Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

ՀՔԱՎ-ը շարունակում է մշտադիտարկել ընդդեմ ՀՀ-ի կայացրած ՄԻԵԴ վճիռների կատարումը

2023 թվականի հոկտեմբերի 24-ին  ՀՔԱՎ գրասենյակը ներկայացրել է հաղորդում «Մուրադյանն ընդդեմ ՀՀ» գործով կայացված ՄԻԵԴ վճռի կատարման վերաբերյալ։ 

Դիտարկումները ներկայացվել են Վճիռների կատարման և բարեկամական կարգավորումների պայմանների վերահսկողության Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 9.2 կանոնով սահմանված կարգով։

Հաղորդումն արվել է Նախարարների կոմիտեի 1483 (Մարդու իրավունքներ) դեկտեմբերյան նստաշրջանին ընդառաջ և ի պատասխան  Մուրադյանն ընդդեմ ՀՀ  գործի վերաբերյալ Հայաստանի կողմից ներկայացված 2023 թվականի հոկտեմբերի 10–ի գործողությունների ծրագրին:

«Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում է 2002 թվականին դիմումատուի որդու, պարտադիր ժամկետային հայ զինծառայողի մահվան գործով արդյունավետ քննության բացակայությանը (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (Կոնվենցիա) 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտում), ինչպես նաև իշխանությունների կողմից նրա վնասվածքի և դրա հետևանքով առաջացած մահվան դեպքով արժանահավատ բացատրություն չտրամադրելուն (2-րդ հոդվածի նյութական խախտում)։

Ներկայացված հաղորդմամբ ՀՔԱՎ գրասենյակը անդրադարձել է ՀՀ զինված ուժերում կյանքի իրավունքի և վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի շարունակվող խախտումներին, մատնանշել է դրանց պատճառները, նպաստող պայմանները, ինչպես նաև առաջարկել է ՀՀ իշխանություններին և ԵԽ Նախարարների կոմիտեին ուշադրություն դարձնել, ի թիվս այլի, սպա-հոգեբանների ինստիտուտի կայացմանը և զարգացմանը, ինչպես նաև պաշտպանական ոլորտում ժողովրդավարական վերահսկողության ապահովման համար՝ ռազմական օմբուդսմենի գրասենյակի ներդրմանը։ 

ԵԽ Նախարարների կոմիտեն կումունիկացրել է 24․10․2023 թ․ ներկայացված հաղորդումը ՀՀ կառավարությանը։ Ներկայացված հաղորդմանը ՀՀ կառավարությունը 08․11․2023 թ․  արձագանքել է պատասխան դիրքորոշմամբ, որով դրսևորել է ոչ կառուցողական և ոչ համագործակցային վերաբերմունք՝ փորձ անելով ՀՔԱՎ գրասենյակին մեղադրել տվյալների մանիպուլյացիայի մեջ։  

16.11. 2023թ․ ՀՔԱՎ գրասենյակը ներկայացրել է «Մուրադյանն ընդդեմ ՀՀ» գործով  երկրորդ հաղորդումը՝ ի պատասխան 08․11․2023 թ․ ՀՀ կառավարության կողմից հրապարակված դիրքորոշման։ 

ՀՔԱՎ գրասենյակը վերստին ընգծել է սպա-հոգեբանի ինստիտուտի կայացման անհրաժեշտությունը, քանի որ զինված ուժերում ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով շարունակվում են արձանագրել մահվան դեպքեր։ 

Հիշնենք, որ «Մուրադյանն ընդդեմ ՀՀ» գործով կայացված ՄԻԵԴ վճռի կատարումը քննարկվելու է Նախարարների կոմիտեի 1483 (Մարդու իրավունքներ) դեկտեմբերյան նստաշրջանին` 2023 թ․ դեկտեմբերի 5-7 ընկած ժամանակահատվածում։ 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր