Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

ԲՀՀ-Հայաստանի աշխատակիցների նկատմամբ Նարեկ Մալյանի հղած բռնության կոչերի հիմքով քրեական գործը դատարանում է

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գրասենյակի աշխատակիցների նկատմամբ Նարեկ Մալյանի հղած բռնության կոչերի հիմքով 2020 թ․ դեկտեմբերի 28-ին հարուցված քրեական գործը քննվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում։

Քրեական գործը հարուցվել էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հաղորդման հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226․2 հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 1-ին կետով (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից):

Հիմքում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գրասենյակի մոտ Նարեկ Մալյանի արած հետևյալ հայտարարությունն է․ «Էս գրասենյակի աշխատակիցների պատասխանատվությունը ընդամենը օրեր անց տեղի ա ունենալու և ամենախիստ ձևով, օրեր անց, ես դա ձեզ խոստանում եմ։ Ես ամբողջ կյանքս ու ամբողջ գործունեությունս նվիրելու եմ ձեր նման պիղծերին պատասխանատվության կանչելու, սատկացնելու, մա՛հ դավաճաններին»։ Այս հայտարարությունը Ն․ Մալյանն արել է մի խումբ անձանց հետ ԲՀՀ-Հայաստանի գրասենյակի մոտ կարմիր ներկ լցնելուց հետո։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վ․ Գրիգորյանի նախագահությամբ, գործը նշանակել է դատաքննության։

Նարեկ Մալյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Նույն քրեական գործի շրջանակում քննվում են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ իշխանության անդամների նկատմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, դիտավորությամբ հրապարակայնորեն բռնությունը՝ սպանությունը, արդարացնելու՝ Նարեկ Մալյանի և նրա աջակիցների գործողությունները։

Պատկերը վերցված է NEWS AM-ի տեսանյութից

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր