Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

ՀՔԱՎ-ի աջակցությամբ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երկու զորակոչիկ ստացել են տարկետում

ՀՔԱՎ գրասենյակը ինչպես նախորդ զորակոչերին, 2024 թ. ամառային զորակոչին ևս  կտրամադրի  անվճար իրավաբանական  խորհրդատվություն։

Նախորդ՝ 2023 թ. ձմեռային զորակոչին իրավունքների պաշտպանության համար  ՀՔԱՎ գրասենյակ է դիմել 31 անձ, որոնցից 28-ը՝ առողջական խնդիրների հարցով։ 

Երկու զորակոչիկի դեպքում ԿԲՀ-ն նրանց պիտանի է ճանաչել՝ հաշվի չառնելով զորակոչիկների մոտ առկա հոգեկան առողջության խնդիրները։

. 2023թ․-ի դեկտեմբերին ՀՔԱՎ գրասենյակ է դիմել Գ․Ն․-ն։ Վերջինս ճանաչվել էր պիտանի զինվորական ծառայության համար, չնայած այն հանգամանքին, որ ունի առողջական խնդիրներ, մասնավորապես՝ նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ։ Այդ  մասին Գ․Ն․-ն ներկայացրել է գանգատներ զորակոչային հանձնաժողովին, սակայն զորակոչի շրջանակներում չի ուղեգրվել որևէ բժշկական հետազոտության։ ՀՔԱՎ-ը դիմել է  ՀՀ Պաշտպանության նախարարություն  և ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն՝ 

  • զորակոչիկին առողջական վիճակի գանգատների հիման վրա համապատասխան բժշկական հետազոտության ուղեգրելու,
  • իրական առողջական վիճակը պարզելու և 
  • միայն պատշաճ հետազոտություններ անցկացնելուց հետո ԿԲՀ նիստին ներկայացնելու և 
  • պիտանիության մասին որոշում կայացնելու հարցով։ 

Ի պատասխան մեր գրության` ՊՆ-ից ստացել ենք պատասխան, որ Գ․Ն․-ն կրկին ներկայացվել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը, ինչի արդյունքում ճանաչվել է բուժման կարիք ունեցող և 10 ամսով տարկետում է ստացել։

. Մյուս զորակոչիկին ՝ Ա․Հ․-ին  երկու անգամ՝ 2021-ին և 2022-ին տրամադրվել է տարկետում 1 տարի ժամկետով։ Ա․Հ․-ի մոտ  ևս ախտորոշվել էին հոգեկան առողջության խնդիրներ։ 2023 թ. ձմեռային զորակոչի շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքում զորակոչիկի առողջական վիճակում և ախտորոշման մեջ փոփոխություններ չէր նկատվել, որոնք արձանագրվել էին նախորդ՝ 2021 և 2022 թթ. փորձաքննությունների ժամանակ, սակայն զորակոչիկը պիտանի էր ճանաչվել զինվորական ծառայության համար։ ՀՔԱՎ-ը այս դեպքով ևս դիմեց ՀՀ  Պաշտպանության նախարարություն և ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն։ Արդյունքում՝ Ա․Հ․-ին զինվորական ծառայությանը պիտանիության վերաբերյալ որոշումը վերանայվեց և նրան տրամադրվեց  տարկետում 3 տարի ժամկետով։ 

ՀՔԱՎ-ը շարունակում է տրամադրել ոչ միայն անվճար իրավաբանական աջակցություն զորակոչիկներին, զինվորական հաշվառման ենթակա և պահեստազորում հաշվառված անձանց, զինծառայողներին և նրանց հարազատներին, այլև գնահատում է 

  • զորակոչի կազմակերպման գործընթացը, 
  • զորակոչը կազմակերպող պետական մարմինների վարքագիծը,
  • օրեսնդրության կիրառման վիճակը, 
  • բացահայտում զորակոչի կարգավորման օրենսդրության թերությունները, և դրանց հիման վրա 
  • ներկայացնում է առաջարկություններ ՀՀ պաշտպանության նախարարությանը հետագա զորակոչերի կազմակերպման ընթացքում զորակոչիկների իրավունքների պաշտպանության ավելի արդյունավետ մեխանիզմներ  ձևավորելու նպատակով։ 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր