցներին և քաղաքացիներին ցուցաբերել զսպվածություն և պետական բարձր գիտակցությամբ պատասխանատու գործելակերպ ու վարքագիծ։   

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կոչ է անում հետևել հանրային խոսքի քաղաքակիրթ մշակույթին, բացառել ատելության հռետորաբանությունը, պիտակավորումը, խտրական և պառակտիչ բառապաշարը։ Ոչ մի ուժ՝ լինի դա քաղաքական, հոգևոր, թե քաղաքացիական, իրավունք չունի ձևավորել թշնամանքի մթնոլորտ, որն իր էությամբ հակընդդեմ է ժողովրդավարության կարևոր արժեքներից մեկին՝ բազմակարծությանը, հակադիր կարծիք ունենալու ու արտահայտելու իրավունքին և հարգանքին՝ այդ իրավունքի հանդեպ։ Առանց ժողովրդավարության այս սկզբունքի երաշխավորման անհնար է նաև հասարակական համերաշխության մթնոլորտի երաշխավորումն ու զարգացումը։   

Զենքի սպառնալիքը կամ գործադրումը չի կարող և չպետք է համարվի ներքաղաքական գործիք։   

Սահմանադրական կարգի դեմ ուղղված ցանկացած բռնության կոչ կամ փորձ, իշխանության բռնի զավթմանն ուղղված ցանկացած կոչ կամ գործողություն դատապարտելի են։ Միևնույն ժամանակ դրանց հիման վրա ցանկացած քննություն պետք է իրականացվի վստահելի, անաչառ և օբյեկտիվ քննության իրականացման անվերապահ սկզբունքի հիման վրա։ Նման գործողությունների հիմքով հարուցված յուրաքանչյուր քրեական գործ պետք է քննվի բացառապես իրավական դաշտում՝ անաչառ, փաստահեն՝ զերծ մնալով որևէ նեղկուսակցական շահերով քաղաքական ազդեցությունից։ Քրեական հետապնդումները չպետք է կրեն ընտրողական բնույթ կամ դառնան քաղաքական մրցակցությունը չեզոքացնելու միջոց։ Արդարադատության համակարգը պետք է առաջնորդվի իրավունքի սկզբունքի գերակայությամբ՝ անկախ մեղադրվողի դիրքից․ իշխանական, ընդդիմական կամ հոգևորական լինելուց։ 

Տարիներ շարունակ խաթարված աշխարհիկ պետության սկզբունքի վերականգնման նպատակին հասնելու  իշխանությունների գործողությունները պետք է լինեն իրավաչափ և զերծ ուժի չարդարացված, անհամաչափ կիրառությունից։  Բարձրաստիճան հոգևորականների ձերբակալման և կալանավորման նպատակով  իրավապահ մարմինների՝ ազգային անվտանգության, ոստիկանության մեծաքանակ ուժերի ներգրավմամբ իրականացրած գործողությունները ուղեկցվել են ուժի ակնհայտ անհամաչափ և ցուցադրական օգտագործմամբ, ինչը ստեղծում է հրապարակային պատժիչ գործողության տպավորություն։ Նման մոտեցումը հակասում է ժողովրդավարական և իրավական պետության սկզբունքներին և խորացնում է հանրային բևեռացումը։ 

Պետք է բոլոր գործողություններում պահպանվեն եկեղեցու և պետության տարանջատվածության սկզբունքը։ Պետական մարմինները չպետք է միջամտեն եկեղեցական ինքնավարությանը։  Եկեղեցին կամ հոգևորականը չպետք է մասնակցի քաղաքական գործընթացներին կամ հանդես գա որպես որևէ քաղաքական ուժի աջակից կամ հակառակորդ։ Բարձրաստիճան հոգևորականների քաղաքական գործընթացներին մասնակցելու  կամ որևէ կուսակցության, քաղաքական ուժի աջակից հանդես գալու որոշումը պետք է ստանա հստակ գնահատական առաջին հերթին եկեղեցու կողմից՝ աշխարհիկ պետության և եկեղեցու տարաջատվածության սկզբունքի հիման վրա։ Միայն այս սկզբունքների պահպանմամբ հնարավոր կլինի պահպանել և՛ պետականության, և՛ հոգևոր կառույցների հեղինակությունը։ 

