Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Սփյուռքին Հայաստանի իշխանության մեսիջը պետք է լինի իրավական շրջանակում մնալու ուղերձը». իրավապաշտպան

Արտերկրում, մասնավորապես Ռուսաստանում հայերի ու ադրբեջանցիների բախումների, ադրբեջանցիների կողմից հայերի վրա հարձակումների առթիվ ՀՀ իշխանության անելիքը, ըստ իրավապաշտպան Արթուր Սաքունցի՝ պետք է լինի տվյալ երկրների իշխանությունների և հայկական համայնքի հետ աշխատանքը:

 

«Իշխանությունը պետք է իր դիրքորոշումը ներկայացնի: Մի կողմից պետք է ասի՝ զերծ մնացեք պրովոկացիաներից, մյուս կողմից՝ բռնություն մի՛ գործադրեք, զերծ մնացեք նաև բռնարարքներից, դիմեք իրավապահներին: Հո չի կարող ասել՝ տվեք, ձեր վրա հարձակվողների գլուխները ջարդեք»,- NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը՝ հավելելով. «Հայաստանի իշխանության մեսիջը պետք է լինի իրավական շրջանակներում մնալու ուղերձը»:

 

Իրավապաշտանի խոսքով՝ եթե որևէ համայնքի ներկայացուցիչ հանցավոր գործողություն է կատարել, դա քրեորեն հետապնդելի արարք է, և պետք է տվյալ պետությունը կանխի այդ ամենը և հանդես գա իր քաղաքացիների պաշտպանությամբ: Իրավապաշտպանի կարծիքով՝ առաջիկայում իրավիճակը կհանդարտվի: 

 

Նշենք, որ ռուսական Թելեգրամ ալիքներից մեկը գրել է, թե ՌԴ անվտանգության ֆեդերալ ծառայությունը զգուշացրել է ադրբեջանական ու հայկական համայնքներին կոշտ միջոցների մասին, որոնք կարող են կիրառվել ուժայինների կողմից ազգամիջյան բախումների կրկնության դեպքում:

 

newarmenia.am

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