Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Եթե դա չարվեց, ունենալու ենք խայտառակ վիճակ․ քննարկում «Առաջինում»

Խորհրդարանի արտահերթ ընտրությանն ընդառաջ Հայաստանում շարունակում է կրքեր բորբոքել ռեյտինգային ընտրակարգի պահպանումը, թեև թվում է, որ այդ մասին քննարկումներն այլևս պետք է ուղարկել անցյալ և քաղաքական գործընթացները դիտարկել իրողությունները ճանաչելով: Անշուշտ ընտրությունների քաղաքական բովանդակության հարցը մնում է, սակայն արդյո՞ք դրա լուծումը ռեյտինգային ընտրակարգի փոփոխությունն էր: Խոսքն ամենևին չփոխելու մասին չէ. եթե փոխվեր, իհարկե կլիներ ավելի լավ, սակայն տվյալ պարագայում բուն խնդիրը քաղաքական բովանդակության ապահովումն է առկա իրողությունների պայմաններում: Եվ այս տեսանկյունից ո՞վ է կուսակցություններին խանգարում անել դա առանց, այսպես ասած, մաքուր համամասնականի: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»– ի հետ քննարկմանը մասնակցեցին փաստաբան Նորայր Նորիկյանը, լրագրող Կարպիս Փաշոյանը և իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

«Այս պահին հնարավոր է միայն կանխատեսել, որ դեկտեմբերի 9-ի ընտրություններին հաղթող ուժը լինելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Թե մյուս քաղաքական ուժերն ինչ դասավորվածություն կունենան ապագա խորհրդարանում, դեռևս անկանխատեսելի է»,- նշեց Ն. Նորիկյանը: Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերը պատրաստ չեն ընտրությունների:

Անդրադառնալով դիտարկմանը, որ այսօր խորհրդարանում գտնվող ուժերը, թերևս ավելի պատրաստ են, փաստաբանը նշեց. «Ինձ համար անհասկանալի կլինի, որ այն քաղաքական ուժը, որը մի քանի ամիս առաջ հեռացվել է իշխանությունից, նորից հայտնվի խորհրդարանում: Սա կլինի հայ հասարակության քաղաքական իրողությունների աբսուրդներից մեկը: Դեկտեմբերի 9-ին հանրությունը կհայտնի այնպիսի կամք, որը վերջ կտա այս ծայրահեղությանը»:

Կ. Փաշոյանի կարծիքով նույնպես առաջիկա խորհրդարանական ընտրություններին հաղթող ուժը կլինի ՔՊ-ն: Նրա դիտարկմամբ՝ մյուս քաղաքական ուժերի համար ճգնաժամային իրավիճակ առաջացրեց ԸՕ փոփոխությունների տապալումը: Գործող Ընտրական օրենսգիրքը ՔՊ-ի համար ևս որոշ չափով ճգնաժամ առաջացրեց՝ կապված ռեյտինգային ընտրակարգի հետ: Լրագրողի կարծիքով՝ առաջիկա ընտրությունները լինելու են ապագաղափարական:
«Վարչապետը հրաժարվելու է սուպերվարչապետական համակարգից, իսկ խորհրդարանը դադարելու է խրտվիլակ խորհրդարան լինելուց»,- ընդգծեց Փաշոյանը:

Ա. Սաքունցի խոսքով՝ քաղաքացիական հասարակության խնդիրն է ոչ թե չարածների վրա օրակարգ ձևավորել, այլ իր օրակարգն առաջ քաշել: Իրավապաշտպանի կարծիքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է սահմանադարական փոփոխություններ իրականացնել:

Մանրամասն՝ տեսանյութում:

1in.am

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