Իշխանությունների կողմից Հայաստանի էլեկտրական ցանցերի ազգայնացման հարցը օրակարգում առաջադրվել է ռուսական օլիգարխ Սամվել Կարապետյանի կողմից Հայաստանի Հանրապետության ներքաղաքական իրադարձություններին վերաբերող հրապարակային ելույթներից հետո։ ՀԷՑ-ի գործունեության վերաբերյալ հանրային և հրապարակավ դժգոհություններն արտահայտվել են տարիներ շարունակ՝ կապված թե՛ մատակարարումների, թե՛ կոռուպցիոն դրսևորումների հետ։ Նմանապես հանրային դժգոհություններ արտահայտվել են նաև ջրամատակարարման վերաբերյալ, սակայն ջրամատակարարման ծառայության ազգայնացման հարց չի դրվել օրակարգում։ Այսպիսի ընտրողական մոտեցումը խոսում է ըստ քաղաքական նպատակահարմարության իշխանությունների գործելակերպի մասին։  Նշենք, որ իշխանություններն, ունենալով համապատասխան գործիքներ, չեն իրականացրել պատշաճ վերահսկողություն և հանրային շահի սպասարկման նպատակով չեն ապահովել ծառայությունների որակի բարելավման և արդիականացման նկատմամբ անհրաժեշտ վերահսկողություն, որը պետք է լինի համակարգային մոտեցում, ոչ թե պահի թելադրանքով գործողություն։  

ՀՀ անվտանգության ներքին և արտաքին մարտահրավերները, սպառնալիքները և դրանց կանխարգելումը պահանջում են ՀՀ իշխանություններից գործել ո՛չ թե հախուռն, հատվածային արձագանքմամբ, ա՛յլ իրավունքի գերակայության և օրենքի առջև բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքների խստիվ պահպանմամբ համակարգային մոտեցումներով։  

Մինչև Թավշյա հեղափոխությունը պետության զավթման նպատակով ստեղծված ինստիտուտներով և մեթոդներով «նախկինների» դեմ պայքարը հանդիսանում է «նախկինների լեգիտիմացում» և ներկա իշխանությունների «նախկինացում» ։   

Սույն հայտարարությամբ մենք վերահաստատում ենք մեր հավատը իրավունքի, արդարության և մարդու արժանապատվության գերակայության նկատմամբ, և պահանջում ենք․ 

ՀՀ գործադիր իշխանությունից, օրենսդիր իշխանության բոլոր ներկայացուցիչներից․  

  • Բացառել ոչ քաղաքակիրթ բառապաշարի գործածումը հանրային խոսույթում, որի օրինակը պետք է ցույց տա իշխանությունը, իսկ արդեն իսկ կիրառված բառապաշարի համար պետք է ներողություն խնդրել հանրությունից։ 

ՀՀ իրավապահ մարմիններից․ 

  • Իշխանության բռնի զավթման կոչերի և նախապատրաստվող գործողությունների ու զինված հեղաշրջման կոչերի հիմքերով հարուցված քրեական գործերով իրականացնել արագ, արդյունավետ և խորքային քննություն՝ բացառելով քննության նյութերի արտահոսքը և նախաքննության փուլում արդարադատության հրապարակայնացումը։ Հանցագործության բոլոր հանգամանքների, մասնակիցների և դրդապատճառների լիարժեք բացահայտումը կարող է ապահովել ոչ միայն արդար դատավարության իրավունքի լիարժեք իրականացումը, այլև՝ հանրային վստահություն իրավապահ համակարգի նկատմամբ։ Միայն նման պայմաններում հնարավոր կլինի ամրապնդել ժողովրդավարական պետության անվտանգությունը՝ հիմնված մարդու հիմնարար իրավունքների երաշխավորման վրա։ 
  • Դադարացնել եկեղեցու՝ որպես միավորման, ներքին գործերի միջամտությունները, իսկ որևէ միջամտության դեպքում ներկայացնել դրա համար անհրաժեշտ հիմնավորումները ( Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի համաձայն «Հավաքների և միավորման ազատության իրավունքը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացառությամբ, եթե նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով»)։   
  • Իրավապահ մարմինների կողմից իրականացրած գործողությունների ընթացքում մարդու իրավունքների խախտման յուրաքանչյուր դեպքով իրականացնել քննություն և համարժեք պատասխանատվության ենթարկել խախտում կատարած իրավապահ մարմինների ծառայողներին։  

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ  

2025 թ. հուլիսի 2  

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր