Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Խոշտանգումների քննության լիազորությունը ՀՔԾ-ից Քննչական կոմիտեին փոխանցելը կարող է բացասաբար անդրադառնալ քննության արդյունավետության վրա

Անդրադառնալով  կառավարության հակակոռուպցիոն ծրագրի նախագծով նախատեսվող  փոփոխությանը՝ խոշտանգումների քննության գործառույթը ՀՔԾ-ից Քննչական կոմիտեին փոխանցելու շուրջ, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի Արդարադատության խումբը  ներկայացրել է իր դիրքորոշումը՝ մատնանշելով այդ փոփոխության կյանքի կոչման դեպքում հնարավոր ռիսկերն ու մտահոգությունները։

Կառավարության հակակոռուպցիոն ծրագրի նախագծով նախատեսվում է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ)՝ խոշտանգումների քննության գործառույթը փոխանցել Քննչական կոմիտեին, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ խոշտանգումների դեպքերի քննության արդյունավետության վրա։

Մասնավորապես, Կառավարության Հակակոռուպցիոն ռազմավարությամբ և դրա իրականացման 2019-2022թթ․ միջոցառումների ծրագրի նախագծով նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն մասնագիտացված մարմին՝ «Հակակոռուպցիոն կոմիտե»։ Այս ուղղությամբ ՀՔԾ կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության հաստիքները և գործիքակազմը կտրամադրվեն Հակակոռուպցիոն կոմիտեին, իսկ Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության գործառույթները՝ Քննչական կոմիտեին (կատարման ժամկետ՝ 2020թ․)։

Առաջարկվող փոփոխությունները նախատեսվում են «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» նախագծով, և գուցե կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից դրանք արդյունավետ համարվեն, այնուամենայնիվ, որևէ կերպ հավասարակշռված չեն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, այդ թվում՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի պաշտպանության պետության պարտավորությամբ: Տվյալ փոփոխությամբ Կառավարությունը ոչ թե միջոցներ է ձեռնարկում մեծացնելու մարդու իրավունքների պաշտպանության և մասնավորապես խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի պաշտպանության արդյունավետությունը, այլև փաստացի ինստիտուցիոնալ առումով ավելի է նվազեցնում այն:

Մասնավորապես, ՀՔԾ-ն ստեղծվել է քննելու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական գործառույթների իրականացման ժամանակ դրսևորվող չարաշահումների և խախտումների գործերը և հիմնական նպատակն է անկախ, անաչառ և օբյեկտիվ քննության ապահովումը: Այսպես, ՀՔԾ մասին օրենքով նախատեսվում է, որ ՀՔԾ-ն ինքնուրույն պետական մարմին է և լիազորություններն իրականացնելիս անկախ է, ենթարկվում է միայն օրենքին։ ՀՔԾ-ն իրականացնում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց, այդ թվում՝ քննչական կոմիտեի ծառայողների իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն:

Չնայած ՀՔԾ-ին տրված լիազորություններին՝ միջազգային կազմակերպությունները և քաղաքացիական հասարակությունը բազմիցս նշել են, որ առկա կառուցվածքային խնդիրները, և մասնավորապես՝ օպերատիվ գործողություններ իրականացնելու լիազորությունների բացակայությունը և ռեսուրսների անբավարարությունը խիստ նվազեցնում է ՀՔԾ-ի գործունեության արդյունավետությունը: Մշտապես նշվել, որ անհրաժեշտ է ապահովել ՀՔԾ ինստիտուցիոնալ անկախությունը՝ ավելացնելով օպերատիվ գործողությունների համար անհրաժեշտ ռեսուրսները՝ վերացնելով տեղական ոստիկանության աշխատակիցների մասնակցությունը խոշտանգումների վերաբերյալ հայտարարությունների քննության գործում:

Խոշտանգումների քննությունը Քննչական կոմիտեին փոխանցելը մեծացնում է ռիսկերը խոշտանգումների դեպքերով արդյունավետ քննություն իրականցնելու տեսանկյունից։ Չնայած Քննչական կոմիտեի առանձին կառույց լինելուն՝ քննիչներն ամենօրյա աշխատանքում պարբերաբար շփվում և աշխատում են տվյալ տարածքի ոստիկանների հետ։ Տվյալ հանգամանքը քննիչներին կարող է կաշկանդել աշխատանքի մեջ։ Ավելին՝ խոշտանգումների, վատ վերաբերմունքի փաստերի, ահազանգերի հիման վրա հանցագործությունների բացահայտման ուղղությամբ Քննչական կոմիտեն օպերատիվ հետախուզական գործողությունների կատարման վերաբերյալ դատարանի թույլտվությունը ստանալուց հետո այն, ինչպես ներկայումս է կատարվում,  կհնաձնարարի ոստիկանությանը։ Բնական է, որ ոստիկանության բաժիններում խոշտանգումների, վատ վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ փաստական հանգամանքների, ապացույցների ձեռք բերման ուղղությամբ օպերատիվ հետախուզական գործողություններն ինչպես ներկայումս են անարդյունավետ, ավելի ևս կդառնան անարդյունավետ, կմեծանա օպերատիվ հետախուզական գործողությունների իրականացման օբյեկտիվության նկատմամբ կասկածները գերատեսչական շահերի առկայության պատճառով:

