2023 թ․ ընթացքում ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա արձանագրվել է ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման 112 դեպք։ 2022 թ․ ընթացքում դեպքերի թիվը 199 էր։
2021 թ․ արձանագրվել է ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտման 159 դեպք, 2020 թ․՝ 192 դեպք, 2019 թ․՝ 90 դեպք, 2018 թ.՝ 181 դեպք, 2017 թ.՝ 107 դեպք, 2016 թ.` 338 դեպք, 2015 թ.՝ 304 դեպք:
2023 թ․ արձանագրվել է հավաքների ժամանակ կամ հավաքներին մասնակցելու հետևանքով ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտման 61 դեպք կամ դեպքերի 54․5 %-ը:
2023 թ․ ԶԼՄ-ներով արձանագրվել է անհատական բնույթի խախտման 51 դեպք կամ դեպքերի 45․5 %-ը:
Հատկանշական է, որ տոկոսային հարաբերակցությամբ, 2023 թ․ անհատական բնույթի խախտումներն ամենաբարձրն են 2020-2023 թթ․ ընթացքում, այն դեպքում, երբ 2020 թ․ հայտարարվեց ոստիկանության բարեփոխման մասին, ընդունվեց ռազմավարություն և գործողությունների ծրագիր։ Ընդ որում, նախորդ տարվա համեմատ, դեպքերի թիվն աճել է 36 %-ով:
Նշենք, որ եթե հավաքների ժամանակ ոստիկանության ծառայողների գործողությունները հնարավոր է նույնականացնել ԶԼՄ-ների լայն լուսաբանման շնորհիվ, ապա անհատական բնույթի խախտման դեպքերով լուսաբանումը գրեթե բացակայում է։ ԶԼՄ-ներով հրապարակվում են լայն հնչեղություն ստացած դեպքերը։
2023 թ․ առավել մեծ թվով խախտվել է անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը (65 դեպք կամ դեպքերի 58 %): Հավաքների ընթացքում անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը խախտվել է 44 դեպքում (72 %), անհատական բնույթի դեպքերում 21 դեպքում (41 %)։ Ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքը խախտվել է 57 դեպքում (ընդհանուր դեպքերի 51 %)։ Խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը խախտվել է 55 դեպքում (ընդհանուր դեպքերի 48.2 %): Նախորդ տարիներին նշյալ իրավունքների խախտման դեպքերի թվերը ներկայացված են ստորև
Տարեթիվ | Անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք | Ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունք | Խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք | |||
Դեպք | Տոկոս | Դեպք | Տոկոս | Դեպք | Տոկոս | |
2023 թ. | 65 | 58 | 57 | 51 | 55 | 48.2 |
2022 թ. | 146 | 73․7 | 124 | 62․6 | 155 | 78․3 |
2021 թ. | 85 | 53․5 | 68 | 42․8 | 83 | 52․2 |
2020 թ. | 111 | 57․8 | 84 | 43․8 | 101 | 52․6 |
2019 թ. | 44 | 48․8 | 41 | 45․5 | 29 | 32․2 |
2018 թ. | 76 | 42 | 84 | 46․4 | 81 | 44․8 |
2017 թ. | 16 | 15 | 62 | 49.1 | 17 | 44․8 |
2016 թ. | 157 | 46.4 | 141 | 41.7 | 121 | 35․8 |
2015 թ. | 70 | 23 | 37 | 12.2 | 96 | 31․6 |
Դեպքերի գերակշիռ մասը, ավանդաբար, գրանցվել է Երևանում (94 դեպք, ընդհանուր դեպքերի 84 %-ը)։
2023 թ․ Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտմանը հանգեցրած անհատական բնույթի դեպքերի ամփոփում
2023 թ. ԶԼՄ-ների հրապարակումներով արձանագրվել է ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտմանը հանգեցրած 51 անհատական բնույթի դեպք, ինչը կազմում է ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտումների ընդհանուր թվի 45․5 %-ը։ Մասնավորապես խախտվել են հետևյալ իրավունքները՝
- ֆիզիկական բռնությունից զերծ մնալու՝ 27 դեպք (կամ դեպքերի 53 %),
- անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու՝ 22 դեպք
- ազատության և անձնական անձեռնմխելիության՝ 21 դեպք,
- արդար դատաքննության՝ 7 դեպք,
- իրավաբանական օգնություն ստանալու՝ 6 դեպք,
- առողջության՝ 6 դեպք,
- խտրականությունից զերծ մնալու՝ 5 դեպք,
- սեփականության՝ 4 դեպք,
- խոսքի ազատության՝ 3 դեպք,
- մասնավոր կյանքի անձեռնմխելիության՝ 3 դեպք
- ազատ տեղաշարժվելու՝ 3 դեպք,
- կարծիքն ազատ արտահայտելու՝ 2 դեպք,
- լրագրողի` մասնագիտական օրինական գործունեություն իրականացնելու՝ 4 դեպք։
Անհատական բնույթի 51 դեպքերից 38-ը (74․5 %-ը) տեղի են ունեցել քաղաք Երևանում, 5-ը՝ Լոռու, 4-ը՝ Շիրակի, երկու դեպք՝ Կոտայքի և մեկական դեպք՝ Տավուշի և Սյունիքի մարզերում։
Հաշվետու ժամանակահատվածում գրանցված դեպքերը` ըստ խախտված իրավունքի առավել մանրամասն հասանելի են հետևյալ հղմամբ։
2023 թ. հավաքների ընթացքում կամ դրանց մասնակցելու հետեվանքով Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտմանը հանգեցրած դեպքերի ամփոփում
2023 թ․ հավաքների և բողոքի ցույցերի ընթացքում արձանագրվել է ոստիկանության գործողությունների հետևանքով մարդու իրավունքների խախտման 61 դեպք՝ ընդհանուր խախտումների թվի 54.5 %-ը։ Մասնավորապես խախտվել են հետևյալ իրավունքները՝
- խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու՝ 55 դեպք (90 %),
- անձի ազատության և անձնական անձեռնմխելիության՝ 44 դեպք (72 %),
- ֆիզիկական բռնությունից զերծ մնալու՝ 30 դեպք (49 %),
- առողջության՝ 6 դեպք (9․8 %),
Խախտվել են նաև իրավաբանական օգնություն ստանալու, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու, սեփականության, խոսքի ազատության և կարծիքն ազատորեն արտահայտելու իրավունքները։ 4 դեպքում խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը։
61 դեպքերից 56-ը (91.8 %-ը) գրանցվել են Երևանում, 3 դեպք՝ Լոռու, մեկական դեպք Արարատի և Շիրակի մարզերում։
Հաշվետու ժամանակահատվածում գրանցված դեպքերը` ըստ խախտված իրավունքի առավել մանրամասն հասանելի են հետևյալ հղմամբ:
Զեկույցն ամվողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ։