2023 թվականի ապրիլի 5-ին՝ կեսգիշերին մոտ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության երկու ծառայողներ անհիմն վեճ են հրահրել քաղաքացի Ժ․Գ․-ի հետ, առանց որևէ հիմնավորման հարկադրաբար նստեցրել են ծառայողական մեքենան և սկսել վերջինիս նկատմամբ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել ու ծեծել։
Տուժող Ժ․ Գ․-ի լիազոր ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Սամսոն Գալստյանը բողոք է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, վիճարկելով ՀՀ գլխավոր դատախազության կողմից կայացված երկու որոշումները, որոնցով դատախազությունը հրաժարվել էր հարուցել հանրային քրեական հետապնդում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ։
Իրականացված քննությունը եղել է թերի, մակերեսային, չի ապահովվել տուժողի սահմանադրական իրավունքների լիարժեք իրացումը, չեն իրականացվել բավարար քննիչ գործողություններ՝ ապացույցներ ձեռք բերելու և հանգամանքները լիարժեք պարզելու համար։ Մասնավորապես չեն ուսումնասիրվել ոստիկանության աշխատակիցների գործողությունները, տեսագրությունները ամբողջությամբ չեն վերլուծվել, իսկ որոշ փաստաթղթեր նույնիսկ կորել են։ Դատախազը, չունենալով ապացույցների բավարար համակցություն, կայացրել է չհիմնավորված որոշում՝ անտեսելով քրեական դատավարության օրենսգրքի պահանջները, Վճռաբեկ դատարանի նախադեպերը և մարդու իրավունքների միջազգային ստանդարտները:
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանից Ս․ Գալստյանը պահանջել է վերացնել կայացված դատախազական որոշումները և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնել շարունակել քննությունը՝ վերականգնելու տուժողի խախտված իրավունքները և պարզելու գործի էական հանգամանքները: Հունիսի 2-ին Դատարանը բավարարել է ներկայացված բողոքը։