Մինչդեռ, քննությունն իրականացնող պաշտոնյաները չեն կարող լինել այն մարմնի աշխատակիցները, որի ներկայացուցիչները ենթադրաբար կատարել են քննվող հանցագործությունը։ Անկախությունը քննության արդյունավետության կարևոր հենասյուն է, և անհրաժեշտ է քննության նկատմամբ հանրության և զոհերի/տուժողների վստահության ապահովման համար։ Համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի՝ անկախության պահանջը պետք է տարածվի ցանկացած պաշտոնատար անձի նկատմամբ, ով որևէ կերպ որոշում է կայացում քննության ընթացքում։ Նմանատիպ պահանջ է ներկայացնում նաև Ստամբուլյան արձանագրությունը (Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասով արդյունավետ քննության իրականացման և փաստաթղթավորման մասին)՝ 85-րդ կետով նախատեսված հատուկ հանձնաժողովների ստեղծման մասով։

Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի ամփոփած չափանիշներով անհրաժեշտ է, որպեսզի բացառվի շահերի բախումը խոշտանգման գործերի քննության ժամանակ, այն է՝ քննություն կատարող անձինք չլինեն այն մարմնից, որի աշխատակիցները ենթադրաբար կատարել են խոշտանգում։ Լավագույն տարբերակն այն է, որ խոշտանգումների քննությամբ զբաղվի որևէ անկախ ծառայություն։ Առաջարկվող մեխանիզմը պետք է լինի անկախ ինստիտուցիոնալ, անձնային և պրակտիկ մակարդակներում, որի մանդատը չի համընկնի դատախազության հետ։ Տվյալ անկախ մարմնի ղեկավարը պետք է ընտրվի խորհրդարանի կողմից և հաշվետու լինի օրենսդրին։

Ինչ վերաբերում է քննության օրինականության վերահսկմանը, ապա ՀՔԾ-ի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ոչ թե պարզապես տարածքի դատախազը, այլև գլխավոր դատախազությունը, ինչն էապես բարձրացնում է ՀՔԾ-ի կողմից իրականացվող քննության հաշվետվողականությունը։

Այսպիսով, Խոշտանգումների քննության գործառույթը Քննչական կոմիտեին փոխանցելը կառաջացնի առերևույթ շահերի բախում և կխաթարի խոշտանգումների քննության ինստիտուցիոնալ անկախությունը, և հետևաբար՝ քննության արդյունավետությունը։ Ուստի, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեպքերով քննությունը պետք է իրականացնի ՀՔԾ-ն։

Ավելին՝ խոշտանգումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ քաղաքացիական հասարակության կողմից մշտապես առաջարկել է մեծացնել ՀՔԾ-ի դերը, հզորացնել վերջինիս անկախության երաշխիքները։

Մասնավորապես՝

  • Ստեղծել ՀՔԾ-ի կազմում առանձին ստորաբաժանում օպերատիվ հետախուզական գործողություններ կատարելու համար,
  • Ապահովել ՀՔԾ-ի պետի ընտրությունը ՀՀ ազգային ժողովի պատգամավորների մեծամասնության կողմից։ Ընդ որում՝ ՀՔԾ-ի պետի թեկնածու կարող է առաջադրել մասնագիտացված Խորհուրդը, որը կզբաղվի ՀՔԾ քննիչների թեկնածուների, առաջադրման  առաջխաղացման ցուցակի կազմամբ,
  • Ամրագրել ՀՔԾ-ի հաշվետվողականությունը Ազգային Ժողովին՝ տարեկան զեկույցներով, արված քայլերի և առաջացած խնդիրների վերաբերյալ։ ՀՔԾ-ն որևէ ուղղակի կամ անուղղակի ենթակայություն չպետք է ունենա կառավարությանը,
  • Ապահովել խոշտանգումներից տուժած անձանց ուղիղ և անմիջական հասանելիությունը ՀՔԾ-ին։

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի Արդարադատության խումբ

The Justice Council of the Open Society Foundations – Armenia presented its opinion related to transferring of the Special Investigation Service function of investigating the torture cases to the Investigative Committee, pointing out the possible risks and concerns of making the relevant changes prescribed by the draft anti-corruption program of the Government.

According to the opinion of the Group, transfering the function of torture examination to the Investigative Committee will create a conflict of interest and will damage the institutional independence of the torture examination and the effeciency. Therefore, the investigation of the torture and other inhumane or ill treatment cases shall be investigated by the Special Investigation Service.

Moreover, in order to raise the effeciency of the fight against torture it is proposed by the civil society organizations to extend the role of the CSOs and strenghthen the independence guarantee. Particularly,

  • Establish a seperate department within the Special Investigation Service to carry out opertive investigative activities,
  • Ensure the election of the President of the Special Investigation Service by the majority of the Members of the RA Parliament. Moreover, the specialised Council can propose the candidate for the position of the President of the Special Investigation Service, which will be involved in creation and promotion of the list of Special Investigtion Service investigator candidates,
  • Record the accountability of the Special Investigation Service through the presentation of annual reports on the activities and the reaised questions to the National Assembly. The Special Investigation Service shall refrain from the direct or indirect supervision of the Government over its activities.
  • Ensure the direct and immediate access of the torture victims to the Special Investigation Service.

[:]

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր