Հայաստանի Հանրապետությունում գործող պետական և մասնավոր կազմակերպություններում աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանվածության ներկայիս վիճակը տեղիք է տալիս լուրջ մտահոգությունների` կապված ՀՀ-ի կողմից միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման հետ։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման արդյունավետությունը գնահատելու համար դիմել է Տեսչական մարմնի ղեկավարին և պատասխան ստացել այն մասին, որ 2017-2019 թվականների ընթացքում գործատուները տեսչական մարմնին են տրամադրել 27 դժբախտ դեպքի ծառայողական քննության նյութեր, իսկ այլ աղբյուրներից ստացած տեղեկատվության հիման հարուցված վարչական վարույթների արդյունքում ևս 31-ն են ներկայացվել։
Տեսչական մարմնի ղեկավարը ընդգծել է, որ գործող իրավակարգավորումները դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության ստացումը չեն ապահովում։ Բազմաթիվ դեպքեր շարունակում են մնալ չբացահայտված, իսկ դրանք առաջացնող խնդիրները՝ չլուծված։
Տեսչական մարմնի գրանցած խախտումների թիվը տալիս է իրադրության իրական գնահատականն այն մասին, որ ներկայիս օրենսդրական կարգավորումներն այդպես էլ չեն նախատեսում աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն։
Վերոնշյալի հիման վրա անհրաժեշտ է՝
- գործող Տեսչական մարմնի լիազորությունները համապատասխանեցնել ՀՀ-ի կողմից վավարեցրած ԱՄԿ կոնվենցիաների և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի պահանջներին,
- անվտանգ և առողջության համար անվնաս աշխատատեղերի ստեղծման պայմաններում Տեսչական մարմնին պետք է լիազորել բավարար գործիքակազմով, այդ թվում նաև՝ իրավական լծակներով, այս ոլորտում ռիսկերի գնահատման և դրանց բնույթին համապատասխան կանխարգելիչ միջոցառումների իրականացման նպատակով,
- ստեղծել իրավական մեխանիզմներ՝ աշխատավայրում առաջացած դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների մասին գործատուների կողմից Տեսչական մարմնին՝ տեղեկատվության պատշաճ տրամադրման ապահովման և դրա ընթացքի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը անդրադարձել է Տեսչական մարմնի սահմանափակ լիազորություններին և դրա հետևանքով աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական ոչ պատշաճ վերահսկողությանը, ներկայացրել առաջարկներ։
Փաստաթուղթն ամբողջությամբ հասանելի է ԱՅՍՏԵՂ